Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում գրանցվել է աննախադեպ տնտեսական աճ


Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրանցվել է համախառն ներքին արդյունքի աննախադեպ՝ 14,8 տոկոսի աճ՝ մեծապես շնորհիվ շինարարության ծավալների 54,4 տոկոսանոց աճի:
Շոշափելի աճ է գրանցվել արդյունաբերական ոլորտում, ուր արտադրանքի ծավալը աճել է 18,5 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքինը՝ 3 տոկոսով:

Ուրբաթ օրը հրավիրած մամուլի ասուլիսում, հրապարակելով առաջին կիսամյակի ցուցանիշները, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ասաց. - «Այս տարին հատկանշական է նրանով, որ աճի տեմպեր են ապահովել այնպիսի ճյուղեր ու ոլորտներ եւ հատկապես մարզերում, որոնք մինչ այդ այդքան էլ իրենց տնտեսական ակտիվությամբ աչքի չէին ընկնում»:

Նման աննախադեպ տնտեսական աճը նախարարը պայմանավորեց «գործարար եւ ներդրումային միջավայրի որոշակի բարելավմամբ»:

Հայաստանյան ընդդիմությունը մշտապես հակված է կեղծ համարել նման ցուցանիշները՝ պնդելով, թե հայաստանցիների մեծամասնության կյանքում որեւէ բարելավում չի զգացվում:

Հրապարակված տվյալների կապակցությամբ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբիսոնը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե դրանք հիմնականում արժանահավատ են: Նրա խոսքերով, չեն բացառվում որոշ թերություններ տվյալների հավաքագրման պրոցեսում, սակայն հազիվ թե դրանք այնքան մեծ լինեին, որ շոշափելիորեն ազդեին վերջնական ցուցանիշերի վրա:

«Զարգացման գործընթացը Հայաստանում բավական հաջող առաջ է գնում», - ավելացրեց Ռոբինսոնը: - «Մակրոտնտեսական իրավիճակը կայուն է, արտաքին պահուստներ շարունակում են աճել, արտահանման աճը բավարար է, եւ դոնորների աջակցությունն էլ մնում է զորեղ»:

Կարեն Ճշմարիտյանը ասուլիսում անդրադարձավ նաեւ մի շարք ձեռնարկությունների ճակատագրին: Պետական պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված հինգ ձեռնարկությունների առիթով նախարարը փոխանցեց, որ այս կիրակի ռուսաստանյան կողմը գալու է դրանք ընդունելու: Բուն հանձնումը տեղի կունենա աշնանը, եւ այդ ժամանակ էլ վերջնականապես հայտնի կդառնա, թե ռուսաստանյան որ ձեռնարկություններ են դրանք տնօրինելու:

«Արմենալ»-ի սեփականատեր «Ռուսսկի ալյումինիյ»-ը, Ճշմարիտյանի փոխանցմամբ, ներկայացրել է 34 մլն դոլարի ներդումային ծրագիր, որն ակնկալում է իրականցնել մեկ տարվա ընթացքում՝ սկսած այս տարեվերջից:

Նախարարը, ի պատասխան լրագրողների հարցի, թե ո՞վ է «Նեֆելինային սիենիտների համալիր արտադրություն» ընկերության նախագահը, որին կառավարությունը վերջերս որոշել է վաճառել մեքենաշինական հսկա «Հրազդանմաշ»-ի պետական բաժնետոմսերի ամբողջ մասնաբաժինը, ասաց. - «Բացարձակապես կարեւոր չէ, թե ով է: Ես ինքս տեղյակ չեմ, չգիտեմ, բայց ես գիտեմ ծրագիրը»:

Իսկ ներկայացված ծրագրի հիմքում, նախարարի փոխանցմամբ, ակադեմիկոս Մանվելյանի ժամանակին մշակած տեխնոլոգիան է, որը մեծ հեռանկարներ ունի:


Ռուզան Խաչատրյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG