Մատչելիության հղումներ

Եվրոբանկը կես միլիոն դոլարի վարկ է հատկացնում Հայէկոնոմբանկին


Ուրբաթ օրը Երեւանում համաձայնագիր ստորագրվեց Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի եւ Հայաստանի առաջատար բանկերից Հայէկոնոմբանկի միջեւ, որով կես միլիոն դոլարի վարկ հատկացվեց՝ փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակներում:

Վարկը արդեն երկրորդն է 2000 թվականից գործող փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակներում. առաջին՝ մեկ միլիոն դոլարը, ըստ Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի, երկարաժամկետ վարկերի ձեւով տրվել է տնտեսության գրեթե բոլոր բնագավառների գործարարներին։

Իր հերթին, Եվրոբանկի Հայաստանի եւ Վրաստանի գծով ներկայացուցիչ Նիկոլայ Հաջինսկին, համաձայնագիրը ստորագրելուց հետո տրված ասուլիսում ասաց, թե իրենք հաջողված են համարում Հայէկոնոմբանկի հետ կնքված առաջին պայմանագրի կատարումը:

«Սա սոսկ մեր համագործակցության սկիզբն է։ Մենք ունենք ավելի հավակնոտ ծրագրեր», - ասաց Եվրոբանկի ներկայացուցիչը՝ հավելելով, թե մոտ ապագայում հնարավոր է համագործակցության այնպիսի ձեւ, ինչպիսին Հայէկոնոմբանկի կանոնադիր կապիտալի մեջ մինչեւ 20 տոկոս փայամասնակցությունը։ Այս ձեւը, ի դեպ, Եվրոպական բանկը դիտում է որպես համագործակցության բարձրագույն ձեւ։

Նախընտրական գործընթացները գրեթե չեն ազդել Հայաստանի բանկային համակարգի վրա, ռիսկերը չեն բարձրացել։ Ապացույցը դրամի կայուն փոխարժեքն է, նաեւ բանկերում արվող գործարքների ծավալների աճը։ Անցյալ տարին բանկային համակարգը ընդհանուր առմամբ փակել է մոտ 4,5 միլիարդ դրամի շահույթով։

Պայմանագրի ստորագրմանը ներկա Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կարեւոր համարեց առանց միջնորդների կամ երաշխավորների հարաբերությունների զարգացումը, որտեղ ո'չ կառավարությունը եւ ո'չ Կենտրոնական բանկը հավելյալ պատասխանատվություն չեն ստանձնում:

Այսօր հատկացված վարկի միջոցով վարկավորվելու է արտաքին առեւտուրը։ Ըստ Օսիպյանի, առեւտրի խթանման պայմանագրով տրված այդ վարկերով գործարարները ներմուծման եւ արտահանման գործարքներ կատարելիս հնարավորություն կստանան լրացնել շրջանառու միջոցների պակասը։

Վարկը գործարարներին կտրվի մեր չափանիշներով շատ ցածր տոկոսադրույքով՝ տարեկան 8-12 տոկոսադրույքով, որը, Օսիպյանի խոսքերով, հետագայում իջնելու միտում կունենա:

Անցյալ տարվա ընթացքում Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներին տրամադրել է 4,5 միլիոն դոլարի վարկային միջոցներ։ «Այս տարի տրվելիք գումարները պակաս չեն լինի», - ասաց Հաջինսկին: Սակայն, նրա խոսքերով, ամեն ինչ կախված կլինի մի շարք այլ բնագավառների ծրագրերից, որոնց իրագործման դեպքում վարկային հատկացումների ծավալների աճը մի քանի անգամ ավելի կլինի։

Անցյալ տարի Եվրոբանկը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի բաժնետոմսերի 20 տոկոսի հավանական գնորդն էր համարվում։ Սակայն այն բանից հետո, երբ պարզվեց, որ ցանցերի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի գնորդը օֆշորային գոտում գրանցված «Միդլենդ Ռիսորսիզ» ընկերությունն է, Եվրոբանկը հրաժարվեց գործարքից։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG