Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց համազգային շարժումը մնաց անշարժ», - երեկվա համագումարի նստվածքն է որակում «Առավոտ» թերթը, միաժամանակ խմբագրականում մատնանշելով. - «Ազատական գաղափարախոսության հատվածը մեր քաղաքական դաշտում մնում է թափուր: Եվ ՀՀՇ-ն ու, ինչպես ընդունված է ասել, ՀՀՇ-ամերձ կազմակերպությունները, որոշ ճիգեր գործադրելու դեպքում, կարող են այդ հատվածը զբաղեցնել: Եթե, իհարկե, չեն ուզում վերածվել հեղափոխության վետերանների ակումբի»:

«Երեկ ՀՀՇ 13-րդ հերթական համագումարն անորոշ սկսվեց ու անորոշ էլ ավարտվեց», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Միակ հետաքրքիր իրադարձությունը համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնվելն էր, որը, ինչպես միշտ, հուսախաբ արեց իր խոսքին սպասող կուսակցականներին ու լրագրողներին»: Այսուհանդերձ, «Հայկական ժամանակ»-ը դեռեւս շարունակում է շեշտադրված պահել, թե «2003 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահի մասնակցել-չմասնակցելու շուրջ վերջնական որոշում չի կայացվել»: «Օրրան» թերթի մեկնաբանը ՀՀՇ համագումարի մեջ արժեվորելիք գտել է, որ մատուցում է այսպես. - «Տեսանք ու հասկացանք, որ կուսակցությունը բյուրեղացման-ներքին ինտեգրման մեջ է: Ինչպես որ է հասարակությունը: Պայքար կա: Ու որ պայքար կա, ուրեմն կա նաեւ կյանք՝ ի տարբերությունը ճահճացումից տրոփող ներկա իշխանությունների»:

Իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպավորությունը այդ համագումարից խտացվել է հետեւյալում. - «ՀՀՇ-ն համոզված է, որ հասարակությունն իր կարիքը խիստ զգում է, եւ այդ համոզմունքի պատճառով էր, թերեւս, որ բոլոր ելույթներում կուսակցության դերը Հայաստան պետության ապագայի հարցում բացարձականացվում էր: Իսկ թե ինչու սանանվեց համազգային շարժման հանդեպ վստահությունը, այդ մասին ինքնահիացական ելույթներում խոսք չեղավ... Պարապ ընթացքի մեջ գտնվող ՀՀՇ-ի այցեքարտը համագումարում եւ դրանից դուրս էլ, փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունն է: Իսկ այդ լռությունը եթե որոշ ժամանակ գուցեեւ օրիգինալություն էր ընկալվում, ապա հիմա, ինչպես պիեսի ձգձգվող արար, կարող է ձանձրացնել հանդիսատեսին, եւ հանգուցալուծման պահին այլեւս հետաքրքիր չլինել»:

«Հայոց Աշխարհ»-ում առանձին մատուցման են արժանացել լուրերը, թե Տեր-Պետրոսյանը նախօրեին իր մոտ էր կանչել Դավիթ Շահնազարյանին, դժգոհել նախաձեռնող խմբերի ծավալած աշխատանքից ու կտրուկ հրաժարվել նախագահի թեկնածու առաջադրվելուց: Նախկին նախագահի առանձնակի վրդովմունքն է առաջացրել այն հանգամանքը, որ իրեն առաջադրողների շարքերում են հիմնականում թափթփուկները... Եվ միայն Բաբկեն Արարքցյանի ու Դավիթ Շահնազարյանի թախանձագին խնդրանքներից հետո է նախկին նախագահը համաձայնել ներկա գտնվել ՀՀՇ 13-րդ համագումարին»:

«Նախկին նախագահի նախկին ծրագրերի հանդեպ հասարակական հետաքրքրության պակասը էապես պայմանավորեց առաջիկա նախագահական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի որոշումը», - ընդգծվում է այսօր «Երկիր» թերթում: Միաժամանակ «Երկիր»-ի անդրադարձում հիշարժան տեղ է գրավել Տեր-Պետրոսյանի արձագանքը դահլիճից, որ համագումարը «ճիշտ հունով գնաց»:

«Իրավունք» թերթում անցնող շաբաթվա նախընտրական հեռապատկերից խտացվում է, թե Ռոբերտ Քոչարյանի նախընտրական մարտավարության տարրերից մեկը արդեն ակնհայտ է՝ նվազագույնի հասցնել բնակչության մասնակցությունը նախընտրական գործընթացներին եւ հրանավորին չափ պահպանել քաղաքացիական պասսիվության ու անտարբերության մթնոլորտը»: Սերժ Սարգսյանի մասով այստեղ մասնավորապես մեկնաբանվում է. - «Բազմաթիվ չինովնիկներ, այդ թվում՝ եւ շատ բարձրաստիճան, չնայած բազմիցս հրապարակավ երդվել են մինչեւ վերջին շունչը հավատարիմ լինել Ռոբերտ Քոչարյանին, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը դեռ չտեսած սկսել էին, կոպիտ ասած, «բոբիկանալ» եւ ռեւերանսներ անել նախկին նախագահի ուղղությամբ: Դա միանգամից ցույց տվեց, թե ինչ սրընթաց արագությամբ կարող է փուլ գալ եւ տրոհվել այն, ինչը քաղաքական գործիչները նրբանկատորեն կոչում են «վարչական ռեսուրս», սակայն ինչը, ժողովրդական պարզ լեզվով ասած, լոկ ընտրակեղծարարական հնարավորությունների հանրագումար է: Ռոբերտ Քոչարյանի համար ակնհայտ էր, որ եթե երկաթյա ձեռքով չինովնիկների ու օլիգարխների սանձերը քաշող չլինի, ապա ընտրությունների ժամանակ նրանք ոչ մի հենարան էլ չեն լինի»: «Իրավունք»-ը եւս, մի շարք այլ թերթերի նման, հատուկ ուշադրություն է սեւեռել, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հավաքում հիմնականում նույն այն մտավորականներն էին, ովքեր ցանկացած գործող իշխանությունից ստանում են կոչումներ, շքանշաններ, պարգեւներ եւ մշտապես պատրաստ են անել ցանկացած գործող իշխանության գովքը: «1996-ին նրանք նույն հաջողությամբ «անկեղծորեն» անփոխարինելի էին համարում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մյուս կողմից էլ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանը, պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին՝ ինչո՞ւ է ի թիվս հայրենի մտավորականության այլ ներկայացուցիչների , առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ասել է. - «Այլընտրանքային նախագահացուների մասին խոսելը, իմ կարծիքով, նույնիսկ ծիծաղելի է: Այդ կարիկատուրային թեկնածուները մեր ազգային խայտառակությունն են, որովհետեւ անչափելի ախորժակ ունեն, եւ միակ բանը, որ ուզում են, լափելն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG