Մատչելիության հղումներ

Պատրաստվում է Մարդու իրավունքների հանձնաժողովի ամենամյա զեկույցը


Երեկ անցնող տարվա վերջին նիստը գումարած Հայաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը պատրաստում է իր ամենամյա զեկույցը, որում ուշադրություն է սեւեռում հիմնականում չարվածի վրա: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասրյանը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց այն խնդիրներն ու ոլորտները, որ ներկայացվելու են զեկույցում:

Կյանքի իրավունքի առնչությամբ հանձնաժողովն արձանագրելու է, որ Եվրախորհրդի առջեւ ստանձնած հիմնական պարտավորություններից մահապատժի վերացման ուղղությամբ Հայաստանը դոփում է տեղում: Դեռեւս չեն վավերացվել ո'չ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից՝ մահապատժի վերացման մասին երկրորդ՝ կամընտիր արձանագրությունը, ո'չ էլ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրությունը:

Զեկույցի երկրորդ կետով հանձնաժողովը ուշադրություն է հրավիրելու իրավապահ մարմիններում խոշտանգումների կիրառման փաստերի վրա. այս տարի եւս այդպիսի բազմաթիվ ահազանգեր են ստացվել:

«Տվյալ հարցի հետ կապված հանձնաժողովը առաջարկելու է գործադիր իշխանություններին, որպեսզի Հայաստանը Խոշտանգումների դեմ կոնվենցիայով նախատեսված կարգով կատարի համապատասխան հայտարարություն, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք կստանային դիմել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին», - ասաց Ասրյանը՝ ավելացնելով, որ դա ընթացակարգային առումով շատ ավելի դյուրին է, քան Եվրոպական դատարանին դիմելը, ինչի իրավունքը Հայաստանի քաղաքացիները արդեն ունեն:

Հանձնաժողովի զեկույցը դատապարտելու է նաեւ Հայաստանից մարդկանց ապօրինի փոխադրումների՝ տրաֆիկինգի, եւ հարկադիր աշխատանքի հետ կապված փաստերը, անդրադառնալու է երկրում արդար դատաքննության իրավունքին, քանի որ գտնում է, որ մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ հիմնախնդիր է օրենքի ոչ միատեսակ կիրառումը դատական մարմինների կողմից: Որպես օրինակ բերվեցին Վճռաբեկ դատարանի միեւնույն դատավորի կողմից քննված երկու նույնանման գործեր: «Միեւնույն տիպի քրեական գործով՝ բովանդակությամբ բավականին մոտիկ, կարող են տրամագծորեն հակառակ դատավճիռներ կայացվել», - ասաց Ասրյանը:

Հանձնաժողովը լուրջ հիմնախնդիրների առկայություն է արձանագրելու նաեւ մտքի, խղճի եւ կրոնի ազատության տեսանկյունից: Ուշադրություն է հրավիրվելու փաստին, որ մինչեւ հիմա լուծված չէ կրոնական կամ այլ համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունը չընդունող անձանց համար այլընտրանքային ծառայություն նախատեսելու հարցը:

Դրական տեղաշարժ հանձնաժողովը արձանագրել է փախստականների իրավունքների մասով: Դրական է գնահատվել, որ անցած հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում փախստականները մեծամասամբ օգտվել են ընտրելու իրենց իրավունքից:

Ազգային ժողովրդավարական միության իրավապաշտպան գրասենյակի հիմնադիր Վովա Հախվերդյանի գնահատմամբ, մինչդեռ, Հայաստանում առաջին տեղում մարդկանց սոցիալական իրավունքների ոտնահարումն է: Նրա խոսքերով, չի կարելի «մի երկրի մասին խոսել մարդու իրավունքների հարցով, որտեղ մինիմումը չի ապահովվում իր քաղաքացու»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG