Մատչելիության հղումներ

Իրավապահները հայտարարում են, որ թմրամոլության առումով վիճակը Հայաստանում բարվոք է


Հայաստանում թմրանյութերի օգտագործումն ու վաճառքը, ըստ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հրապարկած տվյալների, տարածված երեւույթներ չեն, իսկ անչափահասների շրջանում թմրամոլությունն առհասարակ բացակայում է:

«Ես գտնում եմ, որ այսօր մեր վիճակը բարվոք է, - այսօր ասաց Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Երիցյանը: - «Սակայն մենք պետք է տանենք համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ»:

«15 գրամ հերոին է հայտնաբերվել մեկ տարվա ընթացքում», - ասաց
գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանը, նշելով, որ ծանր թմրանյութերը Հայաստանում տարածված չեն: Տատախազի տեղակալը ավելացրեց, սակայն, որ այստեղ գերադասում են օգտագործել տեղական բուսական հումքից պատրաստված թմրանյութեր:

Ժիրայր Խառատյանի հրապարակած տվյալներով, 2001 թվականին թմրանյութեր պահելու, օգտագործելու 471 դեպք է հայտնաբերվել, ինչը 79 դեպքով պակաս է 2000 թվականի համեմատությամբ: Նվազել են նաեւ թմրաբիզնեսի հայտնաբերման դեպքերը:

Այս տվյալները հրապարակվեցին այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում՝ Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի երկրորդ փուլի ներկայացման ժամանակ: 2001 թվականին սկսված ծրագիրը իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի եւ Միավորված Ազգերի զարգացման ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Հայաստանն այդ ծրագրի շրջանակներում կստանա մոտ 960 հազար եվրո: Նպատակը թմրանյութերի տարանցիկ շարժը նվազեցնելն է, թմրանյութերին վերաբերող գաղտնի տվյալների հետախուզական համակարգ ստեղծելը, դպրոցներում թմրանյութերի օգտագործումը կանխարգելելը:

Թմրամոլության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարի խոսքերով, սակայն, թմրամոլների քանակը Հայաստանում առնվազն երկու անգամ ավելի է պաշտոնական տվյալներից: Նա «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Հայաստանում այդ ուղղությամբ լիարժեք, ամբողջական ուսումնասիրություն չի կատարվել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG