Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԱՄՆ նախագահը խուսափեց «ցեղասպանություն» բառից», «Բուշը կրկին դրժում է խոստումը» վերնագրերն են նորից հետապրիլքսանչորսյան մամուլում: Բայց եթե, ասենք, «Հայկական ժամանակ»-ը հանգիստ կանխատեսում է, որ հաջորդ տարի էլ նույնօրինակ հերթական հիասթափություններ են լինելու Միացյալ Նահանգների նախագահի ուղերձից, ապա «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը այս առումով նոր հնարավորություններ է տեսնում հայ դիվանագիտության համար՝ նշելով. «Միացյալ Նահանգների անմիջական ներքաշումը Իսրայել - Թուրքիա - Հայաստան - Իրան - Արաբական աշխարհ բարդ թնջուկի մեջ ձեւավորելու է հակադարձ հակակշիռների բոլորովին նոր համակարգ, ուր Իսրայելն ու Թուրքիան ինքնաբերաբար հայտնվելու են նոր բացվող «խրամատների» հակառակ կողմերում: Նման պայմաններում Հայաստանը ստանալու է իրական հնարավորություն՝ Իսրայելի ու նրա միջոցով ԱՄՆ հրեական լոբբիի ներկա թրքամետությունը փոխարինելու հստակորեն չեզոք ու անկողմնակալ դիրքորոշմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»:

«Առավոտ» թերթը, Հայ դատի տեսլականից ավելի, սեւեռված է «Ա1+»-ի դատին, եւ գնահատում է. «Դատավոր Նախշուն Տավարածյանը երեկ շատ արագ կատարեց իշխանությունների պատվերը եւ զանց առավ բոլոր այն փաստերը, որոնք վկայում էին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր որոշումներով խախտել է Հայաստանի օրենքները եւ սահմանադրորեն երաշխավորված իրավունքները»։ «Առավոտ»-ի մատուցմամբ՝ «Երբ դատարանը հանձնաժողովի որոշումը օրինական համարեց, այստեղ մեղավորը մեկն է՝ նա, ով իր ստորագրությամբ կանաչ ճանապարհ է բացել գրաքննություն հաստատող օրենքի առաջ։ Ստացվում է, որ երեկ դատավոր Տավարածյանը, իր կամքից անկախ, դատապարտեց Ռոբերտ Քոչարյանին»։

«Իրավունքի» մեկնաբանի հայացքով, եւ' քաղաքական, եւ' լրատվական դաշտերում իշխանության վարքագիծը բավականին ոչ հետեւողական է. «Վարչախումբն անում է իրարամերժ շարժումներ, եւ հնարավոր են ամենատարբեր քայլեր՝ չեն բացառվում որոշ զիջումներ, սակայն ավելի հավանական են թվում ամենակոշտ քայլերը»: Ընդհանուր առմամբ, ըստ մեկնաբանի, «եւ' իշխանությունը, եւ' ընդդիմությունը բավականին հեշտությամբ տրվում են հակառակորդին երկու քայլանոց մատի ենթարկելու գայթակղությանը, սակայն իրականությունն ավելի հարուստ է, եւ այդ առումով Հայաստանում լինելու է բավականին բուռն ու արագ փոփոխվող նախընտրական տարի»:

Պատգամավոր Արշակ Սադոյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. «Ռոբերտ Քոչարյանն իրականում առավելագույն դեպքում 7-8 տոկոսից ավելի քվեներ ունենալ չի կարող, եւ բնական է, որ անգամ «ստանդարտ» կեղծիքներով նա չի կարող վերընտրվել նախագահ»: Գերխնդիր տեսնելով արմատական համակարգային փոփոխություններ կատարելը, Արշակ Սադոյանը դրանց իրականացման համար հակվել է նախագահի թեկնածու առաջադրվելու մտքին: «Արագ ելքը այնքան էլ իրական չեմ համարում: Մենք լուրջ, երկարատեւ պայքարի պետք է պատրաստվենք», - կիսվում է նա: - «Պիտի ձեւավորվի մարտնչող ժողովրդավարության մթնոլորտ»:

«Ազգ» թերթի մեկնաբանը այսօր գրում է. «Վա'տ եք ճանաչում Քոչարյանին, պարոնա'յք։ Նրա հասցեին ինչ էլ ասեք, դուք էլ հիանալի գիտեք, որ Քոչարյանը վախկոտ չէ։ Քոչարյանը չի հեռանա, հրաժարական չի տա։ Եվ հերթական անգամ ձեր բարձրացրած աղմուկը ձեր իսկ կոկորդում կխեղդվի։ Կմնա ձեր անհավասարակշիռ, անպատասխանատու հայտարարություններից անհարկի ոգեւորված այն 45 հազար հանրահավաքավորների հիասթափությունը, ովքեր միամտաբար հավատացել են ձեզ, իբր կարող եք «մի բան անել»՝ այս ժողովրդին «Քոչարյանից ազատել»։ Եվ այդ հիասթափվածները վաղն իրենց զայրույթը կուղղեն ձեզ՝ այդ չէ՞ր ձեր «քաշը»»։

Հանրահավաքային շարժման ղեկավարներին որակելով որպես հոգեկան հիվանդներ, «Հայոց Աշխարհ» թերթը ապագայի գուշակության իր փորձը ամփոփել է այսպես. «Այսօրվա հանրահավաքում իմպիչմենտին զուգահեռ մտքեր կհնչեն հանցավոր վարչախմբին ուժով հեռացնելու մասին: Այս երկու տարբերակների միաժամանակյա առկայությունը, դրանց կողմնակիցների մոտավորապես հավասար քանակությունը հիմք են տալիս ենթադրելու, որ շատ շուտով այդ ամենը կպայթի օճառի պղպջակի պես: Քանզի իրավիճակը հիշեցնում է այն ավանակին, որը գտնվելով ոչնչով չտարբերվող եւ հավասար հեռավորության վրա դրված խոտի երկու դեզի արանքում, չկարողացավ նրանց միջեւ ընտրություն կատարել եւ սովից սատկեց»:

Մեր կենցաղի մեջ մտած «պարոնայք» դիմելաձեւը «Հայոց Աշխարհ»-ի լրագրողներից մեկի վրդովմունքն է առաջ բերել, եւ նա պատկերավորում է. «Պարոնայքը» դա այն է, երբ ասֆալտը լվացած է եւ դռնապանն էլ ժպտալով բարեւում է: «Պարոնայքը» դա մարդկանց դեմքերն են, սալարկուղիները, տների պատերը, շքամուտքերը՝ առանց աղբի նշույլի: «Պարոնայքը» դա ամեն ինչում անշտապությունն է, եւ կոշիկների վրա ցեխի բացակայությունը, եւ առողջ սնունդը, եւ մաքուր օդը... Իսկ մենք արաներ ենք: Եզակի թվով՝ արա»:

Հենց այդպես էլ՝ «Ո՞ւր է Սեւանի ջուրը, արա'», «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմում է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին: Չնայած պաշտոնապես նախորդ տարվա սեպտեմբերի 16-ից Սեւանա լճից ջուր բաց չի թողնվում, սակայն լիճը շարունակում է իջնել: Նախորդ տարվա համեմատ՝ արդեն 15 սանտիմետր, թեեւ տեղումներն էլ ավելացել են: «Բոլոր փաստերը վկայում են, որ իշխանությունները շարունակում են էներգետիկ նպատակներով Աեւանա լճից ջուր բաց թողնել», - ընդգծում է թղթակիցը: - «Այդպես էլ լուրջ ուսումնասիրության առարկա չի դառնում վարկածը, որ Սեւանի ջրով էներգիա են արտադրում, ձեւակերպում են, թե գազով են արտադրել, իսկ գազի գինը գրպանում են»:

«Երկիր»-ի խմբագրականը մայիսի 1-ին ընդառաջ շեշտում է. «Այսօր աջ ու ձախ մենք խոսում ենք նոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց զբաղվածության խնդիրների լուծման մասին, սակայն անտեսվում է հանգամանքը, թե ինչպես են նրանք հայթայթում իրենց ապրուստը, ինչ վերաբերմունք ու գնահատանք կա նրանց աշխատանքի հանդեպ: Մոռանում ենք, որ հազարավոր մարդիկ զրկված են իրենց տարրական իրավունքից, որ գործատուն ամեն պահի կարող է նրանց զրկել աշխատանքից, չվճարել աշխատավարձը կամ վճարել նվազագույն չափով՝ անտեսելով ամեն մի նորմ: Եվ այս առումով շատ հաճախ մասնավոր գործատուն ու պետությունը չեն տարբերվում իրարից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG