Մատչելիության հղումներ

Չորս ընտրատարածքում մնացել է մեկական թեկնածու


Այսօր լրացավ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը: 21 կուսակցություններից ու նախընտրական դաշինքներից ոչ մեկը ինքնաբացարկ չի հայտնել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատեց համամասնական ընտրակարգի քվեաթերթիկը՝ այբբենական կարգով: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների վերջնական տվյալները դեռեւս ամփոփված չեն, սակայն արդեն իսկ պարզ է, որ 56 ընտրատարածքներից չորսում լինելու է մեկական թեկնածու:

Սա աննախադեպ երեւույթ է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ: Նախորդ ընտրություններում միայն պաշտպանության ներկայիս փոխնախարար Մանվել Գրիգորյանի ազգականներից մեկն էր նման «արտոնյալ» վիճակում:

Ընդհանուր առմամբ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված 500 թեկնածուներից մնացել է մոտ 250-ը: Բազմաթիվ՝ հիմնականում ընդդիմության հարող թեկնածուները բազմիցս նշել են, թե ընտրատարածքները «մաքրվում էին»՝ հօգուտ իշխանամետ թեկնածուների. առաջադրված թեկնածուներին չգրանցելը կամ գրանցումը անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, այդ որոշումները պաշտպանող դատարանների վճիռները, ուղղված են եղել ընդդիմության դեմ:

Օրինակներից ամենացայտունը, թերեւս, Երեւանի Էրեբունու համայքի թիվ 17 ընտրատարածքն է, որտեղ առաջադրված 9 թեկնածուներից մնացել են միայն 3-ը: Ընտրապայքարից դուրս մնացածների թվում են անցած նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցած Արամ Կարապետյանը, բնապահպանության նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը: Երեկ՝ մայիսի 14-ին, ընտրատարածքային հանձնաժողովը չեղյալ է համարել նաեւ ազատամարտիկ, անկուսակցական Գրիգոր Սարգսյանի գրանցումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ մինչեւ երեկ ակտիվ քարոզարշավ անցկացրած Գրիգոր Սարգսյանը ասաց, թե «իշխանությունները պարզապես սարսափել են՝ տեսնելով իր հաջող քարոզարշավն ու անխուսափելի հաղթանակը», եւ իրեն պայքարից դուրս են թողել՝ ապահովելու համար իշխանությունների պաշտպանած թեկնածու Արմեն Դանիելյանի հաղթանակը: Վերջինս Հայաստանի գլխավոր դատախազության վարչության պետերից մեկի եղբորորդին է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Գրիգոր Սարգսյանի նախընտրական շտաբի պետը, Սարգսյանը պատրաստվում է դիմել դատարան:

56 ընտրատարածքներից 22-ում իշխանամետ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ունի թեկնածուներ: ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պատասխանատուներից Սամվել Նիկոյանի խոսքերով, էական փոփոխություններ այստեղ չեն եղել: 14 ընտրատարածքներում թեկնածուներ ունի Դաշնակցությունը, գրեթե նույնքան՝ «Օրինաց Երկիր»-ը: Իշխանամետ համարվող թեկնածուները միմյանց դեմ պայքարելու են ավելի քան 20 ընտրատարածքներում:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի 9 կուսակցություններում այդ հարցերը ավելի հաջող են լուծվել: Դաշինքը կազմող խոշորագույն կուսակցությունները՝ ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն»-ը միայն 2 ընտրատարածքում ունեն նման խնդիր:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG