Մատչելիության հղումներ

Ստորագրվեց հայ-իտալական գիտակրթական եւ մշակութային համագործակցության միջպետական պայմանագիր


Հայաստանի մշակույթի նախարարությունում երեքշաբթի օրը ստորագրվեց մշակույթի, կրթության եւ գիտության, երիտասարդության հարցերի եւ սպորտի բնագավառում հայ-իտալական համագործակության միջպետական պայմանագիր, որը, Հայաստանի կողմից այն ստորագրած մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի գնահատմամբ, մինչեւ այժմ 40-ից ավելի երկրների հետ կնքված նմանատիպ պայմանագրերից ամենածավալունն ու ընդգրկունն է՝ չզիջելով անգամ Ռուսաստանի հետ ունեցած պայմանագրին:

Իտալական կողմից պայմանագիրը ստորագրել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան: Ստորագրման արարողությունից հետո դեսպանը շեշտեց, որ պայմանագիրը կրթության, գիտության եւ մշակույթի ասպարեզում «երկու երկրների համար համագործակցության շատ լայն հնարավորություններ բացող» մի գործիք է:

«Գործնական ծրագիր է, որտեղ ուղղակի կետ առ կետ շեշտված է, թե կոնկրետ ինչի շուրջ է լինելու մեր համագործակցությունը», - ասաց Ռոլանդ Շառոյանը՝ թվարկելով. - «հուշարձանների պահպանություն, ուսանողների փոխանակում, կրթաթոշակների նշանակում, պրոֆեսորադասախոսական կազմերի համալրում եւ որակավորում, մշակութային ժառանգության գծով փորձագետների փոխանակում եւ այլն»:

Ապրիլի վերջին Հայաստանում իր պաշտոնավարությունն ավարտող դեսպան Տրաբալցան ասաց, որ ամենաթանկ հիշատակը, որը տանելու Իտալիա, «հայ ժողովրդի համակրանքն է Իտալիայի հանդեպ»:

Տրաբալցայի համար այսօր կնքված պայմանագիրը, հավանաբար, վերջինն էր, իսկ արդյո՞ք Ռոլանդ Շառոյանի համար էլ սա ստորագրած վերջին պայմանագիրն էր նախարարի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ նա առաջադրվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում (նախարարի անունը յոթերորդն է «Հզոր Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակում): «Չեմ կարծում», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Ռոլանդ Շառոյանը՝ ավելացնելով, թե պատգամավոր դառնալը կապ չունի իր աշխատանքի հետ: - «Եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գտնի, որ ես անհրաժեշտ եմ այստեղ, ես ստիպված պիտի շարունակեմ իմ աշխատանքը: Ես, ճիշտն ասած, օրենսդիրում իմ դերակատարությունը չեմ տեսնում: Ես ավելի պրակտիկ աշխատանք եմ սիրում»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG