Մատչելիության հղումներ

Հայաստանը կողմնակից է իրաքյան ճգնաժամի քաղաքական կարգավորմանը


Հայաստանը միացել է Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային Միության կազմից չորս երկրների կոչին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա քաղաքական լուծում գտնել իրաքյան ճգնաժամին:

Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցող վեց երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ կողմնակից են «իրավիճակի կարգավորմանը դիվանագիտական ու քաղաքական միջոցներով՝ խստորեն հետեւելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին»:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հայտարարությունը հրապարակվել է Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայացած հանդիպման ավարտին: Մեջբերվում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյի խոսքերը, թե Ռուսաստանի ղեկավարությունը անցած մի քանի շաբաթների ընթացքում ակտիվորեն աշխատել է՝ փորձելով գտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա հիմնված փոխընդունելի լուծում:

«Բոլորս հասկանում ենք, որ չպետք է թույլ տանք գործողություններ, որոնք կարող են աշխարհի զարգացումները մղել առճակատման խորացման ուղղությամբ», - ավելացրել է Ռուշայլոն:

Հայաստանը, որին Բիշկեկում ներկայացնում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արդեն բարձրաձայնել է իր առարկությունները Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելու Միացյալ Նահանգների ծրագրերի կապակցությամբ: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը անցած սեպտեմբերին ասել էր, որ Բաղդադի՝ զանգվածային ոչնչացման զենքի ծրագրերին վերաբերող միջազգային բանավեճը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:

«Ուզում եմ հույս հայտնել, որ ռազմական գործողություններ [Իրաքի նկատմամբ] չեն լինի», - ասել էր Օսկանյանը:

2001 թվականի փետրվարին Օսկանյանը անձամբ է բացել Հայաստանի դեսպանատունը Բաղդադում, ինչից հետո հանդիպում է ունեցել է Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնի հետ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG