Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյան. Հարկային մուտքերը պիտի ապահովվեն ստվերի կրճատման հաշվին


Չնայած որոշակի բարդություններին, առաջին եռամսյակում հաջողվել է ապահովել նախատեսված հարկային մուտքերը: Պետեկամուտների նախարարը դա կապում է հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների հետ: Նախարարությունը գործողությունների հատուկ պլան է մշակել ստվերի կրճատման հաշվին հարկային մուտքերն ապահովելու ուղղությամբ:

«Նախատեսված էր ընդհանուր հարկային մուտքերը 21,5 մլրդ դրամ եւ, պետք է նշել, որ 21,5 մլրդ դրամ մեզ հաջողվեց առաջին եռամսյակում ապահովել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը: - «2001 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ, բացարձակ թվերով հավաքագրվել է 2 միլիարդ դրամով ավելի»:

Սյս անգամ եւս նախատեսված մուտքերն ամբողջությամբ հավաքագրելու գործում բարդություններ են առաջացել էներգահամակարգի պատճառով, որի ձեռնարկություններն այդպես էլ մինչեւ վերջ չեն կատարել իրենց բյուջետային պարտավորությունները:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատելի է մեկ այլ ցուցանիշ եւս. եթե առաջին կիսամյակում գերավճարները, այսինքն՝ պետության պարտքը ձեռնարկություններին կազմել են 7,8 միլիարդ դրամ, ապա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ գումարը նվազել է 1,8-1,9 միլիարդով, ինչը նախարարը համարում է հարկային վարչարարության օրենսդրական փաթեթում անցած տարեվերջին կատարված փոփոխությունների հետեւանք:

«Մենք՝ հարկային մարմինների աշխատողներս, ուղղակի պարտավոր ենք այդ օրենքը կատարել: Այսինքն՝ հավաքագրել եւ ապահովել բյուջեի մուտքերը այնքան, որքան հաստատել է Ազգային ժողովը: Տարվա կտրվածքով դա 104 միլիարդ է, եւ 20 միլիարդով ավելի, քան 2001 թվականին»:

«Բարդ, պատասխանատու եւ ծանր գործ է լրացուցիչ 20 միլիարդ դրամի հավաքագրումը», - ասաց պետեկամուտների նախարարը, միաժամանակ նշելով, որ դա, այնուամենայնիվ , իրագործելի եւ միանգամայն համադրելի է հանրապետության տնտեսության ավելի քան 10 տոկոս աճի ցուցանիշի հետ, հաշվի առնելով նաեւ, որ ստվերում էլ բավականին մեծ շրջանառություն գոյություն ունի:

«Տարածքային եւ Երեւանի քաղաքային տեսչությունները թվով 27-ն են, եւ այդ կոլեկտիվները տվյալ հարկային տեսչության պետի գլխավորությամբ պարտավոր են ուղղակի ստվերի կրճատման արդյունքում ապահովել համապատասխան բյուջետային մուտքերը»:

Հայաստանի տնտեսության մեջ, տարբեր գնահատումներով, առկա է 40-60 տոկոս ստվերային շրջանառություն:

«Թաքցված շրջանառությունը բավականին մեծ ծավալներ ունի առեւտրի, սպասարկման եւ հանրային սննդի ոլորտներում: Ստվերային տնտեսության մեծ ծավալներ կան ոգելից խմիչքների ոլորտում», - ասաց պետեկամուտների նախարարը, այս շարքում նշելով նաեւ սուրճի, հացամթերքի, ալյուրի արտադրության ոլորտները: Զախարյանն ասաց, թե արդեն իսկ կազմված է համապատասխան գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել ստվերը: Նախարարը սրան մեծ նշանակություն է տալիս, քանի որ բավական լարված են նաեւ երկրորդ եռամսյակի պլանները. - «Բացարձակ թվերով դա կազմում է 25,8 մլրդ դրամ, ինչը 7,3 միլիարդով ավելի է, քան 2001 թվականին»:

Միջազգային ֆինանսական կառույցները, այդուհանդերձ, քննադատում են Հայաստանի իշխանություններին՝ թե հավաքագրվում է ընդամենը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մինչեւ 14,5 տոկոսին հավասար հարկային գումար, մինչդեռ ԱՊՀ-ում միջին ցուցանիշը 20 տոկոսն է:

Անդրադառնալով սրան, Երվանդ Զախարյանն ասաց, թե կան ոլորտներ, որոնցում տնտեսական աճը, նպաստելով ՀՆԱ-ի աճին, հարկային լուրջ մուտքեր չի ապահովում: (Խոսքը թանկարժեք քարերի, ոսկու եւ գյուղմթերքների վերամշակման բնագավառների մասին է:) Ուստի շատ դժվար է ՀՆԱ-ի մինչեւ 19,5 տոկոսի չափով մուտքեր ապահովել միանգամից, սակայն նախատեսվում է, որ մինչեւ 2003 թվականը այդ ցուցանիշը Հայաստանում կհասնի 15,5 տոկոսի:

Խոսելով Արժույթի միջազգային հիմադրամը պահանջի մասին, որ բոլոր ապրանքատեսակներից ավելացված արժեքի հարկը գանձվի սահմանին, Երվանդ Զախարյանն ասաց, որ, իր կարծիքով, նման մոտեցումը հղի է գործարարների շրջանառու միջոցների պակասեցման վտանգով:

«Այնուամենայնիվ, հարցը կառավարությունում արդեն քննարկվել է եւ դրական լուծում է ստացել», - ասաց նախարարը, ավելացնելով, որ առաջիկայում Ազգային Ժողովը կքննարկի օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու հարցը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG