Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի ընդգծմամբ, «Հենց այն փաստը, որ ընտրությունների երկրորդ փուլը երկրի ղեկավարությունը ընդունեց շատ բնական եւ առանց սվինների՝ ի հեճուկս ընդդիմության սպասելիքների, վկայում է, որ ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում այլեւս անշրջելի է, քաղաքակիրթ պահվածքը՝ ընդունելի, ժողովրդի ազատ կամքի դրսեւորումը՝ գերակա... Ընդդիմադիր ուժերը այդպես էլ չկարողացան միջազգային հանրության աչքին արժեզրկել մեր պետությունն ու ժողովրդին, ինչին այդքան ձգտում էին»:

«Նախագահական ընտրությունների առաջին փուլը վկայեց, որ կարող է հաստատվել արդարություն. արդար ընտրություններ, արդար հասարակություն, արդար պետություն», - արժեվորում է «Երկիր» թերթը՝ շեշտելով, թե նախորդ ողջ ընթացքի բերմամբ «այսօր Ռոբերտ Քոչարյանը արդեն հաղթանակած է»: «Հաղթեցինք բոլորս» վերնագրով խմբագրականում թերթը հատուկ կարեւորում է. - «Ժողովուրդը սկսել է հավատալ այն բանին, որ ինքը կարող է իր քվեով որոշել երկրի զարգացման ուղղությունը»: Անդրադառնալով ընդդիմության պահվածքին, «Երկիր»-ի մեկնաբանը գրում է. - «Երեկվանից գործողության մեջ է մտել սցենարի հաջորդ փուլը. բացահայտ կեղծիքի ու խժդժությունների միջոցով լարել ներքաղաքական մթնոլորտը: Արդյոք դրա՞ն միտված չէ ընտրություններում մոտ 30 տոկոս հավաքած իրենց թեկնածուին հաղթանակած նախագահ հռչակելը, ակնհայտ պարտությունը որպես հաղթանակ որակելը, քաղաքացիական անհնազանդության կոչերը եւ այլն։ Սա պարտվածի հոգեբանությունն է», - որակում է մեկնաբանը։ - «Այն պարտվածի, որը քաջ գիտակցում է թե' իր ռեսուրսների բարձրագույն նշաձողը, որը մեկ տոկոսով ավելացնելն անգամ այլեւս հնարավոր չէ, թե' դիմացինի անվերապահ հաղթանակի անխուսափելիությունը»։

«Ազգ» թերթի մեկնաբանն այսօր ավելի շատ ակնարկում է ընդդիմության ճամբարի ենթադրյալ տարակարծությունները՝ նաեւ մասնավորապես դիտողություն անելով, թե «հայտարարելով զանգվածային ընտրակեղծիքների մասին, ընդդիմությունն ուղղակիորեն հաստատում է, որ առնվազն ի զորու չի եղել դրանք կանխելու եւ թոզ է փչել ընտրողների աչքերին»։

«Ընտրություններն իսկապես անթերի չեն եղել. արձանագրվել են խախտումներ թե' մեկ եւ թե' մյուս ճամբարների կողմից: Բայց արդյոք դրանք փոխո՞ւմ են քվեարկության ընդհանուր պատկերը», - հարց է դրվում «Հայոց Աշխարհ» թերթում: - «Ենթադրենք, որ եղել են քվեարկության արդյունքների վրա 2-3, առավելագույնը՝ 5 տոկոս ազդեցություն գործած խախտումներ: Ենթադրենք, թե այդ բոլոր խախտումներն արվել են ի վնաս ընդդիմադիր թեկնածուի: Փոխվո՞ւմ է դրանից ընդհանուր պատկերը, որպեսզի ընդդիմությունը հիմք ունենա վիճարկել ընտրությունների արդյունքները... Նման փաստերի հիման վրա երկրի վարկի ու միջազգային հեղինակության հետ խաղալու փորձերը ոչինչ չեն տալու ավարտված ընտրապայքարի մասնակիցներին: Հարկավոր է նայել առաջ՝ մտածել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եւ գալիք խորհրդարանական ընտրություններում դրանք չկրկնելու մասին», - ուղղորդում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Ի վիճակի կլինի՞ ընդդիմությունը դասեր քաղել իր ներկա պարտությունից եւ ցուցաբերել քաղաքական կամք ու փորձառություն իշխանությանն աջակցող ուժերի միաձույլ ճամբարից հերթական պարտությունը չկրելու համար»: Մեկնաբանի հայացքով, սա է այն իրական խնդիրը, որ կանգնած է քաղաքական պայքարի մասնակիցների առջեւ:

«Հայկական ժամանակ» թերթի արժեվորմամբ, երեկ Երեւանում տեղի ունեցավ այն, ինչ տեղի չէր ունեցել արդեն վաղուց. - «Ժողովուրդը դուրս եկավ փողոց ու ցույց տվեց, թե ով է այս երկրի տերը: Ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ ցույց տվեց, որ իր համբերությունն էլ սահման ունի: Ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ ցույց տալու համար, որ այլեւս չի հանդուրժելու ապօրինությունն ու ամենաթողությունը: ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ ցույց տալու համար, որ իրենը, միայն իրենն է իրավունքը՝ որոշելու, թե ով է այս երկրում զբաղեցնելու նախագահի պաշտոնը, եւ ինքը, միայն ինքը իրավունք ունի որեւէ մեկին որեւէ իշխանությամբ օժտել»:

«Օրրան» թերթի շեշտադրումներով էլ՝ «երեկ ժողովուրդն ապացուցեց, որ ինքն ընտրել է: Ապացուցեց նաեւ, որ ինքը տեր է իր ընտրությանը: Եվ ապացուցեց, որ ժողովուրդը տեր ունի»: «Ստեփան Դեմիրճյանը հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում: Երկրորդ փուլի կարիք այլեւս չկա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է պաշտոնապես հայտարարել Դեմիրճյանի հաղթանակը», - կարծում է «Օրրան»-ը:

«Իրավունք» թերթի գնահատականով, փետրվարի 19-ին տեղի ունեցածը «իր ընդգրկումներով, ցինիկությամբ եւ հետեւողականությամբ գերազանցում էր անգամ 1995 եւ 1996 թվականների ամոթալի ընտրությունները»: «Բայց ընտրողների զանգվածային աննախադեպ ակտիվությունը խառնեց քոչարյանականների բոլոր հաշիվները... Ժողովրդի հաղթանակն ամրապնդելու համար անհրաժեշտ է շարունակել հանրահավաքային ճնշումը, եւ ընդդիմադիր շտաբների հավաքած բողոքները ու կեղծիքի ապացույցները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով հասնել նրան, որ առաջին փուլի պաշտոնական արդյունքում Ռոբերտ Քոչարյանի ցուցանիշը իջեցվի մինչեւ առնվազն 42-43 տոկոս», - նշում է մեկնաբանը՝ նաեւ ուրվագծելով. - «Ընդդիմադիր ողջ ընտրազանգվածը համախմբվելու է Ստեփան Դեմիրճյանի շուրջ, քանզի նա ապացուցեց, որ ընդդիմադիրների մեջ ունի առավելագույն վարկանիշը: Նույնքան տրամաբանական է, որ չինովնիկությունը սկսելու է միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի ու Ստեփան Դեմիրճյանի վրա խաղալու քաղաքականությունը, եւ դժվար չէ կանխատեսել, որ մարտի 5-ի նախօրեին կսկսվի զանգվածային առնետավազք՝ հանգեցնելով Ռոբերտ Քոչարյանի պարտությանը»:

«Սկսած 96-ից, մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ, թե որն է ընտրությունների իսկական եւ ճշգրիտ պատկերը։ Սկսած 96-ից, երբ նախագահ հայտարարվեց Տեր-Պետրոսյանը, մենք դեռ չենք ունեցել երկրի ղեկավար, որի լեգիտիմությանը 100%-ով վստահ լինենք։ Թեկուզ հենց այն պատճառով, որ դեռեւս ոչ ոք չի կարողացել հերքել ընդդիմության ներկայացրած ընտրակեղծիքների իսկությունը»։ Այս առումով «Առավոտ»-ի խմբագրականը մատնանշում է. - «Այսօր նման վստահություն մենք դարձյալ չունենք։ Ժողովուրդը դուրս է եկել փողոց եւ արդարացիորեն պահանջում է ԿԸՀ-ից՝ մանրակրկիտ ձեւով ստուգել եւ անհրաժեշտության դեպքում վերանայել ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Եթե ԿԸՀ-ն հրաժարվի դա անել, ապա, անկախ երկրորդ փուլի արդյունքներից, հաջորդ 5 տարիներին եւս ստիպված ենք լինելու նախագահի լեգիտիմությունը կասկածի տակ դնել։ Թող մեզ համոզեն, որ Քոչարյանն այս փուլում իսկապես հավաքել է 49,8%, թող ցրեն բոլոր կասկածները։ Հակառակ դեպքում ապագա նախագահը կարող է ժողովրդի հավատի ու վստահության վրա հույս չդնել», - պայմանավորում է «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG