Մատչելիության հղումներ

Միջազգային կազմակերպությունների փորձագետները կայուն տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանում


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը գրեթե միաժամանակ հրապարակել են իրենց կանխատեսումները համաշխարհային տնտեսության առաջիկա զարգացումների վերաբերյալ։

Երկու կանխատեսումներում էլ համաշխարհային տնտեսության զարգացումը մինչեւ տարեվերջ եւ հաջորդ տարի լավատեսորեն է գնահատված։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության փորձագետները իրենց զեկույցում շեշտել են, թե սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո արագ վերականգնվել է ներդրողների հետաքրքրությունը, ու այդ պատճառով զարգացած երկրների տնտեսությունը հաջորդ տարի այս տարվա համար կանխատեսվող 1,8 տոկոսի փոխարեն կաճի մոտ 3 տոկոսով։ Ամենաբարձր աճը կգրանցվի Միացյալ Նահանգներում՝ 3,5 տոկոս։

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները գրեթե համահունչ են այդ գնահատականներին: ԱՄՀ-ի փորձագետները ԱՊՀ երկրներում այս տարվա համար կանխատեսում են 4,5, հաջորդ տարվա համար՝ 4,6 տոկոսի աճ։

Նույն գնահատումներով, Հայաստանի Համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 6 տոկոսով, հաջորդ տարի եւս աճի այդ մակարդակը կպահպանվի։ Թեպետ բազմիցս ասվել է, որ անցյալ տարի մեր երկրում գրանցվել է 9,5 տոկոսի տնտեսական աճ, սակայն, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումներով, անցյալ տարի մեր տնտեսությունն աճել է ընդամենը 7,5 տոկոսով։ ԱՊՀ երկրներից բարձր աճ է ակնկալվում նաեւ Ադրբեջանում. այս եւ հաջորդ տարի հարեւան երկրի տնտեսությունը կաճի 8,5 տոկոսով։ ԱՊՀ մյուս երկրներում աճը կտատանվի 3,5-5,5 տոկոսի սահմաններում։

Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական խմբի օրերս հրապարակած կանխատեսմամբ, Հայաստանի տնտեսությունը այս եւ հաջորդ տարի կարող է աճել լավագույն դեպքում 5-5,5 տոկոսով։ Ներդրումների մեծ հոսք չի լինի, քանի որ, ըստ բրիտանացի փորձագետների, դրանց խոչընդոտող քաղաքական ռիսկերը Հայաստանում շատ բարձր են՝ սահմանները փակ են, ղարաբաղյան խնդիրը մնում է չլուծված, հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո խարխլվել է ներքաղաքական կայունությունը:

Բրիտանացի վերլուծաբանների գնահատականները, սակայն, ոչ բոլոր փորձագետներն են կիսում։ Մասնավորապես, Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գլխավոր փորձագետ Լեւ Ֆրենկմանի կարծիքով, Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումները խիստ կամայական են ու սուբյեկտիվ:

«Հայաստանի տնտեսության երկարաժամկետ հեռանկարները պարզ չեն. չի կարելի պատասխանատու կերպով պնդել, որ այն դատապարտված է հաջողության, ու դա կլինի շատ ուժեղ տնտեսություն 20 տարի հետո»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ֆրենկմանը։

Միաժամանակ, ըստ Համաշխարհային բանկի փորձագետի, չի կարելի պնդել, թե Հայաստանում տնտեսական աճին ու ներդրումներին խոչընդոտող այդ ռիսկերը անհաղթահարելի են:

«Եթե այնպիսի ընկերություն, ինչպիսին «Մանես եւ Վալեքսն» է, չնայած փակ սահմաններին ու բարձր տրանսպորտային ծախսերին, հաջողում է Հայաստանում պղինձ արդյունահանել ու Համբուրգում շահույթով վաճառել, ապա որքան այլ՝ ոչ տրանսպորտատար ապրանքներ կարելի է այստեղ արտադրել եւ դրսում վաճառել», - ասաց Լեւ Ֆրենկմանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG