Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքները


Միջազգային լարված իրավիճակը առայժմ որեւէ կերպ չի ազդել Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա: Անցած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր միավորումը այսօր Մատենադարանի մերձակայքում կրկին բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց:

Ընդդիմության պահանջները ու նպատակները չեն փոխվել: «Իշխանություննե'ր, դուք հանգիստ չեք ունենալու, որովհետեւ դուք իշխանություն չե'ք, որովհետեւ դուք բռնազավթել եք [իշխանությունը]»,- հանրահավաքի իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը: - «Դուք տեղ չունեք էս երկրում ու պիտի հեռանաք»:

Ընդդիմությունը շարունակում է պայքարել մի քանի ուղղություններով. Ստեփան Դեմիրճյանը դիմել է Սահանադրական դատարան՝ վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները եւ պահանջելով դրանք անվավեր ճանաչել, միասնական դաշինքով մասնակցելու են մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նպատակ ունենալով Ազգային ժողովում մեծամասնություն կազմել եւ կառավարություն ձեւավորել:

Անդրադառնալով իշխանության մեղադրանքներին, թե ընդդիմությունը պառակտում է հասարակությունը, եւ խարխլում կայունությունը, Ստեփան Դեմիրճյանը ասաց, թե կայունությունը խարխլում են ոչ թե խախաղ ցույցերում արդարություն պահանջողները, այլ բռնություններ իրականացնող իշխանությունը:

«Սադրիչ կոչեր են հնչում ձերբակալելու ընդդիմության ակտիվիստներին, ղեկավարներին», - իր ելույթը շարունակեց Դեմիրճյանը: - «Սա ծրագրված քաղաքականություն է»:

Ընդդիմության ղեկավարներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանի խոսքերով, իշխանությունները կարող են ընդդիմությանը մեղադրել, թե՝ «աշխարհում պատերազմ է ընթանում, իսկ դուք հարցեր եք բարձրացնում»: «Բայց սա մեր երկիրն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Մենք ունենք ներքին բազմաթիվ խնդիրներ, եւ այդ խնդիրների լուծումը պետք է տա Հայաստանի ժողովուրդը, մենք՝ Հայաստանի քաղաքացիներս: Փոխել գործընթացները կամ դրանց տրամաբանությունը՝ հնարավոր չեմ տեսնում»:

Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը նույն առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք պետք է տեսնենք, թե ինչ է կատարվում աշխարհում եւ եւս մեկ անգամ գիտակցենք, որ երկրում բռնապետ ունենալը վտանգում է մեր ե'ւ պետական, ե'ւ ազգային շահերը, նաեւ Ղարաբաղի խնդիրը»:

Շավարշ Քոչարյանի խոսքերով, բռնապետերն են միջազգային հանրության թիրախները: «Երբ որ Հայաստանը բացահայտ գնում է այդ ճանապարհով, նա պոտենցիալ ապագա թիրախն է: Իսկ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այդ թիրախ լինելը դառնում է բավականին հնարավոր»:

Այսօր ռմբակոծություններից տուժում է Իրաքի ժողովուրդը: Իսկ ինչո՞վ է մեղավոր ժողովուրդը: «Պատասխան կա», - իր իսկ բարձրացրած հարցին պատասխանեց ԱԺԿ նախագահը. - «Գոնե այնքանով է մեղավոր, որ չի կարողացել այնպիսի պետություն ստեղծել, այնպիսի կառուցվածք ունենալ, որ երկիրը չդառնա թիրախ»:

Հանրահավաքից հետո հավաքվածները երթով անցան ազգային անվտանգության եւ ոստիկանական ծառայության շենքերի մոտով՝ բողոքելով շարունակվող ձերբակալությունների դեմ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG