Մատչելիության հղումներ

«Առավոտ»-ի երեկվա ողջ տպաքանակի անհետացման համար աշխատանքից հեռացվել է «Հայմամուլ»-ի պաշտոնյաներից մեկը





Մեծ աղմուկ հանած երեկվա միջադեպի կապակցությամբ, երբ ամբողջությամբ անհետացել էր ընդդիմադիր «Առավոտ» օրաթերթի ամբողջ տպաքանակը, աշխատանքից ազատվել է «Հայմամուլ» պետական ձեռնարկության մի պաշտոնյա:

Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության, «վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականի արդյունքում մամուլի տարածման «Հայմամուլ» գործակալության գլխավոր տնօրենը վարչապետին զեկուցել է, որ «Առավոտի» համարի բախշումը եւ առաքումը սահմանված կարգով չկազմակերպելու, այդ գործում կոպիտ խախտումներ թույլ տալու համար, իր հրամանով աշխատանքից ազատել է ընկերության առաքման բաժնի պետ Ա. Արսենյանին»:

Հաղորդագրությունը չի մանրամասնում, թե հատկապես որոնք են այդ «կոպիտ խախտումները»: «Հայմամուլ»-ի փոխտնօրեն Արշալույս Մանուկյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ինքը համոզված է, որ թերթը կրպակներում վաճառվել է: «Առավոտ»-ի երեկվա համարը, սակայն, չի հասել ընթերցողներին, անգամ թերթի խմբագրությունում այն չկար:

Հոդվածը, որը, ըստ «Առավոտ»-ի խմբագրի ենթադրության, պատճառ է դարձել թերթի ողջ տպաքանակի անհետացման, վերնագրված էր «Վարչապետի մերձավորները չարաշահում են» եւ առնչվում էր վարչապետի օգնական Գեւորգ Հակոբյանի, նրա տիկնոջ՝ Ադելաիդա Մարտիրոսյանի , եւ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի տնտեսական գործունեությանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, նախագահ Քոչարյանը անձամբ բացատրություն է պահանջել Անդրանիկ Մարգարյանից, եւ վերջինս հերքել է իր առնչությունը այդ միջադեպին:

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ «Հայմամուլ» գործակալության փոխտնօրեններ Ա. Մանուկյանին եւ Ռ. Առաքելյանին հանձնարարվել է «մեկշաբաթյա ժամկետում մշակել որոշակի միջոցառումներ թերթերի առաքումը եւ իրացումը հստակ կազմակերպելու, նկատված թերություններն ու խախտումները կանխելու, հետագայում բացառելու նպատակով»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG