Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ը գնահատում է ադրբեջանական վտանգները


«Էկոնոմիստ» բրիտանական հեղինակավոր շաբաթականի հետազոտող խումբն իր զեկույցն է հրապարակել Ադրբեջանում օտարերկրյա ներդրողներին սպասող վտանգների վերաբերյալ:

Ամենամեծ վտանգը, իհարկե, հայերի հետ լայնածավալ պատերազմի վերսկսումն է: Այդ վտանգը բրիտանացի վերլուծաբանները գնահատում են այսպես. - «Կա չափավոր ռիսկ, որ կվերսկսվեն ռազմական գործողությունները հանուն Լեռնային Ղարաբաղի, որը տեխնիկապես Ադրբեջանի կազմում է»:

Հրադադարը, ըստ զեկույցի, պահպանվում է, որովհետեւ կողմերը ռազմական առճակատում չեն ցանկանում, միեւնույն ժամանակ թե' Ադրբեջանում, թե' Հայաստանում ուժեղ քաղաքական հոսանքներ կան, որոնք ընդդիմանում են 1994-ի հրադադարը շարունակական խաղաղության վերածելուն ուղղված փոխզիջումներին: Այդ պատճառով, բրիտանացի փորձագետների կանխատեսմամբ, մոտ ապագայում հակամարտությունը հազիվ թե կարգավորվի: «Ճիշտ է», - փաստում են «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները, - «ընդդիմադիր ճամբարից պարբերաբար կոչեր են հնչում Ղարաբաղը պատերազմական ճանապարհով վերադարձնելու վերաբերյալ, սակայն քանի դեռ Հեյդար Ալիեւը նախագահ է մնում, նման կոչերն անտեսվելու են»:

Բայց արդյո՞ք Ալիեւը նախագահ կմնա. սա է օտարերկրյա ներդրողներին հետաքրքրող գլխավոր հարցերից մեկը: Բրիտանացի փորձագետները փաստում են, որ Ադրբեջանում իշխանափոխության հստակ մեխանիզմ չկա՝ 1990-ից սկսած բոլոր իշխանափոխություններն ուղեկցվել են բռնություններով:

Նախագահ Ալիեւը տարեց է եւ վատառողջ: Թեեւ նա հայտարարում է, որ թոշակի անցնելու մտադրություն չունի եւ պաշտոնապես չի անվանել իր հետնորդին, Ալիեւը հող է պատրաստում որդուն՝ Իլհամ Ալիեւին իշխանության բերելու համար: 2002-ի օգոստոսին հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն, նախագահի մահվան կամ հրաժարականի դեպքում իշխանությունը երեք ամսով անցնում է վարչապետին: Նկատի առնելով այս հանգամանքը, «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները հավանական են համարում, որ Իլհամը վարչապետ կնշանակվի, ինչը նրան թույլ կտա ղեկավարման փորձ ձեռք բերել:

Միեւնույն ժամանակ նրանք խոստովանում են, որ պարզ չէ, թե որքանով մեծ է Իլհամ Ալիեւի աջակցությունը: Արդյո՞ք նման գերդաստանային հաջորդափոխությունը կընդունվի Ադրբեջանում եւ արդյո՞ք Իլհամ Ալիեւը կարող է մնալ նախագահ: Թեեւ ադրբեջանցի երկրապահները չեզոքացված են, իսկ մարտական ստորաբաժանումները Ադրբեջանում սովորաբար տեղակայված են ծանր սպառազինությունից առանձին, ռիսկ կա, որ բանակը կամ զինված խմբավորումները կմիջամտեն իշխանության համար պայքարին:

Բրիտանացի մասնագետները օտարերկրյա ներդրողներին խորհուրդ են տալիս՝ նկատի ունենալով, որ իշխանության համար պայքարն Ադրբեջանում կարող է ուղեկցվել բռնություններով, նախապես կազմեք ձեր անձնակազմը Ադրբեջանից էվակուացնելու ծրագրեր: Եթե երկրից հեռանալը ինչ-ինչ պատճառներով անհնարին դառնա, դիմեք ձեր երկրի դեսպանատուն:

Արդյո՞ք օտարերկրյա ներդրողները Ադրբեջանում պետք է վտանգ սպասեն «Ալ Ղաեդա» միջազգային ահաբեկչական ցանցից: Այս հարցին բրիտանացի փորձագետները պատասխանում են այսպես՝ ավելի շուտ ոչ թե «Ալ Ղաեդայ»-ից, այլ Իրանի կողմից հովանավորվող խմբերից, որոնք կարող են Ադրբեջան անցնել Իրանից:

«Հայաստանն ու Ադրբեջանը քարոզչական արշավ են ծավալել, մեղադրելով միմյանց ահաբեկչությանն աջակցելու մեջ», - փաստում են «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները՝ խոստովանելով. - «Իրականում որեւէ ապացույց չկա, որ ինչ-որ խոշոր միջազգային ահաբեկչական կազմակերպություն գործունեություն է ծավալել Հայաստանում կամ Ադրբեջանում»: «Ալ Ղաեդան», ըստ բրիտանացի մասնագետների, սուննի կազմակերպություն է, այնինչ ադրբեջանցիների մոտ 70 տոկոսը շիա մահմեդականներ են:

«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները թվարկում են նաեւ այլ վտանգներ, որոնց կարող են հանդիպել օտարերկրյա ներդրողներն Ադրբեջանում. կազմակերծված հանցագործություն, ազգային տարադրամի փոխարժեքի տատանումներ, ժողովրդական հուզումներ, նավթի գների կտրուկ անկում միջազգային շուկայում:

Միաժամանակ, սակայն, փաստում են, թե սպանվելու կամ առեւանգվելու վտանգը Ադրբեջանում շատ ավելի փոքր է, քան Ռուսաստանում, մանաթը (Ադրբեջանի դրամական միավորը) վերջին տարիներին կայուն է, ժողովուրդը քաղաքականապես ակտիվ չէ, եւ բողոքի ցույցերը սովորաբար մարդաշատ չեն լինում, իսկ նավթի գնի կտրուկ անկում տնտեսագետները չեն կանխատեսում:

Շատ ավելի մանրամասն են խոսում բրիտանացի փորձագետները մեկ այլ վտանգի մասին, որն ախուսափելիորեն սպասում է օտարերկրյա ներդրողին Ադրբեջանում: Դա կաշառառությունն է, որը, ինչպես նշում է «Էկոնոմիստ»-ը, համատարած բնույթ է կրում: Կոռուպցիան գոյություն ունի իշխանության բոլոր մակարդակներում, պետության կողմից վերահսկվող բոլոր մարմիններում եւ ընկերություններում:

Արտասահմանյան ավիաընկերությունները, օրինակ, բողոքում են, որ Բաքվի օդակայանում ստիպված են, այսպես ասած, «չկանխատեսված վճարումներ» կատարել: Ադրբեջանի տնտեսության՝ բարեփոխումների չենթարկված պետական հատվածը կողմնակի եկամուտների առանձնապես կարեւոր աղբյուր է թե' քաղաքական գործիչների, թե' ձեռնարկությունների ղեկավարության համար:

«Երբ ձեզանից որոշակի գումար են պահանջում, խորհրդակցեք ձեր իրավաբանի հետ՝ արդյո՞ք այդ կոնկրետ դեպքում ընդունելի է այսպես կոչված «գործարքը հեշտացնող վճարումը», - խորհուրդ են տալիս բրիտանացի փորձագետները, ավելացնելով, որ ընդհանրապես օտարերկրյա ընկերությունները չպետք է կաշառք տան:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG