Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Աջափնյակում նորից դանակահարում են», «Հաղթանակը զոհեր է պահանջում». «Աջափնայկում պատերազմը սկսվեց», «Առայժմ սկսվել են դանակահարություններ». այսպիսի վերնագրերով է այսօրվա մամուլը անդրադառնում Աջափնյակի թաղապետի ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Արման Սահակյանի ենթաշտաբի աշխատակցի դանակահարությանը: «Հայկական ժամանակ»-ի պատկերմամբ, պայքարող երկու կողմերը, ինչպես եւ 1999-ին, նույնն են. «Գլխավոր դատախազի տեղակալի հովանավորյալ թեկնածու, գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը՝ մի կողմից եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի զարմիկ ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ մյուս կողմից»:

«Հայկական ժամանակ»-ում մեջբերված են Գալուստ Սահակյանի խոսքերը. - «Ես համոզված եմ, որ դա Արծրուն Խաչատրյանի կողմնակիցների ձեռքի գործն է, եւ այստեղ երկու կարծիք լինել չի կարող»: «Իրենք են սովոր այդպիսի բաների: Իսկ այդ դեպքը կատարվել է ոչ թե շտաբում, այլ մի խորտկարանի մոտ, որտեղ եղել են սովորական քաղաքացիներ: Վիրավորները եղել են բնակիչներ, իսկ բնակչության մեծ մասը իմ կողմնակիցներն են», - «Իրավունք»-ի թղթակցին ասել է Արծրուն Խաչատրյանը: «Առավոտ»-ի մատուցմամբ, ոստիկանության ամփոփագրում հատուկ շեշտված է. - «Աջափնյակ համայնքի ղեկավարի թեկնածուներից որեւէ մեկի նախընտրական շտաբների վրա հարձակումներ չեն եղել»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Գալուստ Սահակյանը ոստիկանության լրատվության պաշտոնական մեկնաբանությունը «բլեֆ» է որակել. - «Պարզ է, թե այդ տեսակետը հրապարակելուց ինչ ուժեր են աշխատել, եւ դա ում պատվերն է»: Գալուստ Սահակյանը հերքում է նաեւ ոստիկանության պաշտոնական պատասխանը, թե ձերբակալվածներ չկան: «Ձերբակալվածներ կան: Պարզապես ակնհայտ է, որ փորձ է արվում գործը կոծկել»:

Արծրուն Խաչատրյանի շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում չի հերքում, որ տեղի ունեցածը կապված է առաջիկա ընտրությունների հետ: Սակայն այն կարծիքին է, որ դա ընդամենը կողմնորոշված քաղաքացիների բախում է եղել. - «Դեպքի մասնակիցները մարդիկ են եղել, որոնք կարող էին իրենց կարծիքն ունենալ թեկնածուներից երկուսի մասին էլ: Պետք չէ կատարվածին քաղաքական ենթատեքստ տալ: Եթե իրենք մտածում են, թե դա մենք ենք կազմակերպել, մենք էլ կարող ենք ասել, որ դա իրենց կողմից միտումնավոր հրահրված է եղել»:

«Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով, նոյեմբերի 2-ին կայանալիք Աջափնյակի թաղապետի ընտրությունները «մի յուրահատուկ փորձաքար է կոալիցիայի համար», եւ, ինչպես ցույց են տալիս նախընտրական զարգացումները, հենց Աջափնյակում կոալիցիան «ճաք տվեց». - «Կոալիցիա կազմող կուսակցություններից երկուսը պաշտպանելու են մի թեկնածուի, երրորդը՝ այլ»: ՀՀԿ-ն, ըստ թերթի, պաշտպանում է Արման Սահակյանի թեկնածությունը, իսկ Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը՝ գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին: «Կոալիցիան երկու մասի բաժանվելու մասին անիմաստ է խոսել, քանզի միասնական թեկնածուով հանդես գալու հարց կոալիցիայի առաջ չի դրվել», - «Իրավունք»-ին հայտնել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը: «Աջափնյակում ակնհայտորեն ուժի ցուցադրում է սկսվել. իշխանական մի թեւը դուրս է եկել իշխանական մեկ այլ թեւի դեմ», - ամփոփված է «Հայկական ժամանակ»-ում:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը «Իրավունք»-ում շեշտադրում է. - «Կոալիցիան շատ էլ ճիշտ է վարվում, երբ բաժանում է նաեւ պաշտոնները, քանի որ կոալիցիայի անդամները պետք է հավասարապես պատասխանատու լինեն հանրապետությունում վարող ե'ւ տնտեսական, ե'ւ արտաքին քաղաքականության համար»:

Անդրադառնալով կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանի խոսքերին, թե «փոխնախարարները գնալու են կառավարություն՝ բեռ կրելու», «Հայկական ժամանակ»-ը հեգնում է. - «Եթե մինչ այժմ թյուր կարծիքներ կային, թե փոխնախարարական պաշտոնների համար արդեն մի քանի ամիս ընթացող «կենաց-մահու» կռիվը մարդիկ տալիս են ազդեցության լծակներ ձեռք բերելու, փող աշխատելու, շրջապատ ստեղծելու եւ այլ նպատակներով, ապա պարզվեց, մարդիկ ուզում են ընդամենը բեռ կրել: Որքա՜ն շատ են մեզանում բեռնակիր դառնալու ցանկություն ունեցողները: Հատկապես ուշագրավ է, որ բեռնակիր դառնալու՝ մարդկանց ցանկությունների իրականացման համար ամբողջական կուսակցություններ են պայքարում»:

Արձագանքելով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի համագործակցության առաջարկին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Իհարկե, պատրաստ ենք համագործակցության, բայց ոչ կոալիցիայի հաշվին: Կոալիցիայում միայն 3 կուսակցությունները չեն՝ կոալիցիայի 4-րդ կողմը հանրապետության նախագահն է: Կոալիցիայի մեջ մտնում է նաեւ պաշտպանության նախարարը»:

«Ռուսական էներգետիկների վերջին շրջանի գործունեությունը կարելի է ամբողջությամբ դուրս համարել լոկ տնտեսական հարաբերություններից ու գնահատել իբրեւ քաղաքական մեծ արշավ. հանուն Խորհրդային միության վերականգնման էներգետիկայի բնագավառում», - ձեւակերպված է ՀՅԴ «Երկիր» պատոնաթերթում։

Մարդու իրավունքների պաշտպանի փնտրտուքներում «Առավոտ»-ը եզրահանգում է. - «Հայաստանում ամեն առավոտ հազարավոր գեներալներ, նախագահներ, «բարձր հեղինակություն» ունեցողի հավակնություններով մարդիկ են արթնանում, շատ դժվար է գտնել արժանավորին։ Բայց, հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանն ամենեւին նման խնդիր չի էլ հետապնդում, եւ չի էլ պատրաստվում լապտերը ձեռքին փնտրել թիվ մեկ օմբուդսմենին։ Նա շատ հանգիստ եւ առանց աչքը թարթելու կնշանակի նրան, ով կլինի իրեն հավատարիմ եւ իր սրտով»։

«Լեգիտիմության բացակայությունը մեր տարածաշրջանի առաջնային պրոբլեմն է». - «Այբ-Ֆե» թերթը շեշտադրված ներկայացնում է ՀՀՇ (Հայոց համազգային շարժում) վարչության անդամ Դավիթ Շահնազարյանի այս կարծիքը: Ըստ Շահնազարյանի՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը կառավարելի կայունության մեջ են, եւ Ղարաբաղի հակամարտության լուծումով զբաղվողները շուտով երկու երկրների ղեկավարներին կհիշեցնեն, որ նրանք ոչ լեգիտիմ են»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG