Մատչելիության հղումներ

«Աղանդավորները փորձում են քայքայել բանակը»


Այսօր առաջին նիստը գումարեց Հայաստանի վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհուրդը, որը ստեղծվել է մեկ ամիս առաջ: Հայաստանում իրականավող կրոնական քաղաքականության կոորդինացումն ու հակաօրինական գործունեություն ծավալող աղանդավորական շարժումների դեմ կանխարգելիչ պայքարն է հիմնականում լինելու խորհրդի խնդիրը: Նիստերը գումարվելու են 3 ամիսը մեկ:

«Մենք հարգում ենք մարդու իրավունքները, բայց ամեն ինչը սահման ունի եւ թույլ չենք տալու, որպեսզի աղանդները օգտագործվեն պետության դեմ,... թույլ չենք տալու, որ հոգեորսությամբ զբաղվեն», - ասաց խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

Պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանն իր խոսքում նկատեց, թե աղանդները անհանգստացնում են նաեւ բանակին: Նա վստահ է, որ աղանդավորական որոշ ուղղություններ հստակ փորձում են մտնել բանակ եւ կազմալուծել այն ներսից: Ըստ փոխնախարարի, ժամանակն է դրա դեմ լրջորեն պայքարելու:

«Սկզբից մի տեսակ շատ լիբերալ եղանք այս հարցերում: Հռոմի պապից ավելի կաթոլիկ դարձանք», - այսպես բնութագրեց պետության հանդուրժողականությունը աղանդների նկատմամբ վարչապետը:

Խորհրդի անդամ, Արարտյան թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի կարծիքով, աղանդները շատ են՝ աճում են սոցիալական ծանր պայմանների ազդեցության տակ, բայց դեռեւս լուրջ վտանգ չեն երկրի անվտանգությանը: Նրա խոսքերով, ավելի շուտ աղանդավորները ներքաղաքական վտանգ կարող են դառնալ, քանի որ փորձում են կրոնի քողի տակ քաղաքական ընտրազանգվածներ ձեւավորել, կարծում է Արարատյան թեմի առաջնորդը: Բայց նա չցանկացավ այսօրվա նախընտրական իրավիճակի եւ աղանդավորների դեմ ծավալվող պայքարի մեջ որեւէ կապ տեսնել:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG