Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բազմապատկել երկկողմ առեւտրի ծավալները


Երեկ Ստամբուլում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը հոբելյանական էր՝ նվիրված կազմակերպության ստեղծման 10-ամյակին: Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված այդ քաղաքական կառույցը դեռեւս հեռու է կոնստրուկտիվ համագործակցության մեխանիզմ լինելուց: Անդամ 11 երկրների տնտեսությունների զարգացման վրա կազմակերպության շրջանակներում գումարվող խորհրդաժողովներն ու հանդիպումները էական ազդեցություն չեն թողնում: Ինքը՝ նախաձեռնող երկիրը, հատկապես վերջին տարիներին լուրջ տնտեսական խնդիրներ է դիմագրավում եւ իր տնտեսության փլուզումը կարողանում է կանխել սոսկ Արժույթի միջազգային հիմնադրամի բազմամիլիարդ վարկերի հաշվին։

Այդուհանդերձ, ավելի քան 100 միլիոն բնակչություն ունեցող սեւծովյան տարածաշրջանը, այն ընդգրկող երկրների միջեւ առկա քաղաքական խնդիրների լուծման պարագայում, կարող է զարգացման լուրջ ազդակներ ստանալ։ Տարածաշրջանի երկրները, լինելով Եվրախորհրդի անդամ պետություններ, հույս ունեն վաղ թե ուշ անդամակցել Եվրամիությանն ու ինտեգրվել այդ ընդարձակ տարածաշրջանի բարձրակարգ շուկաներին։ Այս տեսանկյունից սեւծովյան տնտեսական համագործակցության խորացումը կարելի է այդ երկրների համար դիտել իբրեւ Եվրոպական միությանն ինտեգրվելու նախադուռ։

Հայաստանը եւս բացառություն չէ։ Հատկապես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը իր հյուսիսային եւ արեւմտյան հարեւանների հետ հույժ կարեւոր է։ Առայժմ, սակայն, այստեղ լուրջ տեղաշարժեր չկան։ Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից, որը բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է կանխել իր կապիտալների, ապրանքների եւ ծառայությունների հոսքը դեպի Հայաստան, ինչպես նաեւ հայկական բեռների վաճառքը իր շուկաներում։

Սակայն, զուտ վարչաքաղաքական պատնեշներով անհնար է ամբողջությամբ բացառել առեւտուրը. գործարարներն իրենց շահերն ունեն ու առեւտուր են անում ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի խողովակներով։ Հայ-թուրքական տնտեսական հանձնախմբի գնահատումներով, այժմ երկու երկրների միջեւ կատարվող գործարքների 70 տոկոսը կատարվում է հայ եւ թուրք գործարարների միջեւ անմիջականորեն, մնացած 30 տոկոսը միջնորդավորված առեւտուրն է։ Խոսքը հիմնականում թուրքական ապրանքների առուծախի մասին է, որոնք Հայաստան են ներթափանցում Վրաստանով կամ Իրանով՝ թանկանալով 3050 տոկոսով։

Որոշ գնահատումներով, երկու հարեւան երկրների միջեւ կատարվող «թաքնված» առեւտուրն ավելի մեծ ծավալներ ունի, քանզի պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում Թուրքիայից Հայաստան մտնող մաքսանենգ ապրանքը: Մինչդեռ, թուրքական կողմի գնահատումներով, անհամեմատ ավելի մեծ քանակի թուրքական ապրանքներ են վաճառվում Հայաստանում։

Վերջին 7 տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կատարվող առեւտրի ծավալները, պաշտոնական տվյալներով, աճել են ավելի քան 8 անգամ, ընդ որում՝ Թուրքիայից արտահանումը Հայաստան ավելացել է շուրջ 16 անգամ, իսկ հակառակ ուղղությամբ ապրանքային հոսքերը գրեթե փոփոխություններ չեն կրել:

Հայաստան-Թուրքիա առեւտրում ամենամեծ ծավալներ արձանագրվել են 1998 թվականին, երբ ընդհանուր ապրանքաշրջանառությունը մոտեցավ 60 միլիոն դոլարի սահմանագծին: Ընդ որում, ներմուծումը կազմեց շուրջ 58 միլիոն դոլար, իսկ արտահանումը՝ 2,5 միլիոն դոլար։ Վերջին երկու տարիներին, պաշտոնական տվյալներով, երկու երկրների առեւտուրը կայունացել է 40-42 միլիոն դոլարի մակարդակի վրա։ Հայաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների մեջ գերակշռում են կաշին, պղինձը, ալյումինը եւ դրանցից պատրաստված իրերը։
Թուրքիայից ներմուծվող ապրանքների մեջ գերակշռում են թուղթը եւ ստվարաթուղթը, ներկանյութերը, պիգմենտները, անասնակերը եւ այլն։

Սրանով հանդերձ, փորձագետները գտնում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ծավալները, սահմանների վերաբացման դեպքում, առնվազն մեկ կարգով կավելանան։ Համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկներով, շրջափակման վերացման դեպքում Հայաստան - Թուրքիա առեւտրի ծավալները, ամենահամեստ գնահատումներով, կարող են հասնել 300 միլիոն դոլարի, այսինքն՝ Թուրքան կարող է Ռուսաստանից հետո դառնալ Հայաստանի երկրորդ առեւտրական գործընկերը: Իսկ հայ-թուրքական տնտեսական հանձնախմբի փորձագետների գնահատումներով, սահմանը վերաբացելուց հետո հարեւան երկրների միջեւ առեւտուրը կարող հասնել մինչեւ 700 միլիոն դոլարի, ընդ որում՝ Հայաստանը կարող բազմապատկել վերամշակված արտադրանքի արտահանումը՝ ներկայումս արտահանվող հումքի փոխարեն։ Իսկ դա նշանակում է, որ, ի հաշիվ Թուրքիայի հետ առեւտրի աճի, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանում կարող են լրացուցիչ բացվել 40-50 հազար հավելյալ աշխատատեղեր։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG