Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռուսաստանին ունեցած մեր պարտքը մեծ չէ. 100 մլն դոլար՝ 7 տարվա կտրվածքով՝ մեծ գումար չէ... Կարծում եմ, որ պետության համար շատ դժվար չէր լինի գտնել 20 միլիոնն ու փակել այս տարվա պարտքը»: Նախարար Սերժ Սարգսյանի այս մտքերի հիման վրա «Առավոտ» թերթը մատնանշում է, որ ժամանակին կառավարությունը, ուրեմն, պարզապես խաբել է Ազգային ժողովի պատգամավորներին, ներշնչելով, թե եթե պարտքերը չմարվեն՝ պետական ձեռնարկությունները ռուսներին փոխանցելով, մեր ռազմավարական գործընկերը պատժամիջոցներ կկիրառի: Հիմա շեշտադրվում է, որ սա ոչ թե տնտեսական անհրաժեշտություն էր, այլ՝ քաղաքական հարց: «Որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենան Ռուսաստանին ցույց տալու անսահման նվիրվածությունը ոչ թե Արեւմուտքին, այլ իրենց «ավագ եղբորը», - մեկնաբանում է «Առավոտ»-ը։ - «Հավանաբար, այն հաշվարկով, որ Պուտինն էլ այս ծառայամտությունն ըստ արժանվույն կգնահատի ու նախընտրական շրջանում կաջակցի գործող իշխանություններին»։

«Չունենալով իրական առաջընթաց՝ պետական քարոզչամեքենան, այնուամենայնիվ, հմտացել է հեչից զանազան աճերի մասին փուչիկներ փչելու եւ ամենաիրավասու մակարդակներով հանրությանը մատուցելու գործում», - դիտարկում է «Օրրան» թերթի մեկնաբանը: - «Սկսվել է դյուրահավատների որսը, որի արդյունքում ցանկացած «նետահարված նապաստակ» հետագայում կազատի ընտրությունների արդյունքները լրացուցիչ չափով կեղծելու տհաճ անհրաժեշտությունից»: «Օրրան»-ում եւս ընդհանրացված է. «Ստացվում է, որ տնտեսական քաղաքականության մեջ ավելի շատ քաղաքականություն են խաղում, քան տնտեսություն: Իսկ բնակչության կենսամակարդակը, անկախ վերը նշված հաղթանակներից, «չգիտես ինչու» շարունակում է շեշտակի նվազել»:

«Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում կարծես նորաձեւ է դառնում «նահանջ՝ երգով» գործելակերպը», - մյուս կողմն է նայում «Առավոտ»-ը: - «Եվ այս առումով ՍԻՄ-ը առաջինը չէր՝ երկրորդն էր թիվ 67 ընտրատարածքում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության թեկնածուից հետո, որի ինքնաբացարկն ուղղակի անհեթեթ պատճառաբանության արժանացավ՝ հրաժարվեց, որպեսզի ցույց տա, որ առաջիկայում մեզ սպասվում են մեկ թեկնածուով ընտրություններ: Իհարկե, եթե այդպիսի ընդդիմություն ունենք՝ մեզ այլ բան չի էլ կարող սպասել»:

ԼՂՀ նախագահի ընտրություններին մասնակցելու շուրջ ՍԻՄ-ի շարժերին ընդգծված տարակուսանքով են նաեւ նաեւ «Հայոց Աշխարհ» ու «Հայկական ժամանակ» թերթերը: Վերջինս մեկ անգամ եւս շաղկապել է. «Հրանտ Խաչատրյանը եւ ՍԻՄ-ը այս խաղով նպատակ են հետապնդում լեգիտիմացնել Ռոբերտ Քոչարյանին եւ իրավական հիմքեր ապահովել 2003թ. նրա առաջադրման համար: Ըստ էության, ՍԻՄ-ը հստակ կատարեց պատվերը»:

Ռուսաստանում հակահայկական տրամադրություններին «Ազգ»-ի մոսկովյան թղթակիցը անդրադառնում է «Սկզբից մեզ քննադատենք, նոր ուրիշներին» վերնագրային ընդգծմամբ: «Ամեն ինչ սկսվում է այն հանգամանքից, որ կովկասցիները խախտում են հյուրընկալության կանոնները եւ ամենաբնորոշ բառը, որով կարելի է բնութագրել այդ երեւույթը, մեկն է՝ լկտիաբար», - գրում է թղթակիցը։ - «Ռուսների հիմնական ասելիքն է՝ ոչ թե ներխուժեք մեր երկիրն ու մեղադրանքներ ներկայացրեք մեզ (դա ձեր գործը չէ, թե մենք ինչպես ենք ապրում), այլ կարգի բերեք ձեր սեփական տունը եւ ապրեք ինչպես ուզում եք»: Այս առումով հայացքն ուղղելով Հայաստան, լրագրողն արձանագրում է «զանգվածային գործազրկություն, սով, արտագաղթ, խոր հուսահատություն», հասկանալի օբյեկտիվ դժվարությունների կողքին հնչող հարցերով. «Արդյոք դատարկ տե՞ղն է առաջացել այն մտայնությունը, թե առանց հանրապետության բարձրագույն ղեկավարների երաշխիքի («տանիքի») դժվար է Հայաստանում որեւէ գործ դնել ու առավել եւս գոյատեւել։ Կամ արդյոք հեքիա՞թ է կոռուպցիան, երբ բարձրաստիճան պաշտոնյան հսկայական գումար է մսխում Մոսկվայի խաղատներում»։ Անդրադարձում ամփոփված է. «Անիմաստ է ռուսներին քննադատելը։ Միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կսահմանափակեն կովկասցիների մուտքը Ռուսաստան։ Պետք է դրան պատրաստ լինել։ Պետք է առաջին հերթին սեփական տանը կարգ ու կանոն հաստատել, նոր միայն խելք սովորեցնել ուրիշներին կամ դժգոհել նրանցից»։

Նույն թեմայով «Հայոց Աշխարհ» թերթում այն տեսակետն է առաջ մղված, որ Ռուսաստանի իշխանությունը շահագրգռված է մարտնչող ազգայնամոլների գոյությամբ. «Իշխանական կառույցները ամեն կերպ հովանավորում են վերջիններիս... Նրանք տեղափոխում են երկրում առկա սոցիալական դժգոհությունը հորիզոնական մակարդակի վրա: Եթե մարդիկ չհամարեն, թե ամեն ինչում մեղավոր են, օրինակ, կովկասցիները, ապա, բնականաբար, կսկսեն համարել, որ ամեն ինչում մեղավոր են իշխանությունները»: «Իսկ ցանկացած իշխանություն շահագրգռված է, որ իրեն չդիպչեն», - եզրափակված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Խոսվում է թե, Ղարաբաղյան հիմնախնդիրը տարածքային փոխանակման միջոցով կարգավորելու հարցում շահագրգռված է Միացյալ Նահանգները: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը»: Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, մասնավորապես, ասում է. - «Չեմ կարծում, որ այդ տեղեկությունը մոտ է իրականությանը: Տարածքային փոխանակման այնպիսի ծրագրեր, ինչպիսին էր «Գոբլի նախագիծը» եւ այլն, տարբեր գիտական հաստատություններում ծնված առաջարկներ են, որոնք որպես կարգավորման տարբերակներ ներկայացվում են ամերիկյան վարչակազմին: Հնարավոր է անգամ, որ նման տարբերակը համապատասխանի Միացյալ Նահանգների շահերին, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը կարող է այստեղ ճնշում բանեցնել կամ տարածքային փոխանակման հանգամանքը պարտադրել Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Միացյալ Նահանգների վերջին հայտարարության կապակցությամբ էլ դեսպանը նշում է. - «ԱՄՆ-ի կեցվածքը այս հարցում չի փոխվել: Երբեւէ Միացյալ Նահանգները չեն հայտարարել, թե չեն ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսինքն՝ ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը հիմնված է գոյություն ունեցող զուտ իրավական ստատուս քվոյի վրա... Տվյալ դեպքում այդ հայտարարությունը կարելի է կապել ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանի վերջերս ԱՄՆ կատարած այցելության ժամանակ նրան ցուցաբերած ջերմ ընդունելության հետ: Այսինքն, դա առիթ դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպված ճնշում գործադրեն ԱՄՆ վարչակազմի նկատմամբ: Այդ ճնշումների արդյունքում էլ ծնվեց խնդրո առարկա հայտարարությունը, որը նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի կողմից հավասարակշռություն ցուցաբերելու խնդիր ունի»: «Նշված հայտարարությունից հետո ես նույնպես հանդիպումներ ունեցա պետդեպարտամենտի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Նրանք նշեցին, թե այդ հայտարարությամբ որեւէ կերպ չեն ցանկանում կանխորոշել կարգավորման գործընթացի զարգացումը կամ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», փոխանցում է Արման Կիրակոսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG