Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարները հանդիպում են՝ «մեղմելու վերջին օրերին նկատվող լարվածությունը»


Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Սաֆար Աբիեւը հուլիսի 8-ին պայմանավորվածության են եկել մեղմել երկու երկրների զինված ուժերի միջեւ վերջին շրջանում երեւան եկած լարվածությունը: Հանդիպումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւան-Ղազախ հատվածում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչությունը, հանդիպման ընթացքում «պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում կրակոցները կանխելու եւ բացառելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ»:

Ընթացիկ շաբաթվա սկզբին պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները գրոհելու մեջ: Հուլիսի 7-ին Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, պաշտոնապես հերքել էր այդ լուրը: Հերքմամբ էին հանդես եկել նաեւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչները:

Հայաստանյան դիտորդներից ոմանք այսօրվա իրենց մեկնաբանություններում ենթադրություն են հնչեցրել, թե սահմանային լարվածության հետեւում կարող է կանգնած լինել Ռուսաստանը՝ փորձելով իրավիճակն ապակայունացնելով կանխել ԱՄՆ-ի զինվորականների հնարավոր տեղակայումը արդբեջանա-իրանական սահմանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն առանց նախապայմանների հայկական կողմին է հանձնել հունիսի 29-ին անտառում մոլորված եւ անհետ կորած համարվող Այգեշատ գյուղի բնակիչ, 1945թ. ծնված Ռոբերտ Միհրանյանին:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG