Մատչելիության հղումներ

Ընդլայնվում է Հայաստան - Իրան համագործակցությունը էներգետիկայի ոլորտում





Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբօլլահ Բիթարաֆի եռօրյա այցի ավարտին Երեւանում հինգշաբթի օրը ստորագրվեց «Էլեկտրաէներգետիկայի ոլորտի գործակցության մասին» հուշագիրը, որով Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շոշափելիորեն ընդլայնվում է:

«Այցը բեղմնավոր աշխատանքի սկիզբ դրեց», - այսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: - «Գտնում եմ, որ այս համագործակցությունը երկուստեք փոխշահավետ է»:

Իրանի էներգետիկայի նախարարն ասաց, որ երկու երկրների տնտեսական ընդհանուր համագործակցության մեջ բավականին բարձր կլինի էներգետիկայի ոլորտի կշիռը: «Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների հետ հանդիպումները անցել են ջերմ մթնոլորտում եւ շատ բարձր մակարդակով», - ասաց Հաբիբօլլահ Բիթարաֆը:

Տվյալ ոլորտի համագործակցությանը առաջնային նշանակություն է տրվում: «Հայ-իրանական երկկողմ հարաբերություններում էներգետիկան այն շարժիչ ուժն է, որն իր ետեւից կարող է տանել բազմաթիվ այլ ոլորտներ», - երեկ Բիթարաֆի հետ հանդիպման ժամանակ ասել էր նախագահ Քոչարյանը:

Ստորագրված հուշագիրը հստակեցնում է էներգետիկայի ոլորտում հայ-իրանական երեք հիմնական ծրագրերի՝ Արաքս գետի վրա հիդրոկայանի կառուցման, Ագարակ-Շինուհայր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի անցկացման եւ Ագարակի փոխանջատիչ կետի շինարարության, ժամկետները: Վերջին երկու ծրագրերը հնարավորություն կտան ավելացնելու էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումները՝ դրանք հասցնելով տարեկան 350 մեգավատտի:

Ըստ ստորագրված փաստաթղթի, Ագարակի փոխանջատիչ կետի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսի վերջը: Ագարակ-Շինուհայր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքային պայմանագիրը կստորագրվի մինչեւ այս ամսվա վերջը, իսկ աշխատանքները կավարտվեն 15 ամսվա ընթացքում:

Իրանական կողմը 10 մլն դոլար է հատկացնելու Ագարակ - Շինուհայր գծի անցկացման համար եւ 585 հազար դոլար՝ Ագարակի փոխանջատիչ կետի շինարարության համար: Հայկական կողմը այդ գումարը փոխհատուցելու է Իրան առաքվող էլեկտրաէներգիայով:

Ամենախոշոր ծրագրի՝ Արաքս գետի վրա հիդրոկայանի շինարարության կոնկրետ ժամկետներ չնշվեցին: «Այս ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել: Արդեն ստորագրվել է պայմանագիրը: Կոնկրետ ժամկետ դրվեց հիմնավորումները կատարելու եւ աշխատանքները սկսելու առումով», - ասաց Արմեն Մովսիսյանը:

Հայաստանի էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության ղեկավարի տեղեկացմամբ, այցի ընթացքում միջուկային էներգետիկային, Իրան - Հայաստան գազատարին վերաբերող հարցեր չեն քննարկվել: Այդ հարցերով Իրանում այլ նախարարություն է զբաղվում:

«Թուրքմենական կողմի հետ հայկական կողմը պետք է համաձայնության գա, որ թուրքմենական կողմը պատրաստ է որոշակի քանակությամբ գազ անցկացնել Իրանի տարածքով դեպի Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իրանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Գրիգոր Առաքելյանը: - «Այդ դեպքում իրանական կողմը խոստանում է վեց ամսվա ընթացքում իր հատվածում աշխատանքները ավարտին հասցնել»:

Նրա խոսքերով, թուրքմենական կողմի հետ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո, իրանական կողմը կսկսի իր հատվածի շինարարությունը: Եվ դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում՝ «մի տասը օրվա ընթացքում»: Առաքելյանը ասաց նաեւ, որ Հայաստանի հատվածի շինարարության համար ֆինանսական աղբյուրները հստակեցված են, «մնում է համաձայնությունը կայացվի եւ աշխատանքները սկսվեն»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG