Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Սելիմի ճանապարհի բացումը լուսաբանելու արտոնություն են ունեցել միայն իշխանամետ թերթերը, որոնք էլ ներկայացնում են երկրի նախագահի պատասխանները մի քանի հարցերի: Ըստ «Հայաստանի Հանրապետություն» թերթի, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցին, Ռոբերտ Քոչարյանն ասել է. - «Մենք ակնկալում ենք նրանց այցը: Ինձ զեկուցեցին, որ Ադրբեջանը դեռեւս պատրաստ չէ ընդունել նրանց: Այցը հավանաբար կհետաձգվի մինչեւ նոյեմբերի վերջերը: Մենք չենք ակնկալում, որ հիմա որեւէ առաջարկ կլինի: Բայց, կարծում եմ, որ մյուս այցին որոշ առաջարկներ կունենան»:

«Հայոց աշխարհ»-ում մեջբերված է նախագահ Քոչարյանի կարծիքը կոալիցիայի մասին. - «Կցանկանայի, որ պոպուլիստական մասը մի քիչ ավելի փոքր լիներ, իսկ գործնական հատվածը՝ մի քիչ ավելի մեծ»: Նույն թերթի թղթակցի հարցին՝ «Իսկ ի՞նչ կասեք «քաղաքական» ճանապարհաշինության մասին: Նկատի ունեմ մասնավորապես այդ «ճանապարհների» վրա դիտարկվող ապակայունացման որոշ միտումները, քաղաքական պայքարը վերստին փողոցներ, հրապարակներ դուրս բերելու փորձերը», Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. - «Փորձում են խանգարել: Բայց առաջինը չեն եւ ոչ էլ՝ վերջինը: Եւ ես առաջին տարին չեմ քաղաքականության մեջ ու վերջին տարին չեմ: Այսպես ասենք՝ «... քարավանը շարունակում է իր ճանապարհը»: Ասացվածքի առաջին մասը չեմ ուզում նշել, կարծում եմ, ինքներդ գիտեք»:

«Նախագահ Քոչարյանը սիրում է ժողովրդական ասացվածքներ: Մանավարդ, եթե խոսքը ընդդիմության մասին է», - արձագանքում է «Առավոտ»-ը, որի խմբագրականը նվիրված է նախագահի «տերմինաբանությանը»: - «Փղի վրա հաչացող Մոսկայի մասին նա արդեն ասել էր իր պաշտոնավարման առաջին ժամկետում: Փիղը, ինչ խոսք, ինքն էր, Մոսկան՝ ընդդիմությունը... Նախագահն անցավ իր սիրած կերպարներին՝ ինքն իրեն համեմատելով մի ամբողջ քարավանի հետ, իսկ ընդդիմությանը՝ արդեն ծանոթ տնային կենդանու»: «Գուցե ընդդիմությունն արժանի է նման վերաբերմունքի», - շարունակում է «Առավոտ»-ը: - «1992-ից սկսած բոլոր տեսակի ընդդիմությունները նախագահի հրաժարական են պահանջում եւ իրենց նպատակին չեն հասնում: Հավանաբար ժամանակն է, որ ընդդիմությունը բացի հրաժարականից այլ պահանջներ ու սկզբունքներ ձեւակերպի: Բայց մյուս կողմից, երկրի առաջին դեմքը պետք է ավելի զուսպ լինի իր արտահայտությունների մեջ՝ զերծ մնալով կոպիտ վիրավորանքներից: Այսինքն՝ փորձի բարձրացնել, ոչ թե իջեցնել բանավեճի նշանաձողը: Իսկ գոնե մի պահ մտածի, որ իր ընդդիմախոսը ինչ-որ մի հարցում կարող է եւ իրավացի լինել: Իհարկե, ավելի հեշտ է ապրել այն գիտակցությամբ, որ դիմացինը պարզապես շուն է, որը հաչում է անտեղի: Դա նույնպես, երեւի, մենթալիտետի հարց է»:

Բարոյախրատական ոգով անդրադառնալով 99-ի հոկտեմբերի 27-ի չորրոդ տարելիցին, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը կշռադատում է. - «Չորս տարին բավական երկար ժամանակահատված է զգացմունքն ու զգոնությունը կշեռքի նժարներին դնելու եւ ենթագիտակցական ոլորտից գիտակցականին անցնելու համար: Երկիրն ու պետությունը, ժողովուրդն ու հասարակությունը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության յուրաքանչյուր տարելիցի պիտի ոչ թե քաղաքական թունաբաժնի նոր չափաքանակ ընդունեն, այլ քաղաքական գործիչների հասունության ու պետականամետության գիտակցումի ականատեսը լինեն»:

«Հոկտեմբերի 27. քաղաքական խաղերը ավարտվում են», - վերնագրված է «Գոլոս Արմենիի»-ում: - «2001 թվականի փետրվարի 15-ից սկսված եւ անվերջանալի թվացող դատավարությունը մոտենում է եզրագծին: Եվ լավ է, որ մոտենում է, քանի որ Հայաստանի արդարադատության համար աննախադեպ այս դատավարությունը առաջին իսկ օրից դարձավ քաղաքական շահարկումների ասպարեզ»: Թերթի պատկերմամբ՝ «ջուրը նետված քարի ալիքներն ու օղակները գնալով փոքրանում են, եւ «Հոկտեմբերի 27»-ի ազդեցությունը երկրի քաղաքական կյանքի վրա մոտ է զրոյականին»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում Հայկական հարցերի հաստատության տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը նշում է. - «Չզարմանաք, սակայն, կարծում եմ, որ «Հոկտեմբերի 27»ի ոճրագործության ժամանակ սպանված անհատները եթե հիմա էլ ողջ լինեին ու պաշտոնավարեին, ապա ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին քաղաքականության բնագավառներում այլ պատկեր չէինք ունենա։ Անցած չորս տարիներին ոչինչ էլ չի փոխվել այս իմաստով»։ «Մենք չունենք դը Գոլ, Հիտլեր, Մուսոլինի, Պինոչետ, այս մակարդակի ղեկավար, որի ողջ կյանքի նպատակը, էությունը, գործունեությունը լինի ազգի հավաքական շահի հետապնդումը», - շարունակում է Հովհաննիսյանը։ - «Սա նշանակում է, որ չունենք մեկը, ով կարող է էապես փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական կարգավիճակը։ Ուրեմն, անկախ նրանից, թե պետության ղեկի մոտ ինչպես է մեկը մյուսին փոխարինել, ամեն ինչ տեղի կունենար այնպես, ինչպես պետք է լիներ»։

«Ղարաբաղյան հիմնահարցը չի կարող լուծվել առանց խորհրդարանի համաձայնության», - «Առավոտ»-ում շեշտադրել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ արտահայտելով նաեւ հետեւյալ միտքը. - «Մենք պիտի հաշվի առնենք, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու Ռուսաստանում եւ դրանք արտացոլում կունենան նաեւ Ղարաբաղում»: Նույն թերթի հարցազրույցում Բաղդասարյանը ասում է, որ կոալիցիան փոխնախարարների պաշտոնների շուրջ կայացրել է «լիակատար քաղաքական պայմանավորվածություն». - «Արդեն պարզ է, որ փոխնախարարական 6 պորտֆել կստանա «Օրինաց երկիր»-ը, 5-ը՝ ՀՅԴ-ն եւ 9-ը՝ ՀՀԿ-ն»: Նշանակումների ուշացման մասին Արթուր Բաղդասարյանը ասում է. - «Նորմալ աշխատանքային գործընթաց է, պարզապես որոշ տեղերում կարիք կա կադրային տեղափոխությունների մինչ այն պահը, երբ կուսակցությունները կներկայացնեն իրենց կադրերին... Նշանակումները կլինեն եկող շաբաթվա ընթացքում»:

«Դատարանը կատարեց իր գործը, մի բան էլ ավելի», - «Այբ-Ֆե» թերթում գնահատում է «Հոկտեմբերի 27»-ի գործի մեղադրողներից Գագիկ Ավետիսյանը: Նույն թերթում Դեմիրճյանների շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանը հակադարձում է. - «Այս ամեն ինչը քաղաքական պատվեր էր: Նման արդյունքներով դատաքննություն մենք կարող էինք 7 ամսում ավարտել եւ, մինչեւ 6-րդ արձանագրության վավերացումը ամբաստանյալներին մահապատիժ տալ եւ կիրառել: Համարում եմ, որ սա պատվեր է դատավարությունը ավարտել մինչեւ Ղարաբաղյան բանակցությունները վերջացնելը... Իհարկե, մահապատիժ ենք պահանջելու, եւ իհարկե, դատարանը չի ընդունելու», - շեշտադրում է Աշոտ Սարգսյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG