Մատչելիության հղումներ

Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները դեռեւս չեն հրապարակվել


Մինչեւ օրս որեւէ տեղեկատվություն չի տրվել նախագահ Քոչարյանի՝ մարտի 18-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացության վերաբերյալ, որը պետք է 10-օրյա ժամկետում ուսումնասիրեր անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության եզրակացության մեջ արձանագրված խախտումները:

Կազմավորված աշխատանքային խումբը, որում ընդգրկված էին նախագահի աշխատակազմի եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ավելի շուտ պետք է ավարտած լիներ իր ուսումնասիրությունները, քան Սահմանադարական դատարանում կսկսվեր Ռոբերտ Քոչարյանի մրցակից Ստեփան Դեմիրճյանի՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումի քննարկումը: Մարտի 28-ին լրանում էր նախագահի կարգադրությամբ սահմանված ժամկետը, իսկ Դեմիրճյանի դիմումի քննությունը սկսվեց ապրիլի սկզբին:

Հայտնի չէ, սակայն, հասցրե՞լ է արդյոք աշխատանքային խումբը ուսումնասիրությունն ավարտել մինչեւ Սահմանադրական դատարանում քննության սկիզբը:

«Ուսումնասիրությունը անցկացվել է նախագահի հանձնարարությամբ, եւ եզրակացությունը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության նախագահին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց արդարադատության նախարարության մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը: - «Ուսումնասիրության արդյունքներին մասին, եթե դրանք նպատակահարմար են հրապարակման, քննարկման առարկա դարձնելու, դուք կարող եք իմանալ նախագահի աշխատակազմից»:

Նախագահի աշխատակազմից, մինչդեռ, հնարավոր չեղավ որեւէ մանրամասն ճշտել. անընդհատ ասվում էր, թե իրավասու անձը մասնակցում է որեւէ հանդիպման: Իսկ վերջին երկու օրերի ընթացքում հեռախոսազանգերը առհասարակ անպատասխան էին մնում:

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած ոչ պաշտոնական տեղեկատվությունը ընդամենը այն է, որ ընտրախախտումներն ուսումնասիրող աշխատանքային խմբում ընդգրկվել են նաեւ ներկայացուցիչներ արտգործնախարարությունից ու դատախազությունից:

Մինչդեռ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ լորդ Ռասել Ջոնսթոնը օրերս Երեւանում ասել էր. -«Առաջին հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել այն է, թե ինչ ծավալի ընտրախախտումներ են եղել նախագահական ընտրությունների երկու փուլերում: Այդ հարցը իմ կողմից բարձրացվել է, սակայն իշխանությունները ի վիճակի չեն պատասխանել, թե մինչեւ այս պահը որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Հավատացնում եմ, որ մենք կշարունակենք այս հարցին հետամուտ լինել»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG