Մատչելիության հղումներ

Քվեարկության նախօրեին կառավարությունը գումարներ է հատկացնում մարզային ու գյուղական բազմաթիվ համայնքների


Կառավարության այսօրվա նիստում, որը վերջինն է կիրակի օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի քվեարկությունից առաջ, ընդունված որոշումների շոշափելի մասը տարբեր վերաբերում է մարզային ու գյուղական համայնքներին Կառավարության պահուստային ֆոնդից գումարների հատկացմանը:

Այսպես, պահուստային ֆոնդից 500 հազար դրամից մինչեւ 12 միլիոն դրամ հատկացումներ հաստատվեցին Սյունիքի մարզպետարանին, Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի, Ստեփանավան քաղաքին, Թումանյանի քաղաքային համայքին, Գուգարք գյուղին եւ այլն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ 2003թ. երկրորդ եռամսյակի ընթացքում կմարվի «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի աշխատողների նկատմամբ 2003թ. մայիսի 1-ի դրությամբ առկա պարտքի 75 տոկոսը: Մնացած 25 տոկոսը կմարվի չորրորդ եռամսյակի ընթացքում: Այս գումարները հատկացվելու են ոչ թե պահուստային ֆոնդից, այլ «Արմավիա» ընկերության հետ կառավարության նախաստորագրած պայմանագրի համաձայն ստացվելիք գումարներից:

Մեկ այլ դրամական հատկացում էլ՝ 10 միլիոն դրամ, որոշվեց անել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների խորհրդին:

Որոշմամբ, որով հաստատվեց այս տարվա ոռոգման ջրի սակագինը, ինչպես լրագրողներին տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, կառավարությունը «ընդառաջեց ջրօգտագործողներին» եւ 2002 թվականի սակագինը թողեց անփոփոխ, թեեւ նախատեսված էր 1 դրամով բարձրացնել այն:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG