Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եթե կազմակերպված հանցավորության, մաֆիայի դեմ պատերազմը մեզանում վարվի այնպես, ինչպես դա արվում է այժմ, ապա դրական արդյունքներ չենք կարող ակնկալել մինչեւ Երկրորդ գալուստը», - շեշտում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը՝ մասնավորապես մատնանշելով. - «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ուժգին ու դաժանորեն հարվածում են մաֆիայի գագաթին՝ ոչնչացնելով նրա տնտեսական ու քաղաքական կապերը, եւ շատ ավելի մեղմ են վերաբերվում ստորին օղակին՝ հնարավորություն տալով վերջինին ուղղվելու եւ իրավապահ մարմինների հետ համագործակցելու։ Մեզանում ամեն ինչ հակառակն է. գագաթին չի խփում ոչ ոք, անկանոն հարվածներն ուղղված են միայն ստորին օղակին»։

Ներկա որոշակի դրսեւորումների ոճով «Առավոտ» թերթը միանգամայն իրական է համարում այսպիսի մի հեռանկար. - «2020 թվական: Երեւան: Բուռնաշի անվան «Հրազդան» ստադիոնում բացվում է «օրենքով գողերի» 4-րդ համազգային համաժողովը: Այդ հեղինակավոր ստուգատեսին իրենց մասնակցության համաձայնությունն են տվել ինչպես ԱՊՀ-ի, այնպես էլ արտերկրի մեր հանցագործ հայրենակիցները: Էռնեկյանի անվան միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու էին եկել Հայաստանի ոստիկանապետը, «հեղինակությունների» հայաստանյան գործընկերները, պաշտոնատար այլ անձինք: «Քրեածին վիճակը Հայաստանում միանգամայն հանգիստ է,- բրոնեժիլետն ուղղելով լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանապետը:- Ես, օրինակ, իմ հրասայլով միանգամայն հանգիստ կարող եմ երթեւեկել Երեւանի փողոցներով: Երեկ միայն մեկ աննշան միջադեպ է տեղի ունեցել. Չորով Վահանին պատկանող երկու ծանր ռմբակոծիչ մի քանի ռումբ են նետել Զոռբա Սերոժի՝ թմրամիջոցների վերամշակման գործարանի վրա: Բայց, ընդհանուր առմամբ, վստահեցնում եմ ձեզ, իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից»: Որպեսզի 2020 թվականին մենք ստիպված չլինենք նման ռեպորտաժներ գրել, «Առավոտ»-ը առաջարկում է լրջորեն խորհել մի շարք հարցերի շուրջ: Օրինակ՝ «Ինչպե՞ս է ստացվում, որ Գյումրիի ավտոկայանի տնօրենն ավտոմատներով զինված ավելի մեծ թիկնազոր ունի, քան (համենայն դեպս, պաշտոնապես) ՀՀ նախագահը: Գյումրվա ոստիկաններն այդ ավազակախմբին չէի՞ն նկատում: Ընդհանրապես ինչպե՞ս են տարիներ շարունակ ռեկետով եւ ավազակությամբ իրենց համաքաղաքացիներին ահաբեկող մարդիկ համարձակվում խոսել հայրենասիրությունից, ազատագրական պայքարից եւ Աստվածաշնչից»: Մեր իրականության այս տարածուն դրսեւորումը եւս «Առավոտ»-ը չի հասկանում:

Ընդդիմություն՝ ապաշնորհ ու անկազմակերպ, որ իր իսկ մեղքով թուլացել, հասարակությանը հիասթափեցրել ու հիմա հայտնվել է ընդամենը արդարություն մուրացողի դերում. այսպես է այսօր «Այբ-Ֆե» թերթում ներկայացվում քաղաքական մեր մյուս բեւեռի վերջին տարիների կենսագրությունը: Ըստ այդմ էլ՝ որեւէ լուրջ սպասում չկա: Արձանագրելով վառելիքի գների հերթական աճ, «Այբ-Ֆե»-ն կենսական այս ուղղությամբ հեռագծել է. -«Վերլուծաբանները կարծում են, որ Նիգերիայում եւ Իրաքում անկայուն վիճակը դեռ երկար կպահպանվի, հետեւաբար վառելիքի գինն էլ անընդհատ կբարձրանա: Ու քանի որ մեր շուկայում ամեն ինչ կախված է վառելիքի գնից, հետեւաբար առաջիկայում սպասվում է գների համատարած բարձրացում»:

«Օրվա թիվը» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ը առանձնացրել է. - «Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, Հայաստանի բնակչության ավելի քան 1,5 միլիոնանոց հատվածի սննդի 70 տոկոսից ավելին կազմում են հացն ու կարտոֆիլը: Ըստ նույն տեղեկությունների, բնակչության ընդհանուր թվի 73 տոկոսը օրական ստանում է միջազգային չափանիշներով սահմանված 2100 կիլոկալորիայից պակաս սնունդ: Ընդ որում, ամենաթերսնվածը երեւանցիներն են. մայրաքաղաքի բնակիչների մոտ 81 տոկոսը թերսնվում է»:

«Հայ ավանդական քաղաքական միտքը հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ մի քանի մտավախություններ ունի: Եւ դրանցից հիմնականն այն է, որ թուրքական էժան ապրանքները կողողեն մեր շուկաները, եւ հայկական ապրանքները կկորցնեն իրենց մրցունակությունը», - անդրադառնում է այսօր «Հայկական ժամանակ»-ը: - «Հայ ավանդական մտքին քիչ է հետաքրքրում, որ նույն այդ ապրանքները Հայաստանի քաղաքացիները հիմա գնում են կրկնակի թանկ, որովհետեւ դրանք Հայաստան են գալիս ավելի երկար ճանապարհով, ուստի ավելի թանկ են վաճառվում: Հայ ավանդական քաղաքական մտքին քիչ են հետաքրքրում այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում ընդհանրապես որեւէ ապրանք գնել: Եւ հետո, մի քանի տարի առաջ այդ նույն քաղաքական գործիչները կռիվ էին տալիս պարսկական էժանագին ապրանքների դեմ, իսկ հիմա ու՞ր են այդ ապրանքները: Մի ժամանակ նույնիսկ պաղպաղակն ու վաֆլին էինք Իրանից ներմուծում, իսկ հիմա Երեւանում հնարավոր չէ գտնել պարսկական պաղպաղակ կամ վաֆլի: Ոչ այն պատճառով, որ հայ-իրանական սահմանը փակ է, այլ այն պատճառով, որ դրանք Երեւանում չեն վաճառվի, որովհետեւ հիմա հայկական պաղպաղակն ու վաֆլին շատ ավելի լավն են եւ որակին համարժեք գին ունեն: Նույնը կարելի է ասել նաեւ այլ ապրանքատեսակների մասին: Այնպես որ», - ամփոփել է «Հայկական ժամանակ»-ը, - «հայ-թուրքական հարաբերությունները «քլնգելու» համար հայ ավանդական քաղաքական միտքը թող այլ փաստարկներ գտնի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG