Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր համագործակցության ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվում են


Այսօր ՀԺԿ-ի (Հայաստանի ժողորդական կուսակցություն) գրասենյակում մինչեւ ուշ երեկո շարունակվեցին ՀԺԿ-ի, «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցությունների, ՀԿԿ-ի (Հայաստանի կոմունիստկան կուսակցություն) եւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման ղեկավարների բանակցությունները՝ նախընտրական համագործակցություն կամ դաշինք ստեղծելու շուրջ:

Բանակցություններում միասնական թեկնածուի անուն դեռեւս չի քննարկվում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բանակցությունները ոչ թե դաշինքի, այլ որոշակի խնդիրների շուրջ համագործակցության շուրջ են: «Ոչ թե դաշինք, այլ համագործակցություն» ֆորմատը շեշտեց նաեւ ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանը:

Ըստ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի, դաշինքի ստեղծման հիմնական նպատակը «Հայաստանի Հանրապետությունը այս մղձավանջից դուրս բերելն է», իսկ այդ խնդրի լուծման սոսկ նախապայմաններից մեկը եւ միգուցե կարեւորը «Ռոբերտ Քոչարյանի ապազգային իշխանությունների թոթափումն է»:

«Կուռ դաշինք ընտրական կեղծիքների դեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ձեւակերպեց Գեղամյանը:

Սրա առանցքում սոցիալ-տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու միասնական ծրագիրն է, որում որոշակիորեն կարձանագրվի, թե «ինչ կստանան թոշակառուները, ինչ կստանա երիտասարդությունը, բյուջետային հիմնարկներում աշխատողները, միջին ձեռնարկատերերը»:

Պատասխանելով ստեղծվող դաշինքի ձախ ուղղվածությանը վերաբերող հարցին, Գեղամյանը ասաց. - «Կա միասնական հակաճգնաժամային ծրագիր, որը աջ կամ ձախ ընդգծված երանգավորում չի ունենա»:

Գեղամյանը հավելեց, որ դաշինքի քաղաքական հայտարարության նախագծում ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն, զարգացնելուն վերաբերող կետ կա, որին զուգահեռ՝ Եվրամիության երկրների հետ քաղաքական, տնտեսական կապերի սերտացում, մեր անմիջական հարեւանների հետ նույնպես: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ էլ այդ առիթով բանակցային լուրջ գործընթացների սկիզբ է նախատեսված:

Բանակցությունների չեն հրավիրվել 13 ընդդիմադիր կուսակցություններից Վազգեն Մանուկյանի ԱԺՄ֊ն (Ազգային ժողովրդավարական միություն), Շավարշ Քոչարյանի ԱԺԿ֊-ն (Ազգային ժողովրդավարական կուսակցություն) եւ Արշակ Սադոյանի ԱԺԴ֊ն (Ազգային ժողովրդավարների դաշինքը: Մյուս կողմից, ակտիվորեն բանակցում են 13֊-ի մեջ չմտնող «Ազգային միաբանություն»-ն ու ՀԿԿ-ն:

«Ձախ ուժերի կողմից բանակցելու առաջարկություն չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շավարշ Քոչարյանը՝ այստեղ մտահոգիչ միտում տեսնելով «սոցիալիստական ուժերի կողմից՝ բերել ձախի եւ աջի հակադրություն»:

«Երկրում ծառացած խնդիրների պատճառը ոչ թե աջ կամ ձախն է, այլ հիմնապատճառն այն է, որ ձեւավորված է հետամնաց, ավտորիտար պետություն, եւ այդ համակարգը չի կարող արդյունավետ լինել Հայաստանի համար», - ասաց Շավարշ Քոչարյանը: - «Պետք է ժողովրդավարության գնացող երկրի կանոնները միասնաբար հաստատել: Իսկ հասարակության, ժողովրդի համար միեւնույն է՝ ա՞ջ ձեռքով են թալանում երկիրը, թե՞ ձախ ձեռքով»:

Շավարշ քոչարյանի խոսքերով, պետք է գտնել այն ընդհանուրը, որը կարող է միավորել ընդդիմադիր դաշտը միասնական թեկնածուի շուրջ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG