Մատչելիության հղումներ

Պատժամիջոցների սահմանման կապակցությամբ Հայաստանը երկխոսություն է սկսել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հետ


Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները արդեն սկսել են ակտիվ երկխոսություն ԱՄՆ պետդեպարտամենտի հետ՝ իրավիճակը պարզելու եւ առաջ եկած խնդիրներին լուծումներ տալու վերաբերյալ: Այսօր ավելի վաղ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Ռիչարդ Բաուչերը հաստատել էր, որ Ջորջ Բուշի վարչակազմը որոշել է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի այն ընկերությունների նկատմամբ, որոնք նպաստում են Իրանի կողմից զանգվածային ոչնչացման միջոցների ստեղծման ծրագրերի իրականացմանը:

«Մենք որոշ պատժամիջոցներ կկիրառենք հայկական, չինական եւ մոլդովական ընկերությունների նկատմամբ՝ ի կատարումն 2000 թվականին ընդունված Իրանում զենքերի չտարածման ակտի», - լրագրողներին ասել է Բաուչերը: - «Պատժամիջոցները կիրառվելու են այն ընկերությունների եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք Իրանին են փոխանցել բազմակողմ արտահանման վերահսկողության ցանկում ընդգրկված սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ»:

Բաուչերը չհրապարակեց այդ ընկերությունների կամ իրավաբանական անձանց անունները կամ դրանց գործունեության բնույթը: Նա ասաց, որ դրանք կտպագրվեն Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական տեղեկագրում:

Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ԱՄՆ-ի դեսպանատունը տեղեկություններ չունի հարեւան Իրանի հետ առեւտրով զբաղվող հայաստանյան ընկերություների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրերի մասին:

Բաուչերը հստակեցրեց, որ պատժամիջոցները չեն անդրադառնա Հայաստանի, Չինաստանի եւ Մոլդովայի կառավարությունների վրա, ավելացնելով, որ «մոլդովացիներն ու հայերը մեծապես օգնել են» Իրանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի ձեռքբերումը կանխելու գործում: «Մենք գնահատում ենք Մոլդովայի եւ Հայաստանի՝ Իրանում զենքի չտարածմանն ուղղված ջանքերը», - ասել է նա:

Հայաստանյան ընկերություններին, որոնց վրա կտարածվեն պատժամիջոցները, այլեւս արգելված կլինի ստանալ Միացյալ Նահանգների կառավարության օժանդակությունը, իրենց արտադրանքը վաճառել Միացյալ Նահանգներում: Սահմանափակումները ուժի մեջ կլինեն երկու տարի:

Տիրապետելով սուղ տեղեկատվության, վերլուծաբանները Երեւանում դժվարանում են անվանել տեղական այն ընկերությունները, որոնց վրա տարածվելու են պատժամիջոցները: Որեւէ հայաստանյան ընկերություն մինչեւ այժմ ներգրավված չի եղել կասկածելի գործարքների մեջ Ջորջ Բուշի սահմանած «Չարիքի առանցքը» կազմող երկրների՝ Իրանի, Իրաքի կամ Հյուսիսային Կորեայի հետ:

Հայաստանից Իրան արտահանումը, պաշտոնական տվյալներով, անցյալ տարի կազմել է 32,5 միլիոն դոլար: 12 միլիոնը բաժին է ընկնում մետաղի՝ հիմնականում այլումինի եւ պղնձի ջանդոնին: Հայաստանն արտահանել է նաեւ մոտ 5 միլիոն դոլարի տարբեր՝ հիմնականում մետաղահատ սարքավորումներ եւ մոտավորապես նույնքան արժողությամբ պղնձի հանքանյութ:

Ոչ մեծ քանակությամբ Իրան են արտահանվել սինթետիկ կաուչուկ, պոլիմերներ: Փորձագետների խոսքերով, դրանցից ոչ մեկը չի կարող օգտագործվել քիմիական զենք ստանալու նպատակով:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG