Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռուսներին առաջարկում են հալած յուղի տեղ ընդունել վարկածը, թե Թատերական համալիրը գրավել են ինչ-որ ֆանատիկներ, միջազգային ահաբեկիչներ, վերջացած տականքներ, որոնք առանց կոնկրետ նպատակի ու գաղափարի՝ հաճույք են ստանում պայթուցիկ նյութերով ինքնասպան լինելուց ու խաղաղ բնակիչներին որպես պատանդ պահելուց», - գրում է «Առավոտ» թերթի խմբագրականը՝ ընդգծելով. - «Ռուսներին փորձում են համոզել, թե ահաբեկչությունը ոչ մի կապ չունի Չեչնիայում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ։ Բայց դա անհեթեթ բացատրություն է, որին ոչ ոք չի հավատում»։ «Մեր խորհրդարանում երեք տարի առաջ ահաբեկչություն կատարած Հունանյանին եւ նրա խմբին, որոնց եւս «տականք» անվանեցին, իշխանությունը նախընտրում է համարել թմրադեղ օգտագործած միայնակ ֆանատիկներ», - համեմատական գնահատականները հնարավորինս մերձեցնելով, մեկնաբանն ամփոփում է. - «Բայց թե' մի վարկածը, թե' մյուսը հավասարապես հավատ չեն ներշնչում։ Եվ ամենակարեւորը՝ չեն ապահովագրում մեզ նոր ահաբեկչություններից»։

«ՌԴ նախագահը տվյալ դեպքում օգտվել է գլխից եւ գլխացավից միաժամանակ ազատվելու սկզբունքից՝ փաստորեն տանջալի մահվան դատապարտելով սեփական երկրի քաղաքացի հանդիսացող մարդկանց, այդ թվում՝ կանանց եւ երեխաների», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը: Ըստ «Կոմունիստ» թերթի՝ ի պատիվ ռուսական հատուկ մասնագիտացված ջոկատների, ահաբեկչությունը վնասազերծվեց՝ թեեւ հնարավոր չեղավ խուսափել մարդկային զոհերից: «Առավոտ»-ը նաեւ զուգահեռներ է անցկացնում Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների գործողությունների միջեւ: Նշելով, որ Մոսկվայում անմիջապես անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկվեցին, իսկ Հայաստանում իշխանությունների քայլերը սահմանափակվեցին միայն Ազգային ժողովի տարածքով, «Առավոտ»-ի մեկնաբանը ենթադրում է. - «Պետության առաջին դեմքերը համոզվածություն են ունեցել, որ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը սահմանափակվելու է միայն դահլիճում տեղի ունեցածով: Պետք է ենթադրել, որ այդ համոզվածությունն էլ որոշակի տեղեկատվության արդյունք պետք է լիներ»: Թերթի մատուցմամբ, միակ բանը, որ, ի տարբերություն մոսկովյան դեպքերի, բարեբախտաբար տեղի չէր ունեցել, այն էր, որ թույլ չէր տրվել գործի դնել մոսկովյան «Ալֆա» ջոկատին: «Ի դեպ, քաջատեղյակ պաշտոնյաներից մեկի վկայությամբ, «27»-ին էլ այդ ջոկատն առաջարկել էր օդափոխիչներով գազ մղել ԱԺ նիստերի դահլիճ, ինչպես արվեց Մոսկվայում: Թե ի՞նչ կարող էր լինել դրա արդյունքը՝ կարելի է պատկերացնել՝ հետեւելով մոսկովյան պատանդների ճակատագրին», - գրում է «Առավոտ»-ը:

«Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» օրաթերթերը, տեղեկացնելով, որ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր են այցելել հանրապետության ղեկավարները՝ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ ու պատգամավորներ, փոխանցում են Անդրանիկ Մարգարյանի գնահատականը. - «Պետությունը կարողացավ իր մեջ ուժ գտնել այդ սոսկալի ցնցումից հետո ոտքի կանգնելու՝ հաղթահարելով կասկածամտության, անվստահության, անկայունության շրջանը»: Պատասխանելով նաեւ դատավարության ընթացքի, հնարավոր կազմակերպիչներին հայտնաբերելու մասին հարցերին, Անդրանիկ Մարգարյանն ասել է. - «Հարկավոր չէ ամեն ինչ կապել մեկ դատավարության ընթացքի հետ: Որ երեք տարվա ընթացքում դատական գործը չի ավարտվել, պատճառը ոչ թե այն է, որ չգիտենք, թե ով է ոճրագործության հեղինակը: Դա որոշակի գործընթաց է. հետագայում ինքներս մեզ չմեղադրենք, որ հնարավորություն չտվեցինք բոլորին արտահայտելու իրենց մտքերը, կասկածները, վարկածները: Դատավարության ավարտը ցույց կտա, թե ինչ նոր բացահայտումներ կլինեն: Կյանքն առաջ է ընթանում, եւ որեւէ բան երբեք գաղտնի չի մնում»:

«Առավոտ»-ի թղթակիցը պնդում է, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարանի նիստերի դահլիճում արված իր ձայնագրությունը քննիչները խեղաթյուրված են սղագրել: Հիշեցնելով, որ քրեական գործի նյութերին միացված այդ ձայնագրությունը մինչեւ 18-ն անց 15 րոպեն կատարվածի միակ իրեղեն ապացույցն է, լրագրողը խեղաթյուրումների մի շարք օրինակներ է բերում՝ ընդգծելով ընդհանուր միտումը. - «Այս ամենն առանձին հրապարակման նյութ չէր դառնա, եթե աղճատումների մեջ ակնհայտ չլիներ մի հստակ միտում՝ կամ խեղաթյուրվել, կամ ընդհանրապես չեն արձանագրվել հատկապես այն արտահայտությունները, որոնք վերաբերում են որոշակի անձանց»: «Ազգային անվտանգության նախարարության փառապանծ արհեստավարժ սղագրության հետեւանքով կարող է տպավորություն առաջանալ, թե ահաբեկիչները ԱԺ նիստերի դահլիճում «ղշեր» էին ցանկանում որսալ, կամ էլ ուզում էին, որ Համլետ Ղուշչյանը վարի նիստը», - հեգնում է «Առավոտ»-ի թղթակիցը՝ մեջբերելով խեղաթյուրված սղագրություներից մի հատված. - «ԱԱՆ Օպերատիվ-տեխնիկական վարչության աշխատակիցները վերծանել են՝ «Ղուշն էլ չկա՞, արա, վարենք Ղուշչյանի հետ», մինչդեռ իրականում ձայնագրության մեջ պարզ լսվում է, որ Նաիրի Հունանյանը նախ ասում է. «Մուշեղը չկա՞, արա», հետո հավելում՝ «Կարեն, զգույշ»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո իշխանական վերնախավը հոգեբանորեն պատրաստվել է որոշակի փոփոխությունների. «Կառավարության մեր աղբյուրների պնդմամբ, այս ֆոնին դաշնակցական նախարարների պաշտոնանկության մասին խոսակցությունների հիմնական լեյտմոտիվն այն է, որ կառավարության կազմում դաշնակցականների ներկայացվածությունը (15 տոկոս) ամենեւին չի արտահայտում ՀՅԴ-ի ներկայացվածությունը խորհրդարանում (7 տոկոս): Այս իմաստով կառավարության որոշ օղակներում կարծում են, որ դաշնակցական նախարարների պաշտոնանկությունը արդարացված քայլ կլիներ, մանավանդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ֆոնի վրա»: Ըստ թերթի, կադրային փոփոխությունների շուրջ քննարկումների կիզակետում է նաեւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, «պլանի տակ են» համարվում առողջապահության, բնապահպանության, պետական գույքի կառավարման նախարարները:

Գնահատելով ընտրությունների արդյունքները, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Իրավունք»-ում ասում է. - «Թվացյալ հաջողությունը պայմանավորված է ոչ թե վարչապետի անձով, այլ նրա տակի աթոռով»: «Օր» թերթի բնութագրմամբ, տեղական ընտրությունների փաստացի ելքը բնավ չի արտացոլում երկրում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը. - «Իրավիճակի սթափ գնահատումը ցույց է տալիս, որ իրականում գրեթե ոչինչ չի փոխվել: Տեղական ընտրություններում, ըստ էության, ոչ թե ինչ-որ ընտրազանգված ներկայացնող քաղաքական կուսակցություն է վստահության քվե ստացել, այլ հաղթել է գործող վարչական նոմենկլատուրան»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի նորանշանակ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը ընդգծում է. - «Իմ նշանակումը ոչ մի դեպքում չի կարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն նշանակել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG