Մատչելիության հղումներ

Նախարարը դժգոհ է «Նաիրիտ»-ի հավատարմագրային կառավարչից


Նախագահական ընտրապայքարին հընթացս կառավարությունում շարունակվող նախարարությունների հաշվետվությունները կամա թե ակամա վերածվել են գործող նախագահի վարած կուրսի քարոզչության, ինչը, անշուշտ, հաշվի են առնում իրենց արածն ու չարածը ներկայացնող բոլոր նախարարները: Այսօր հերթը առեւտրի եւ տնտեսական զարգացման եւ բնապահպանության նախարարներինն էր։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նիստից հետո լրագրողներին ասաց, թե 2002-ի տնտեսական ձեռքբերումները տպավորիչ են, տեղաշարժերը նկատելի են նաեւ սոցիալական ոլորտում. բնակչության եկամուտներն աճել են 15, ծախսերը՝ 12 տոկոսով, նվազել է աղքատությունը: Ասել է թե՝ տնտեսության եւ սոցիալական բնագավառի զարգացումը ակնառու է:

Հարցին, թե նախընտրական քարոզարշավի ընթաքում, երբ թեկնածուներից յուրաքանչյուրը նաեւ իր տնտեսական ծրագրահենքն է ներկայացնում, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը ինչպե՞ս է գնահատում այդ ծրագրերը, դրանց մեջ կա՞ն գործող նախագահի վարած տնտեսական ուղեգծին այլընտրանքային ծրագրեր, Կարեն Ճշմարիտյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, թե դրանք գրեթե նույն բովանդակությունն ունեն: Միեւնույն ժամանակ, նախարարը նկատեց, թե նախընտրական ծրագրերում թեկնածուները լավ ձեւակերպում են նպատակները, սակայն, դրանց հասնելու մեխանիզմներ չեն առաջարկում, ուստի, ըստ նախարարի՝ գործ ունենք ոչ թե ծրագրերի, այլ լոզունգների հետ։

Նախարար ճշմարիտյանի այսօրվա ծավալուն հաշվետվությունը, մինչդեռ, ամբողջապես դրական ձեռքբերումների հաստատագրում էր: Ի պատասխան անհաջողությունների կամ ձախողումների ոլորտին վերաբերող հարցին, թե ինչու անցյալ տարի հնարավոր չեղավ աշխատեցնել «Նաիրիտ»-ը կամ Վանաձորի քիմիական համալիրը, նախարարը միանշանակորեն մեղքը վերագրեց ներդրողի՝ բրիտանական «Ռանսաթ» ընկերության ապաշնորհությանը:

«Էնտեղ մենեջմենթ չկա ընդհանրապես», - ասաց Ճշմարիտյանը: - «Ես շատ դժգոհ եմ, երկու-երեք նամակում արտահայտել եմ իմ դժգոհությունը՝ պատասխան չեմ ստացել»:

Ինչպես երեւում է, նախարարի համբերության բաժակն արդեն լցվել է, ու շատ շուտով պետք է սպասել, որ ներդրումային այս նախագիծը չեղյալ կհամարվի, հետն էլ՝ Վանաձորի քիմիական կոմպլեքսի վերագործարկման հույսերը ի չիք կդառնան:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG