Մատչելիության հղումներ

«Ռանսաթ»-ը վերադարձնում է «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը


Բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը չի կատարել իր նեդրումային պարտավորությունը եւ, պայմանագրի համաձայն, նրան պատկանող «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը, որոնք գրավադրված են քիմիական հսկայի պարտատեր հանդիսացող «Հայկապ» բանկում, դատարանի որոշմամբ դառնում են վերջինիս սեփականությունը:

Նախկին սեփականատիրոջը, այսինքն «Պրոմեթեյ-քիմպրոմ» ընկերությանն են վերադարձվում նաեւ Վանաձորի քիմիական համալիրի բաժնետոմսերի 50 տոկոսը։ Փաստորեն, «Նաիրիտ»-ը դադարեցրեց իր աշխատանքը, երբ բաշխիչ ցանցերի նոր սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ»-ը անցյալ տարվա նոյեմբերին անջատեց հոսանքը։

«Ռանսաթ»-ի ներկայացուցիչը՝ գործադիր տնօրեն նշանակված Անիլ Կումարը արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է Լոնդոնում եւ, ըստ էության, համաձայնվել է ստորագրել «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի վերադարձման պայմանագիրը։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Աշոտ Շահնազարյանի խոսքերով, նման մտադրությունների արձանագրությունը արդեն ստորագրված է:

«Մտադրությունների արձանագրություն է ստորագրվել ե'ւ բանկի, ե'ւ «Ռանսաթ»-ի կողմից», - ասաց Շահնազարյանը՝ ավելացնելով, թե «Ռանսաթ»-ը համաձայնել է արժեթղթերը թողնել ու հեռանալ: - «Մի պայման դրեց, որ հետագայում իր նկատմամբ դատական հայցեր չլինեն»:

Այլեւս ակնհայտ է, որ «Ռանսաթ»-ը չի վճարելու աշխատավարձերը, թեեւ վաճառել է ոչ միայն իր օրոք արտադրած կաուչուկն ու սոդան, քլորն ու մնացյալ ածանցյալները, այլեւ նախկինում արտադրած ու պահեստներում կուտակված կաուչուկը։ Չի վճարելու նաեւ կառավարությունը, որի բյուջեում նման փողեր չկան:

Ըստ պարոն Շահնազարյանի, քիմիական հսկայի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են հանդես բերում ռուսաստանյան մի շարք ընկերություններ, որոնց ղեկավարները քաջ գիտեն «Նաիրիտ»-ի պրոբլեմները։ Իսկ թե ովքեր են նրանք, առայժմ գաղտնի է պահվում։ Մինչդեռ, որոշ աղբյուրներ պնդում են, որ «Նաիրիտ»-ով շահագրգռված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG