Մատչելիության հղումներ

Քննարկվեցին հարկային քաղաքականության հարցերը


Հարկերին վերաբերող տեսակետների բախումը հատկապես սուր բնույթ է ստանում, երբ բանավեճի սեղանի շուրջ նստում են մի կողմից հարկային օրենքներ ընդունող, քաղաքականություն մշակող եւ իրականացնող պատասխանատուները, մյուս կողմից՝ գործարարների շահերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարաներն ու փորձագետները։

«Առաջիկա տարիներին Հայաստանում հարկային դրույքաչափերի բարձրացում չի լինի, որպեսզի բիզնեսն իրեն պաշտպանված զգա», - այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հրավիրված սեմինարի ընթացքում հայտարարեց պետական եկամուտների նախարարի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Սակայն, արդեն հաստատված ու գործող հարկերը արդյո՞ք ընդունելի են շահագրգիռ կողմերի համար։ Ըստ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մկրտչանի, եթե գործարարը օրենքով գործի, ապա հարկերը վճարելուց հետո «տակը բան չի մնա»: «Այսօր գումար ներդնելը անիմաստ է, որովհետեւ կգան-կտանեն», -ասաց նա:

Մյուս կողմից, նա ընդունում է, որ հարկային օրենքները բոլոր կողմերի շահերը չէ, որ հաշվի են առնում. դրանք գործարարների այս կամ այն խմբի այսպես կոչված լոբբիստական շահերի ճնշման տակ են մշակվում եւ ընդունվում:

Հայ գործարարների ընկերության նախագահ Հոսեփ Սեֆերյանը, իր հերթին համոզված է, որ հարկային օրենքները խեղդող են, դիտավորյալ կիսատ-պռատ են մշակվում ու այդպես էլ հաստատվում են, որպեսզի հարկահավաքները ինչպես ուզենան, այնպես էլ մեկնաբանեն դրանք: Ասենք, շահութահարկի կանխավճարներ գանձելու, կամ գերավճարները վերադարձնելու դեպքում:

«Կանխավճարի դրությունը, որ խեղդելով բոլոր գործարարներին, առնում են՝ ամոթ է», - ասաց նա: - «Խեղդելով, վախեցնելով, սպառնալով չի կարելի տնտեսություն առաջ տանել»:

Իսկ պետեկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը գործարարներին ասում է, որ պետությունը իր խնդիրներն ունի, ասենք՝ բանակ, ոստիկանություն, պահելու, կրթություն եւ առողջապահություն ֆինանսավորելու, իսկ դրանք շարունակ ավելացող ծախսեր են պահանջում: Ուստի պետության հարկային եկամուտները շարունակ պետք է ավելանան: 2000-ի համեմատ հարկային եկամուտները 2001-ին ավելացան 26 միլիարդ դրամով: 2003-ին էլ գրեթե նույն չափով՝ շուրջ 25 միլիարդ հարկային եկամուտների աճ է նախատեսվում:

Հարցին, թե որտեղից են վերցվելու հավելյան գումարները, փոխնախարարը ասաց, թե «բոլորը գիտեն որտեղից»: «Այդ ստվերը ե'ւ փոքր բիզնեսում է, ե'ւ միջին բիզնեսում է, ե'ւ խոշոր բիզնեսում է; Բայց ակնհայտ է՝ այդ ստվերը մենք փնտրում ենք գործարարության մեջ», - ասաց Ալավերդյանը:

Անդրադառնալով հետագա տարիներին հարկային համակարգի զարգացման ուղղություններին, Ալավերդյանը վստահեցրեց, որ զարգացվելու է հայտարարագրման մասին ինստիտուտը. - «Անպայմանորեն մենք առաջիկա տարիներում պետք է գնանք նրան, որ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը աստիճանաբար սկսենք մեծացնել պետական բյուջեի եկամուտներում»:

Խոսքը անձնական եկամուտների եւ ունեցվածքի պարտադիր հայտարարագրման շրջանակի ընդլայնման մասին է: Կառավարությունն արդեն Ազգային ժողովին առաջարկել է պետության բարձրաստիճան պաշտոնյաներից զատ, հայտարարատուների թիվն ընդլայնել ի հաշիվ պետական քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող մյուս պաշտոնյաների, ինչպես նաեւ ոստիկանության եւ հարկային բնագավառների բոլոր պաշտոնյաների։ Իսկ երկու տարի անց իրենց եկամուտները պարտադրաբար պետք է հայտարարագրեն նաեւ գործարար մարդիկ, միայն դրանից հետո՝ արդեն 2005-ին նրանց կմիանան երկրի բոլոր քաղաքացիները։

«Միայն դրանից հետո հնարավոր կլինի հարկերի ծանրության կենտրոնը անուղղակի հարկերից տեղափոխել ուղղակի հարկերի՝ եկամտահարկի եւ շահութահարկի վրա», - ասաց Ալավերդյանը։ - «Առաջիկա տարիների ընթացքում միանշանակ պետք է մենք հասունանք, հասնենք այն աստիճանի, որ ունենանք ժառանգության, նվիրատվության մասին հարկ»:

Այս ամենը, իհարկե, ավելի քաղաքակիրթ կդարձնի մեր հարկային համակարգը. սակայն, որքանո՞վ է այն հնարավոր կյանքի կոչել: Այսօրվա սեմինարին մասնակցող փորձագետներից մի քանիսը համոնզված էին, որ հարուստներին կամ գործարարներին հարկելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները ավելի շուտ քաղաքական նկատառումներով են արվում՝ պայմանավորված առաջիկա համապետական ընտրություններով:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG