Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Բուլղարիայի պաշտպանության նախարարը


Չորեքշաբթի օրը պաշտոնական այցով Երեւան ժամանած Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովը հույս հայտնեց, որ Բուլղարիան հաջորդ տարի «ակտիվ ներդրում կունենա» Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործում:

Հաջորդ տարի Բուլղարիան է նախագահելու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), որի շրջանակներում գործող Մինսկի խումբը տարիներ ի վեր զբաղվում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ հակամարտող կողմերի համար փոխընդունելի տարբերակի որոնումներով՝ հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

«Ես համոզված եմ, որ ՄԱԿ-ը նույնպես իր ներդրումը կունենա այս ուղղությամբ», - օդանավակայանում լրագրողներին ասաց Սվինարովը: - «Համոզված եմ նաեւ, որ հարցը աշխուժորեն քննարկվելու է ՆԱՏՕ-ում, որին Բուլղարիան անդամակցելու է հաջորդ տարվանից»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ներկա այցի ընթացքում քննարկվելու են ՆԱՏՕ - Հայաստան հարաբերությունները եւ արդյո՞ք Հայաստանը ստացել է հրավեր մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հաջորդ տարի Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասաց. - «Դեռեւս հրավեր չենք ստացել Ադրբեջանի զինավարժություններին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների քննարկմանը, կարծում եմ, հարցը այդպես չի դրվի այս հանդիպման ժամանակ»:

Սարգսյանը, այդուհանդերձ, ավելացրեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությանը հետաքրքրում է Բուլղարիայի պաշտպանության նախարարության անցած ճանապարհը եվրոպական կառույցներին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ:

Վերջին տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարների երկրորդ հանդիպումն է: Ու թեեւ Նիկոլայ Սվինարովը ասաց, թե հանդիպումների նպատակը երկկողմ հարաբերությունները զարգացնելն է, նշեց, սակայն, որ անմիջական ռազմատեխնիկական համագործակցության համար «շատ խոչընդոտներ կան»՝ հույս հայտնելով, թե հաջորդ տարվա ընթացքում այդ խոչընդոտները կվերանան: Նախարարը նկատի ուներ, հավանաբար, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը:

Նա խոստացավ, որ 2004 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության դաշտը լինելու է «շատ ավելի լայն, քան ներկայումս»:

Երկօրյա այցի ընթացքում Բուլղարիայի պաշտպանության նախարարը հանդիպելու է նաեւ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ:


Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG