Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը կոչ է անում Վրաստանի պաշտպանության նախարարին բանավոր հավաստիացումներից անցնել գործի




Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Դավիթ Թեւզաձեին: Ընդգծելով տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությունը՝ վարչապետը նշել է, որ կան խնդիրներ, որոնց լուծումը, այնուհանդերձ, կախված է նրանից, թե ցանկանում ենք լուծել դրանք, թե՝ ոչ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ջավախքի խնդիրներին եւս: Վարչապետը, մտահոգություն հայտնելով այնտեղ բնակվող մեր հայրենակիցների ծանր սոցիալական վիճակի վերաբերյալ, կրկին հավաստել է Հայաստանի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ մասնակցելու այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ամիսներ առաջ այդ մասին խոսել է նաեւ Վրաստանի իր գործընկերոջ հետ՝ ընդգծելով, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել Ջավախքի հայության ճակատագրի նկատմամբ:

Ստանալով վրացական պատվիրակության հավաստիացումները, որ իրենք նույնքան շահագրգիռ են իրենց քաղաքացիների կենսապայմանների բարելավման, նրանց համար աշխատատեղերի ստեղծման հարցում, Հայաստանի վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է արդեն տեւական ժամանակ երկուստեք արվող հավաստիացումներից անցնել գործի, արագացնել այդ ծրագրերի իրագործումը՝ այդպիսով կանխելով ավելորդ լարվածության առաջացումն ու զանազան շահարկումները:

Անդրադառնալով Ջավախքից ռուսական ռազմակայանների դուրսբերման խնդրին, Վրաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկրի տարածքում ոչ ռուսական, որ որեւէ այլ երկրի ռազմական բազա չպետք է լինի: Զրույցի ընթացքում նա տեղեկացրել է նաեւ, որ նոյեմբերին Պրահայում նախատեսվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովում նախագահ Շեւարդնաձեն հայտարարելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր երկրի ցանկության մասին: Գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական եռօրյա այցը Հայաստան ավարտվում է: Վաղն առավոտյան նա մեկնելու է: Ազգային ժողովում, հերթական հանդիպումից հետո, նա կարճ հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին՝ ասելով, թե բանակցություններիմ արդյունքներից գոհ է.

«Առաջին հերթին՝ բանակցություններն անցան շատ բարեկամական մթնոլորտում, երկրորդը՝ Կովկասի տարածաշրջանը շատ փոքր է, որ այդպես պահենք մեր անկյունը», ասաց Թեւզաձեն:

Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսում ակնարկեց, որ վրաց-ռուսական լարվածությունը թուլացնելու նպատակով Հայաստանը կարող է միջնորդ հանդես գալ, եթե նման բան առաջարկվի:

Այդ առնչությամբ, Վրաստանի պաշտպանության նախարարն ասաց, որ ինքը քաղաքական հարցերով սովորաբար չի զբաղվում, իր հանդիպումներում նման հարց չի քննարկվել: Այնուամենայիվ, նա նկատեց, որ դա շատ հետաքրքիր առաջարկ է.- «Մենք ողջունում ենք ցանակացած միջնորդություն, որովհետեւ իրավիճակը պետք է արագ կարգավորվի»:

Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում հիմնականում քննարկել են տարածաշրջանային հարցեր: -«Մենք, որպես բարի հարեւաններ, մեր մտահոգությունը արտահայտեցինք եւ պատրաստակամությունը՝ նպաստելու Վրաստանի կայունության վերականգնմանը»:

Վահան Հովհաննիսյանի խոսքերով, վրաց եւ ռուս բարեկամներին Հայաստանը կարող է ներկայացնել մյուս կողմի պրոբլեմները՝ փորձել բացատրել, որ 400-500 գրոհայինները Վրաստանի ներքին կայունության համար շատ լուրջ վտանգ են ներկայացնում եւ Վրաստանը չի կարող այդ վտանգը հավի չառնել: Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ոչ բոլոր պահերին է արդրացված Ռուսաստանի հակաչեչենական կտրուկ քայլեր կատարելու պահանջը:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, չնայած այդ հարցն ուղղակի չի քննարկվել, բայց զգացվում էր, որ Վրաստանը նաեւ մտահոգված է Հայաստանի կողմից Ռուսաստանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու մեջ, քանի որ Ռուսաստանի նախագահի հայտարությունում ակնարկ կար կոլեկտիվ պաշտպանվելու մասին, իսկ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն ու հավաքական անվտանգության պայմանագրի անդամ:

Վահան Հովհաննիսյանի հավաստմամբ,- «վրացի մեր բարեկամները մտահոգվելու խնդիր այս առումով չունեն»:

Վրաստանի պատվիրակությունը շեշտել է, որ իրենց համար Ղարաբաղի եւ Աբխազիայի հակամարտությունները երբեք նույն կերպ չեն դիտվել եւ երբեք նույնանման մոտեցումների չեն արժանացել: Շեշտվել է, որ Ղարաբաղի պրոբլեմը բոլորովին այլ հարթության մեջ է, այլ արմատներ եւ ծալքեր ունի, ուստի պետք չէ նույնանման լուծումներ պատկերացնել:

Հայաստանի նախագահին Դավիթ Թեւզաձեն ներկայացրել է Պանկիսի կիրճի շուրջ վերջին զարգացումները: Նա Ռոբերտ Քոչարյանին է հանձնել այդ խնդրի վերաբերյալ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ուղերձը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG