Մատչելիության հղումներ

Ընտրությունների ընթացքից դժգոհ դաշինքը անիմաստ է համարում դատարան դիմելը


Նախագահի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած եւ խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը չհաղթահարած «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի ղեկավարները հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում վստահեցրին, թե շարունակում են լավատես լինել ու մնալ քաղաքական ասպարեզում՝ չնայած, ինչպես ասաց դաշինքի առաջնորդներից «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանը, ընտրությունները չարդարացրին իրենց սպասումները «ժողովրդավարության իմաստով»:

Նույն կուսակցության ղեկավար անդամներից նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի խոսքերով, ժողովուրդը պատրաստ էր իր կամքն արտահայտել ընտրությունների միջոցով, սակայն «հերթական անգամ քաղաքական ուժերը, պետությունը, պետական կառույցները... պատրաստ չէին վերցնելու եւ սեղմելու ժողովրդի ձեռքը»:

Ըստ դաշինքի նախնական հայտարարության, որը հրապարակեց այն կազմող մյուս՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի՝ մի քանի օրից նախկին փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը, հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:

«Ցավոք, ընտրական համակարգի, ընտրական գործընթացների եւ դրանց արդյունքների խեղաթյուրումը թույլ չտվեցին պահպանել մեզ տրված ձայները», - ասված է հայտարարության մեջ: - «Մենք փաստում ենք, որ բոլոր տեղերում գործել է խախտումների նույն ձեռագիրը: Այս ընտրություններում մրցակցության մեջ մտան իշխանական լծակները, փողը եւ ժողովրդի քաղաքական կամքը: Ցավոք, միանշանակ պարտություն կրեց վերջինս»:

Այդուհանդերձ, իրավական դաշտում ընտրական խախտումների դեմ պայքարը դաշինքն անիմաստ է համարում: «Եթե պետությունը այսօր չի երաշխավորում, որպեսզի քվեաթերթիկները ավելորդ տպաքանակով չտպագրվեն, ի՞նչ դատական պրոցեսի մասին է խոսքը», - ասաց Արմեն Դարբինյանը: - «Այսօրվա օրենքները հենց նպաստում են, որպեսզի կառավարող ուժը վերարտադրվի: Դա է պատճառը, որ մենք առանձնապես մեծ ակտիվություն չենք դրսեւորում իրավական, դատական ճանապարհներով արդարություն կորզելու: Եվ համարում ենք, որ մեր միակ ճանապարհը քաղաքականն է՝ պետք է փոխվի օրենքը, փոխվի մթնոլորտը եւ ձեւավորվի ժողովրդի հետ լուրջ քաղաքական ուժերի դաշինքը»:

Լյուդմիլա Հարությունյանի փոխանցմամբ, ընտրությունների խեղաթյուրման գործընթացի մեջ մասնակցում են նաեւ քաղաքական ուժերը, «հզորագույն դեր» է ստացել փողը: Արմեն Դարբինյանի ձեւակերպմամբ՝ «Կա ինչ-որ մի չափ, որից պակաս դնողները չանցան»:

Սահմանադրական փոփոխությունների մերժումը Արմեն Դարբինյանը դրական է գնահատում, քանի որ, ըստ նրա, ժողովուրդը «մերժեց մի տեքստ, որին ծանոթ չէր»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG