Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ը կրկին արժանանում է խորհրդարանի ղեկավարների քննադատությանը


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ հուլիսի 18-ի որոշումը, որով կրկին եթերից դուրս մնացին «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերությունները, խստորեն քննադատվել է ինչպես հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այնպես էլ հայաստանյան քաղաքական ուժերի՝ այդ թվում քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավար անդամների կողմից, ովքեր հինգշաբթի օրը կրկին հնչեցրին իրենց գնահատականները:

Ի պատասխան, մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավորների հնչեցրած քննադատությանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ հայտատարել էր, թե այն պատգամավորները, ովքեր համաձայն չեն իրենց որոշման հետ, կարող են Ազգային ժողովում օրենք ընդունել «Ա1+»-ին մրցույթից դուրս եթեր տրամադրելու մասին:

«Այն, ինչ ասվել է վերջին մրցույթի հետ կապված, բոլորովին էլ չի ասվել, որ Ամալյանը ընդունի կամ չընդունի»: - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հանրապետական կուսակցության եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ավելացնելով, թե կյանքը, բացի օրենքներից, կարգավորվում է նաեւ առկա քաղաքական, հասարակական, բարոյական խնդիրներով: - «Նրանք, ովքեր մոռանում են կյանքի այդ կողմերի մասին, վերջիվերջո պատժվում են»:

Քաղաքական կոալիցիայի անդամ մյուս կուսակցության՝ Դաշնակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նույնպես ՀՌԱՀ-ի որոշումը լավագույնը չի համարում:

«Դատելով սույն հայտարարությունից, ես կարող եմ ենթադրել, որ պարոն Ամալյանը մինչեւ հիմա կարծել է, թե գործող օրենքը «Ա1+»-ին կապուղի տրամադրելու համար հատուկ օրենք է սահմանել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուստամյանը:

Ընդդիմության ներկայացուցիչ, «Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ Շավարշ Քոչարյանը հիշեցրեց նույն հանձնաժողովի 2002-ի ապրիլյան որոշումը. - «Իսկ ինչո՞ւ փակվեց [«Ա1+»-ը]: Փակվեց, որովհետեւ կար իշխանությունը պահելու խնդիրը ընտրություններից առաջ: Բայց ընտրությունները այն աստիճան խայտառակ էին, իշխանության ոչ լեգիտիմ լինելը այնքան ակնհայտ է ե'ւ ժողովրդի համար, ե'ւ միջազգային կառույցների համար, ե'ւ հենց բուն իշխանավորների համար, որ իրենց համար իշխանությունը պահելը դարձել է ամենօրյա խնդիր»:

Արմեն Ռուստամյանն ու Տիգրան Թորոսյանը, բնականաբար, այս գնահատականները չեն կիսում, որովհետեւ նրանք տրամադրված են արդեն աշնանային նստաշրջանում փոխել համապատասխան օրենքը՝ նպատակ ունենալով բացառել սուբյեկտիվիզմը մրցութային առաջարկները գնահատելիս:

Բացի այդ, Արմեն Ռուստամյանի կարծիքով, կարելի է քվեարկության ժամանակ հաշվի առնել «միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, դիտարկման խմբերի եւ փորձագետների՝ այս հարցով կատարած բազմաթիվ հայտարարություններն ու հորդորները»:

Մատնանշելով, մասնավորապես, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի երեկվա խիստ հայտարարությունը, ուր արդեն կան դիվանագիտական ձեւակերպումներից դուրս արտահայտություններ, Ռուստամյանը շարունակեց. - «Այդպիսի հայտարարությունները առհամարհելը մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել: Սեպտեմբեր ամսին մենք շատ լուրջ պայքար ունենք տալու, որպեսզի մեր աշխատանքները Եվրախորհրդում լիարժեքորեն շարունակենք: Այս ամենը տրամադրություն է ստեղծում այդ կազմակերպությունում»:

Անցած սեպտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված՝ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող զեկույցում, բացի առանցքային պարտավորություններից (ասենք, մահապատժի վերացումը) հստակ արձանագրումներ կան «Ա1+» անկախ հեռուստաընկերության մասին: Նշված է, մասնավորապես, թե 2002 թվականի ապրիլին, երբ «Ա1+»-ը զրկվեց եթերից, կապուղիների բաշխումը «ուժգին բողոքների տեղիք է տվել»: Դրա վրա հենվելով էլ Հայաստանի իշխանություններին կոչ էր արվել նկատի առնել Եվրախորհրդի առաջարկությունները եւ առանց ձգձգումների փոփոխություններ կատարել համապատասխան օրենսդրության մեջ:


Արմեն Զաքարյան, Երեւան

(Լուսանկարում՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG