Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամեն ինչից ավելի ու ամեն ինչից վեր հիմա մեզանում ծլում-ծաղկում են ներքաղաքական խարդավանքները, - արձանագրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, ընդհանուր առմամբ նախանշելով, որ մանավանդ հայ իրականության մեջ քաղաքական կանխատեսումները դատապարտված են. - «Ցանկացած տրամաբանական ընթացք կարող է անտրամաբանական լուծումներ ունենալ»:

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանում նախագահ Քոչարյանի կեցվածքին, «Առավոտ» թերթը նշում է. «Վերընտրվելու նպատակ ունեցող նախագահներին նախընտրական շրջանում խորհուրդ է տրվում ավելի հաճախ դուրս գալ «մարդամեջ»։ Նման դեպքում թույլատրելի է ամեն ինչ. կարելի է անգամ քաղաքապետարանում տեղի ունեցած ամենասովորական աշխատանքային խորհրդակցությունից էլ օգուտներ քաղել։ Կարեւոր չէ, որ դրա թեմատիկան կենցաղային է՝ աղբի հավաքում, ջրամատակարարում, աշխատավարձի ուշացում եւ այլն։ Եթե այդ խորհրդակցությունն իր ներկայությամբ պատվում է երկրի նախագահը, այդ թեմաները միանգամայն քաղաքական հնչեղություն են ստանում»։ Նախագահը, ինչպես բոլոր թագավորները, խիստ է, բայց արդարամիտ: Գալիս է ու անկեղծորեն զարմանում թերությունների վրա:

Իսկ քաղաքապետի հիմնական թերացումը, «Առավոտ»-ի հայացքով, այն էր, որ չկարողացավ ներկայացնել գլխապտույտ հաջողությունների այնպիսի թվեր, ինչպիսիք կուզեր տեսնել Ռոբերտ Քոչարյանը: Ոչինչ, որ դրանք իրական կյանքի հետ որեւէ կապ չունենան, կարեւորը հռչակելն է՝ ինչպես մայրաքաղաքի բոլոր թաղամասերը երկու տարում շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելը: Անգամ խորհրդային տարիներին Երեւանում դա չի եղել, - խոստման անհուսությունն է հիմնավորում «Առավոտ»-ը:

Այս նույն շրջանակում «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ ընդհանրացրել է. «Քոչարյանը կարծում է, որ մի որեւէ ծրագիր իրականացնելու համար պետք է հրապարակային համապատասխան խոստում տալ ու դրա ձեռը կրակն ընկնելով՝ այն իրականացնել»: Հեգնանքով է ընդունվում եւ նախագահի հայտարարությունը, որ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում մեր արդյունաբերությունը աճել է 30 տոկոսով: «Սա արդեն ոչ թե աննախադեպ, այլ պարզապես սարսափելի աճ է», - արձագանքում է «Հայկական ժամանակ»-ը: - «Սա նշանակում է, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանը կդառնա մեծ յոթնյակի անդամ պետություն»:

Թերթի մեկնաբանը կրկին հղում է անում տնտեսագիտական այն օրինաչափությանը, որ հնարավոր չէ արդյունաբերության աճ՝ առանց էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճի: «Խնդիրն այն է, որ այս երկու ամիսների ընթացքում, երբ արդյունաբերությունը աճել է 30 տոկոսով, նույն արդյունաբերությունը սպառել է 6 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Դա նույնն է, թե բնակչությունը կրկնակի աճի, իսկ հացի սպառումը նվազի»:

«Ազատական ուժերը երբեք չեն թաքցրել, որ Քոչարյանի տիրապետությունը լեգիտիմ չեն համարում, եւ այդ իշխանությանը, այդ անձին այլընտրանք ստեղծելու նպատակ են հետապնդում», - «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է, ինչպես լրագրողն է տիտղոսել՝ «Արմատ» հասարակական կազմակերպության ականավոր գործիչ Արա Սահակյանը: «Եթե աջ ազատական ուժերը ցանկանում են մնալ քաղաքականության մեջ, ապա նրանք պետք է հրապարակեն իրենց քաղաքական հավակնությունները եւ ծրագրերը», - մտածում է Սահակյանը: - «Համատեղ հանդես գալը նպատակահարմար է թե' կազմակերպական, թե' ռեսուրսների տեղաբաշխման, գործադրման, թե' ինքնին հասարակական շահի տեսանկյունից, որովհետեւ ազատական արժեքների հետեւողական պաշտպանությամբ հանդես եկող թեւը դատարկ է: Առաջին հերթին այն պառճառով, որ խորհրդարանում ներկայացված չէ, երկրորդ, արտախորհրդարանական գործունեության դաշտում էլ բավականաչափ ակտիվ չէ եւ հասարակական կարծիքի ձեւավորման վրա չի ազդում»:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում իրենց հնարավոր թեկնածուին, Արա Սահակյանը նշում է. «Վստահ եմ, որ նոր անուններ կդրվեն շրջանառության մեջ, ինչ-որ անուններ էլ կմոռացվեն: Անձամբ ես պատրաստ եմ գնալ ցանկացած ընդունելի թեկնածուի հետեւից, եթե դա կօգնի, որպեսզի մեր հասարակությունը օր առաջ ազատվի այս իշխանությունից»:

Վերաքննիչ դատարանը երեկ մերժեց սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդի դիմում-բողոքը առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: «Սա որեւէ մեկի համար անակնկալ չէր, ակնհայտ էր, որ գործն ամբողջությամբ վերահսկվում է», - անդրադառնում է «Առավոտ»-ի մեկնաբանը, ներկայացնելով սպանվածի լուսանկարները՝ որպես վկայություն, որ անզգույշ սպանության դեպքում խոշտանգման նման հետքեր չպիտի լինեին:

Մամուլում շարունակվում են հրապարակվել վրդովված արձագանքներ «Լեզվի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ։ Մասնավորապես «Ազգ»-ում այսօր եւս մեկ գիտնականի նամակ է, որը շեշտում է. «Լեզուն նաեւ մտածողություն է, հոգեբանություն, գաղափարախոսություն, ազգային արժեք... Մանկավարժների, լեզվաբանների, հոգեբանների համոզմամբ երկլեզվյա կրթությունը երկփեղկում է աշակերտի մտածողությունն ու հոգեբանությունը»:

Մյուս կողմից, «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը գրում է. «Մեր խմբագրությունը բառացիորեն հեղեղված է անհասկանալի եւ ճոռոմ անվանումներով ինչ-որ գաճաճ կազմակերպությունների ցասումնալից «բաց նամակներով», իսկ ամենամեղմ մակդիրը, որով պարգեւատրվում է «Օրինաց երկիր»-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, «հայոց լեզվի հանդեպ ոտնձգություն կատարող ստոր դավաճանն է»: Տագնապը հայոց լեզվի համար միանգամայն հասկանալի է: «Սակայն», - առանձնացնում է խմբագիրը, - «դրա հետ մեկտեղ բոլորովին հաշվի չի առնվում մեդալի հակառակ երեսը. հասարակությունն ու երկիրը իսկական աղետի եզրին են: Հրեշավոր, չտեսնված ծավալների հասնող ապամասնագիտացումը, որի ականատեսները, մասնակիցներն ու զոհերն ենք մենք, սպառնում է վերածվել ազգային լիակատար կործանման... Մենք պարտավոր ենք հաշիվ տալ մեզ, որ երբեք այս երկիրը ի վիճակի չի լինի հայերեն թարգմանել ու հրատարակել գիտության եւ տեխնիկայի գոնե ամենահիմնական ուղղությունների վերաբերյալ մասնագիտական գրականությունը... Մենք պարզապես դատապարտված ենք պատրաստել որակյալ մասնագետներ՝ ռուսերեն լեզվով համապատասխան գրականության միջոցով»:

Միաժամանակ, ըստ խմբագրի, «պետք է ընդունել, որ սովորական հայկական դպրոցում նույնիսկ ամենաարդյունավետ ուսուցման դեպքում ստացված գիտելիքները ռուսերենից բավարար չեն լինի այդ գրականությունից օգտվելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG