Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը պատրաստվում է դատի տալ Հայաստանի իշխանություններին


«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը Հայաստանի իշխանություններին պատրաստվում է դատի տալ՝ ընտրացուցակներում առկա անճշտությունները վերացնելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու եւ մեսրոպյան ուղղագրությանը չանցնելու համար:

Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ԱԻՄ-ի նախագահը հայտարարեց, որ ընտրացուցակներում առկա անճշտությունների հետեւանքով 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքից զրկվել է ընտրողների 10 տոկոսը: Ընտրություններին մասնակցածների միայն 1 տոկոսն է դատարանի միջոցով վերականգնել ընտրելու իրավունքը:

«Ընտրացուցակները մնում են հիմնական կռվախնձորը, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկվում: Մենք դատի ենք տալու Հայաստանի պառլամենտին եւ Հայաստանի բարձր իշխանություններին այդ ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար», - ասաց Պարույր Հայրիկյանը: - «Գործը հասցնելու ենք մինչեւ Եվրոպական դատարան, հաղթելու ենք... Եվ յուրաքանչյուր մարդ, ով դիմել է դատարան եւ դատարանի միջոցով է մասնակցել ընտրություններին, կարող է ստանալ մոտավորապես հազար դոլար փոխհատուցում»:

Մյուս հարցը, որով ԱԻՄ-ի նախագահը պատրաստվում է դատական գործընթաց սկսել երկրի իշխանությունների դեմ, հայերենի ուղղագրության հարցն է:

«Այստեղ նույնպես դատի ենք տալու եւ շահելու ենք, նույնպես նախադրյալներն ունենք, որովհետեւ եթե հայերս ի վիճակի չենք հավատարիմ լինել Մեսրոպ Մաշտոցին, ապա Եվրոպական դատարանում Ստալինի եւ Մեսրոպ Մաշտոցի տարբերությունը շատ լուրջ հասկանում են», - իր համոզմունքը հիմնավորեց ԱԻՄ-ի նախագահը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG