Մատչելիության հղումներ

Օրդուեյի խոսքերով, հայ ժողովրդի «մենտալիտետը» չէ, որ խանգարել է նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելուն


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, թե Հայաստանում անցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին ոչ թե հայ ժողովրդի մենթալիտետի, այլ բոլորովին այլ գործոնների հետեւանքով:

«Ի վերջո, նախկին խորհրդային միության մի շարք հանրապետություններ՝ այդ թվում նաեւ Ռուսաստանը, հաղթահարել են այդ խոչընդոտները, եւ դուք կարող եք տեսնել, որ [այդ երկրներում] կան միջազգային չափանիշներին համահունչ գործընթացներ», - շարունակեց դեսպան Օրդուեյը:

Ընտրությունների արդյունքները հայոց մենթալիտետով պայմանավորած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ միասին այսօր Ջորջ Օրդուեյը մասնակցում էր Միացյալ Նահանգների աջակցությամբ ստեղծված Ականազերծման կենտրոնի արդեն երկրորդ խումբ շրջանավարտներին ավարտական վկայականներ հանձնելու հանդիսավոր արարողությանը:

«Ընդհանրապես Ժողովրդավարության բազմաթիվ չափանիշներ կան», - ասաց դեսպանը: - «Հայաստանն ընտրել է եվրոպականը, ուստի պետք է ձգտել հասնել դրանց»:

Ուստի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի խոսքերով, հայ ժողովուրդն ու իշխանությունները նախագահական ընտրություններից պետք է լուրջ վերլուծություն կատարեն՝ հաշվի առնելով այն կոնկրետ խնդիրները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարության սկզբունքներով ընտրություններ անցկացնելուն:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացվելիք դիտորդական առաքելությանը, Օրդուեյը ասաց. - «Իհարկե, նախագահական ընտրությունների փորձից ելնելով կարող ենք ասել, որ դիտորդների դերն ավելի մեծացել է, եւ նրանք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ընտրական գործընթացների վրա: Բայց դիտորդները չեն այդ գործընթացների հեղինակները, նրանք չէ, որ ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Հայաստանի իշխանությունները, քաղաքական գործիչներն ու ժողովուրդն են հիմնական պատասխանատուն»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG