Մատչելիության հղումներ

Հայաստանը չի միանում մահապատիժն արգելող արձանագրությանը


Ուրբաթ օրը Հայաստանը հրաժարվեց միանալ Եվրախորհրդին անդամակցող երկրների մեծամասնությանը եւ արգելել մահապատիժը բոլոր պարագաներում՝ ներառյալ պատերազմների ժամանակ:

36 երկրների՝ այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները խստացրին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մահապատժի արգելքը: Լիտվայի մայրաքաղաքում ստորագրված թիվ 13 արձանագրությունը արգելում է մահապատժի կիրառումը անգամ պատերազմի, պատերազմի մոտալուտ սպառնալիքի կամ «բացառիկ հանգամանքների» դեպքում:

Արձանագրությունը հրաժարվել են ստորագրել Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Խորվաթիան եւ Սլովակիան: Ինչպես անանուն դիվանագետների մեջբերելով հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Հայաստանը նշել են, որ ապագայում էլ չեն պատրաստում ստորագրել այդ արձանագրությունը: Եվրախորհրդի անդամներից միայն այս երեք երկրներն են, որ չեն ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ մահապատիժն արգելող 6-րդ արձանագրությունը:

2001 թվականին անդամակցելով Եվրախորհրդին, Հայաստանը ստանձնել էր վերացնել մահապատիժը: Սակայն երկրի հիմնական քաղաքական կուսակցություններից շատերը կտրականապես դեմ են դրան, քանի դեռ չի ավարտվել «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը:

Եվրախորհրդի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ բացառություններ չպետք է լինեն՝ նախազգուշացնելով, որ Հայաստանը կարող է դուրս մնալ կազմակերպությունից՝ եթե մահապատժի ենթարկի մեղադրյալներին:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG