Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ նախագահը քարի քարի վրա դնելու օրինակ ցույց տվեց», - առաջին էջի լուսանկարով լայն զանգվածների սեւեռուն ուշադրությունն է հրավիրում «Հայոց Աշխարհ» թերթը՝ հատկապես ընդդիմադիրներին ի խրատ ու ի նախատինք ներկայացնելով նոր կառույցի հիմքում ծանր քարը հոգատար դնելու կքած Ռոբերտ Քոչարյանին:

Անցնող շաբաթվա ամփոփիչ վերլուծականում էլ մատուցվում է. «Հայաստանի իշխանությունների արտաքինքաղաքական զորաշարժերի նկատելի աշխուժացումը իր հետ բերում է լուրջ քաղաքական դիվիդենտներ ոչ միայն ողջ երկրի հեղինակության ու վարկի, այլեւ հանրապետության ներսում այդ իշխանությունների ազդեցության ու կշռի ամրապնդման առումով... Նման պայմաններում արմատականներին անհրաժեշտ էր հնարավորինս շիկացնել ներքաղաքական իրավիճակը»:

Մյուս կողմից, «Առավոտ» թերթը, հեգնելով նախագահի արտաքին այցերի աշխարհագրությունն ու իմաստը, նշել է. «Այս տարվա օգոստոսին նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի 15-օրյա պաշտոնական այցը Սեյշելյան կղզիներ: Այցի ծրագրում նախատեսված է հանդիպում սեյշելահայ համայնքի հետ, ինչպես նաեւ հայ-սեյշելյան բիզնես-ֆորումի անցկացում»: Ընդհանուր առմամբ էլ, «Առավոտ»-ում այսօր ««Քոչարյան» քաղաքական երեւույթի երեք աղբյուրներն ու բաղկացուցիչ մասերը» վերնագրով վերլուծականում դասակարգված է, թե Ռոբերտ Քոչարյանը խառնվածքով ՀՅԴ է, մտահորիզոնով ՀՀՇ եւ հավակնություններով ԵԿՄ՝ այդ կառույցների մտածողության ամենաբացասական կողմերով, ու պիտի ասպարեզից հեռանա, որպեսզի Հայաստանում ավարտվի հեղափոխությունը:

Ըստ կեցվածքների՝ նախագահական ընտրությունների մասնակիցների սահմանման փորձ է արել «Օր» թերթի մեկնաբանը: Այս մոտեցմամբ, 1998-ի Քոչարյանը դիտվում է «զինվոր, պատերազմի հերոս» կերպարում, իսկ հաջորդ ընտրություններում՝ «գործունյա, պրագմատիկ ղեկավարի»: «Ժողովրդական թեկնածու» կարգում են տեղավորվում Արշակ Սադոյանն ու Արտաշես Գեղամյանը, «ինտելեկտուալ անհատների» խորշում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, «թագաժառանգ» կատեգորիայում՝ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը: Իսկ «փրկչի կամ կուռքի կերպար» դերին Կարեն Դեմիրճյանից հետո գոնե առայժմ որեւէ մեկը հավակնել չի կարող:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Մենք գտնում ենք, որ եթե Հայաստանում շարունակվում է այս իշխանության գոյատեւումը՝ մինչեւ հերթական ընտրություններ, ապա Քոչարյանը, կենտրոնացնելով ողջ վարչական, ֆինանսական, ուժային լծակները՝ ընտրակեղծիքներով վերընտրվելու է... Մենք մնալու ենք այն գաղափարին, որ Քոչարյանը չպետք է պաշտոնավարի մինչեւ իր լիազորությունների ավարտը, եւ նա պետք է պատասխանատվություն կրի՝ իր կատարած օրինախախտումների համար»: «Եթե աշնանն ընդամենը երեք քաղաքական ուժ էր պաշտպանում այդ գաղափարը, այսօր այդ ուժերի թիվը ավելի է», - այս առումով շարունակական առաջընթաց է տեսնում Բազեյանը՝ ավելացնելով. - «Եթե այս պահին պաշտոնանկության հարցն այս խորհրդարանում իրագործելի չէ, դա բոլորովին չի նշանակում, որ 10 օր կամ մեկ ամիս հետո եւս իրագործելի չի լինելու... Այս պահի դադարը կօգտագործենք քաղաքական ծրագրերը միասնականացնելու համար, ինչից հետո կարող ենք նաեւ քննարկել միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությունը»:

Ինչպես փոխանցում է «Հայոց Աշխարհ» թերթը, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի ղեկավարած «Հայ ժողովրդական ֆորում» հասարակական կազմակերպության կողմից 400 ձեռներեցների շրջանում անցկացված հարցմամբ, մասնավորապես, պարզվել է, որ հետազոտության մասնակիցների մոտ 61 տոկոսի համոզմամբ, մեր երկրում կաշառակերությունը լայն տարածում ունի: Կաշառակերության առումով ձեռներեցները առաջին երեք տեղերը հատկացրել են օրինապահ մարմիններին. շուրջ 85-ական տոկոսով դրանք բաժանում են ոստիկանությունը, դատախազությունը եւ դատարանը:

«Հայաստան - Սփյուռք» համաժողովին ընդառաջ՝ «Հայոց Աշխարհ»-ում շեշտված է. այդ փոխհարաբերություններում այսօր կողմերը սկսել են միմյանց հրապուրել զուտ տնտեսական դաշտում, սակայն «մինչ օրս շահավետությունը հաճախ ավելի շատ փոխշահավետ է եղել պայմանավորված կողմերի առանձին անհատների համար: Իսկ օրվա խնդիրը Հայաստան- Սփյուռք ամբողջության շահն է»:

«Թուրքական արխիվների բացման հայտարարությունները կեղծիք են», - գնահատում է «Ազգ» թերթի մեկնաբանը, ենթադրելով, որ դրանց նպատակը ընդամենը հայ գիտնականներին ներքաշել- մասնակից դարձնելն է ինչպես ձեւակերպված է՝ «հայոց ցեղասպանության պնդումների սնանկությունը ապացուցող» քննարկումներին: «Հայոց Աշխարհ» թերթում կործանարար է որակված մտասեւեռումը, թե «Հայաստանը որպես պետություն, ուրեմն եւ հայերը որպես ազգ չեն կարող ապրել առանց Թուրքիայի»: Մտայնություն, որ հիմա «իր արմատներն է ձգել ոչ միայն Թուրքիայի հայ համայնքի կամ սեփական երկրների աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվող Սփյուռքի առանձին գործիչների, այլեւ հենց Հայաստանի անկախ հանրապետության ներսում»: «Եթե մեզ ներարկվում է առանց Թուրքիայի ապրելու անհնարինության գաղափարը, ապա ճանապարհ է բացվում Հայաստանի ու հայության քաղաքական կապիտուլյացիայի՝ անձնատվության համար», - բանաձեւել է տեսաբանը՝ եզրափակելով. - «Համոզված ենք, որ Հայաստանը ի վիճակի է դիմանալ թուրքական նոր մարտահրավերներին... հայ թուրքական մրցակցությունը տեղափոխել որակապես նոր հարթություն, ուր շնորհիվ Աստծո կողմից հայերիս տրված ավելի բարձր մտավոր ներուժի ու կամքի, մի օր մենք անպայման հաղթող ենք դուրս գալու՝ հայ-թուրքական դարավոր մրցակցությունից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG