Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատականներով, որ բերված են «Այբ-Ֆե» թերթում, մայիսի 25-ին տեղի ունեցավ հեղաշրջում. - «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից վերցրեց բոլոր լծակները: Սա միայն հանրապետականների հաղթանակը չէր, այլեւ Սերժ Սարգսյանին ենթակա կուսակցությունների՝ «Օրինաց երկիր»-ի, ՄԱԿ-ի, «Ազգային միաբանության» հաղթանակը»: «Մայիսի 25-ին Հայաստանում վերջնականապես ժողովրդից վերցվեց լեգիտիմ իշխանությունը: Հայաստանում այլեւս որեւէ լեգիտիմ մարմին չկա», - ասում է քաղաքագետը:

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր առաջ է մղում, թե ՄԱԿ-ի ֆենոմենը բավական է՝ համոզվելու համար, որ «գողացված քվեների» շուրջ ծավալված այս իրարանցումը, մեղմ ասած, չափազանցված է: «Այլապես ի վերուստ՝ գերհզոր այդ ի՞նչ «դաբրո» ուներ ընդամենը 2 ամիս առաջ կյանքի ուղեգիր ստացած սույն կուսակցությունը... եւ ինչո՞ւ վերջինիս, կարեւոր չէ, թե ինչ ճանապարհով վաստակած քվեները, չգիտես ինչու, չեն հավելագրվել ուրիշներին, ոչ էլ անհետացել կամ փոշիացել են: Մինչդեռ», - համադրում է «Հայոց Աշխարհ»-ը, - «ասենք, ՀՌԱԿ-ին (որին ԱԺ-ում տեսնելու նախագահի ցանկությունը կասկած չէր հարուցում), «թույլ չէր տրվել» հատելու 5 տոկոսի սահմանագիծը: Գուցե, այնուամենայնիվ, բավակա՞ն է քավության նոխազներ փնտրել՝ սեփական անհաջողությունը ուրիշների, առավել եւս «պետության» ուսերին բարդելով», - եզրափակում է «Հայոց Աշխարհ»-ը:

Միացյալ աշխատավորական կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Այժմ շատ քաղաքական ուժեր իրենց անհաջողությունը փորձում են բացատրել այլ քաղաքական կառույցների հաջողությամբ։ Սակայն եթե նրանք ցանկանում են մնալ քաղաքական ուժ եւ գործել Հայաստանի քաղաքական դաշտում, խորհուրդ կտայի, որ զբաղվեն իրենց թերությունների վերլուծությամբ»։ Իսկ իրենց հաջողությունը Գուրգեն Արսենյանը բացատրում է նրանով, որ ՄԱԿ-ն իր գաղափարախոսությամբ եւ քարոզչությամբ կարողացավ բարձրացնել մեր հասարակությանը մտահոգող հարցերը։

Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը չի համարում, որ իրենց «Հզոր հայրենիք» կուսակցությունը վատ արդյունք ունեցավ խորհրդարանական ընտրություններում եւ նույնիսկ եղածը հաջողություն է գնահատում: «Ձայների քանակը չէ որոշիչը. կան ավելի կարեւոր արժեքներ», - ասում է սույն պետական այրը:

Ճյուղ առ ճյուղ նայելով ընտրության արդյունքներին, «Օրրան» թերթը մասնավորապես մատնանշում է. - «Եթե Ռոբերտ Նազարյանն ու Վարդան Վարդապետյանը չեն ընտրվել, ուրեմն նրանք համապատասխանաբար վատ քաղաքապետ եւ փոխքաղաքապետ են: Տարրական տրամաբանությունը պահանջում է, որ նրանք պաշտոնանկ արվեն: Թեկուզ այն բանի համար, որ այս մարդիկ պարզագույն «ֆայմ» չունեցան իրենց զրոյական վարկանիշը իզուր տեղը ի ցույց չդնելու համար: Ի՞նչ երաշխիք, որ այդպիսի «ֆայմով» նրանք կարող են մայրաքաղաք ղեկավարել: Նույն տրամաբանությամբ, ազգային մշակույթի համակարգման ղեկավար դիրքերը պետք է լքի նաեւ նախկին դաշնակ Ռոլանդ Շառոյանը՝ հանձին «Հզոր հայրենիքի» քվեների ունենալով իր անձի եւ գործունեության փաստական գնահատականը... Կամ ՀՌԱԿ-ը, եթե, իհարկե, գեթ մանանեխի չափ ինքնասիրություն ունի, երեւի թե պետք է փոխի իր մարտավարությունը կուսակցության պանծալի ղեկավար Միրզախանյանով հանդերձ»:

Ռամկավարների «Ազգ» թերթում ներկայացվող մեկնաբանությամբ, այս ընտրություններում հաջողության համար առավել կարեւոր է եղել ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի, որքան՝ ներկայիս խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժի օժանդակությունը: Վերջինիս անհանդուրժողականության հիմքում էլ հետեւյալն էր. - «Իրենց պոտենցիալով դրսի մի քանի ուժեր խորհրդարան մտնելով հետագայում լուրջ հավակնություններ կարող էին դրսեւորել իշխանության գալու նպատակով: Վերջիններիս սերտ համագործակցությունը հանրապետության նախագահի հետ իրենց կարող էր իսկապես անհանգստացնել, քանի որ այս խորհրդարանն էլ ակնհայտորեն քաղաքական, սկզբունքային ամուր հիմքերից զուրկ է, ինչը նշանակում է ամեն պահ հնարավոր է խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություն»: Իսկ ՄԱԿ-ը խորհրդարան թողնվեց որպես չարյաց փոքրագույն. - «Այն քաղաքական կշիռ, հասարակական վստահություն չունի, բնականաբար՝ որեւէ լուրջ հավակնություն ունենալ չի կարող»:

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը հակված է այն տեսակետին, որ «Արդարություն» դաշինքը այս պառլամենտում անելիք չունի, «նրա մասնակցությունը մի բան կնշանակի՝ լեգիտիմացնել անօրինական խորհրդարանը»: «Իսկ դաշինքի ինքնաբացարկը կարող է իսկապես լուրջ խնդիրներ առաջացնել իշխանությունների համար եւ, ինքնին, բավական ուժեղ քայլ է՝ որպես ոչ լեգիտիմ իշխանության դեմ պայքարի եղանակ: Դա միանգամից միջազգային հանրության ուշադրությունը կսեւեռի Հայաստանի վրա: Սակայն», - ավելացնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, - «նման ոչ ստանդարտ քայլերը կազմակերպված եւ ուժեղ ընդդիմությանն են բնորոշ, իսկ մեր ընդդիմությունը մեր իշխանությունների նման անհամասեռ ու անկազմակերպ զանգված է, որի ներսում պատգամավորական մանդատների համար անհաշտ կռիվ ու բազում տարաձայնություններ կան»:

«Օրրան» թերթի մեկնաբանը նույնպես այսօր հեռակա բանավիճում է. - «Եթե «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը համարում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բոյկոտումը պայքարի լավագույն ճանապարհը չէ, ապա նաեւ պետք է ասեր, թե որն է պայքարի լավագույն ճանապարհը: Հետաքրքիր է, թե քաղաքական պայքարի այդ ի՞նչ արդյունավետ ու դեռեւս անհայտ ուղիներ է մտմտում ընդդիմությունը»: «Վերջապես ո՞վ պետք է ընդդիմությանն այդքան վիթխարի հավատ ընծայած հանրությանն ապացուցի, որ ճիշտ ճանապարհը խորհրդարանական աղավաղված արդյունքների հետ փաստացի հաշտվելն ու հատուկենտ պատգամավորներով հանձնաժողովներում «արդյունավետ պայքար» ծավալելն է», - հարց է դնում «Օրրան»-ի մեկնաբանը: - «Չէ՞ որ հավատի պաշարներն անսպառ չեն, եթե դրանք լրացուցիչ սնուցում չեն ստանում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG