Մատչելիության հղումներ

Էռնեկյանը վերադարձել է Արգենտինա


Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանը, որին այդ երկրի հարկային մարմինները մեղադրում են հարկերից խուսափելու մեջ, հինգշաբթի օրը վերադարձել է Արգենտինա եւ ներկայացել է դատական մարմիններին:

Սեփական ինքնաթիռով Միացյալ Նահանգներից Բուենոս Այրես ժամանած գործարարը անմիջապես ներկայացել է Տնտեսական հարցերով գերագույն դատարան եւ տեղեկացել, որ չեղյալ են հայտարարվել իրեն կալանելու եւ իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ գործը վարող նախկին դատավոր Խուլիո Կրիցիանիի որոշումները:

Էռնեկյանը իր փաստաբան Մարկոնիի հետ ներկայացել է դատավոր Խուլիո Սպերոնիին, ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ, փաստաբանի խոսքերով՝ «ազատություն է վայելում իր տան մեջ»:

Նախորդ օրը Էռնեկյանի փաստաբանները վճարել էին պահանջված 5 միլիոն դոլարի գրավը: Փաստաբան Մարկոնին, անդրադառնալով Էռնեկյանին առաջադրվող մեղադրանքներին, ասել է, թե ամեն ինչ «փոխվել է եւ Էռնեկյանը որեւէ պատասխանատվություն չունի»: Մարկոնին ավելացրել է, թե Հարկերի վարչությունում տարաձայնություններ կան հայազգի գործարարին առաջադրված մեղադրանքների հետ կապված:

Արգենտինայում, ուր հարկային մարմինների հետ խնդիրներ են ունենում գրեթե բոլոր խոշոր գործարարները, դատական գործերը սովորաբար երկարատեւ են լինում. տարաձայնություններ են ի հայտ գալիս դատական վերին ու ստորին ատյանների միջեւ, ընդունվում են իրարամերժ որոշումներ, որոնց կարգավորումը ամիսներ, երբեմն նույնիսկ տարիներ է պահանջում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG