Մատչելիության հղումներ

Պետավտոտեսչությունը փորձում է ազատվել կաշառառու ավտոտեսուչներից


Նախորդ շաբաթ ձերբակալվել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին պարեկող պետավտոտեսչության 5 ավագ լեյտենատներ, եւ, ըստ ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորոդագրության, ձերբակալվել են կաշառք վերցնելու պահին:

Ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է163.500 դրամ,1000 թուրքմենական մանաթ, 302 հազար բելառուսական ռուբլի, 20 հարավսլավական դինար եւ 9 վրացական լարի: Մինչ այդ ձերբակալվել էին եւս 2 պետավտոտեսուչ:

Պետավտոտեսչության Երեւանի բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ձերբակալությունների մասին իմացել է հեռուստատեսային հաղորդումից եւ ավելացնելու որեւէ բան չունի: Իսկ ներքին գործերի նախարարության տեղեկատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում աշխատանքից հեռացվել են հարյուրից ավելի պետավտոտեսուչներ: Պետավտոտեսչության նույնքան աշխատակիցներ էլ ենթարկվել են տարբեր կարգի տույժերի՝ տարբեր զանցանքների եւ բաղթողումների համար:

Քանի որ այդ տույժերը, այդուհանդերձ, էական ազդեցություն չեն ունեցել, ըստ Վարդազարյանի, ներքին գործերի նախարարը դիմել է ավելի արմատական միջոցառումների:

Պետավտոտեսուչների կաշառառությունը գալիս է դեռ խորհրդային ժամանակներից: Ընդհանրական բարեփոխումների ուղղությամբ քայլեր այդ ոլորտում անկախության տարիներին չեն ձեռնարկվել, իսկ մի քանի ձերբակալություններով իրավիճակը, անշուշտ, չի շտկվի:

Առկա համակարգն ինքն այսօր նպաստում է, որպեսզի խախտումներ լինեն: Հերթափոխային պարեկություն իրականացնելու համար, օրինակ, պետբյուջեից հատկացված միջոցներով յուրաքանչյուր մեքենայի օրական ընդամենը 2 լիտր բենզին է հատկացվում: Մնացած վառելիքի ծախսը հոգում են տեսուչները: Իսկ շարքային ավտոտեսուչի աշխատավարձը շուրջ 20 հազար դրամ է:

«Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե դա համակարգի հիվանդությունն է», - այս կապակցության ասաց Արտակ Վարդազարյանը: - «Դա որոշ անբեխիղճ, իրենց պաշտոնը ի չարս գործադրող աշխատակիցների թերությունն է, ոչ թե համակարգի թերությունը»:

Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության փոխնախագահ Վլադիմիր Ղազարյանը ավտոտեսուչների ձերբակալությունը համարում է դրական երեւույթ, ինչը որոշ ժամանակ սաստող նշանակություն է ունենալու:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG