Մատչելիության հղումներ

Ինչպես են լուծվում կանոնակարգային սուր հարցերը Միացյալ Նահանգներում


Օրենսդիր մարմնի աշխատանքի խափանումն ինքնին վտանգ է երկրի համար, ուստի, տարբեր երկրներում գործում են օրենքներ, որոնք կոչված են ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, պաշտպանել պատգամավորներին: Միանգամայն այլ վիճակ է, երբ այն, այսպես ասած, ներսից է խափանվում, այսինքն՝ քաղաքական տարաձայնությունների արդյունքում իրարամերժ դիրքորոշումներ որդեգրած առանձին պատգամավորներ կամ խմբեր փորձում են խոչընդոտել միմյանց աշխատանքը: Ընդ որում, անպայման չէ գործի դնել բռունցքները, գոյություն ունեն պայքարի զուտ պառլամենտական ձեւեր:

Դրանցից մեկը «ֆլիբուստերիզմն» է: Այս տերմինը ծովահենների բառապաշարից է, եւ խոսքը «ամբիոնահենության» մասին է, երբ օրենսդիրը մոտենում է խոսափողին եւ սկսում է անվերջ ճառել: Բոլորը գիտակցում են, որ նպատակը ժամանակ ձգելով ընդդիմախոսի ծրագիրը տապալելն է, բայց առարկել չեն կարող, քանի որ ձայնի իրավունքը անձեռնմխելի է:

Այդուհանդերձ, պառլամենտարիզմի հարյուրամյակների պատմության ընթացքում մշակվել են նաեւ այդ մարտավարությանը հակազդելու օրինական քայլեր: Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ամերիկացի օրենսդիրը փորձի խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքը: Պարզվում է, ժամանակին փորձեր եղել են եւ կան նման դեպքերին վերաբերող օրենքներ:

«Մենք Ամերիկայում մեծ փորձ ունենք այս հարցում: Հատկապես ծանր պահեր են եղել, երբ երկիրը նոր էր ստեղծվում, եւ դեռ չէր ընդունվել մեր Սահմանադրությունը: Սակայն հիմա արդեն գոյություն ունի բավական բարդ կանոնակարգ, որը հարցերը լուծում է քվեների մեծամասնության սկզբունքով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» հիմնադրամի Քեննեթ Սայմոնի հետազոտական կենտրոնի փորձագետ Մեթյու Սփալդինգը: Ահավասիկ, Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի օրինակը. սենատորը կարող է ցանկացած հարցով «առեւանգել» խոսափողը, բայց երաշխավորելու համար դեմոկրատական գործընթացի գոյությունը՝ Սենատը քվեների 2/3-ով կարող է այդ սենատորին զրկել ձայնի իրավունքից:

Ըստ պառլամենտարիզմի եւ օրինականության խնդիրներով զբաղվող ամերիկացի փորձագետի, կոնգրեսականը նույնպես չի կարող անվերջ խոսելով ձախողել գործընկերների աշխատանքը: «Կոնգրեսում ֆլիբուստերություն չկա», - ասաց Մեթյու Սփալդինգը: «Այստեղ շատ քիչ ժամանակ է տրվում քննարկումներին, եւ ոչ ոք չի կարող փորձել ընդհատել մեկ ուրիշին կամ «առեւանգել» խոսափողը: Հակառակ դեպքում խոսնակը կարող է նրան զրկել ելույթի իրավունքից»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մի խումբ կոնգրեսականներ, այնուամենայնիվ, գրավեն ամբիոնը եւ հրաժարվեն հեռանալ, Մեթյու Սփալդինգը պատասխանեց. - «Նրանց կարտաքսեն դահլիճից՝ կանոնակարգը խախտելու համար: Գրավելով ամբիոնը՝ նրանք կխախտեն դեմոկրատական ընթացքը: Նրանց պարզապես կվտարեն, հարկ եղած դեպքում՝ դահլիճը պաշտպանող իրավապահների միջամտությամբ, սակայն նրանց ոչ մի դեպքում չեն բանտարկի, չեն զրկի մանդատից եւ Կոնգրես մուտք գործելու իրավունքից»:

«Իսկ եթե կոնգրեսականը կամ մի խումբ կոնգրեսականներ պարբերաբար խախտեն օրենքները՝ Ներկայացուցիչների պալատը նրանց պաշտոնապես դիտողություն կանի», - շարունակեց «Ժառանգություն» հիմնադրամի Քեննեթ Սայմոնի հետազոտական կենտրոնի փորձագետը:

Մեթյու Սփալդինգը անդրադարձավ նաեւ հետեւյալ կարեւոր սկզբունքին. - «Դեմոկրատիայի անկյունաքարը փոքրամասնության իրավունքների ապահովումն է, այլապես չկա դեմոկրատիա: Անպայման անհրաժեշտ են կանոններ, որոնք ապահովում են օրենսդիրների աշխատանքը, քննարկումների եւ քվեարկության կարգը, բայց նույնքան անհրաժեշտ է պաշտպանել փոքրամասնությանը, ապահովել նրա տեսակետը լսելի դարձնելու հնարավորությունը»:


Մարտո Սողոմյան եւ Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG