Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը այսօր Գյումրիում կուսակցության ղեկավարություն եւ իրենց գյումրեցի կուսակիցների ու համախոհների հետ հանդիպման ժամանակ հնչեցրեց իր կասկածները, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը առնչություն ունեն 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում իրականացված ահաբեկչական գործողությանը:
«Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքի եւ Գյումրիում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի քննարկման ժամանակ, ի պատասխան դահլիճից հնչած առաջարկությանը, թե՝ «եթե զենք տան, Քոչարյանին կխփեմ», Ալբերտ Բազեյանը ասաց, թե իրենք դա ճիշտ ճանապարհ չեն համարում:
«Մեր հոգու հանգստության համար շատ բան կարող ենք անել, բայց երկրի ճակատագրի համար անհրաժեշտ է, որ բոլոր խնդիրները ստանան քաղաքական եւ իրավական լուծումներ», - ասաց Բազեյանը, ավելացնելով. - «Այո, ունենք կասկածներ: Ես էլ կասկած ունեմ, որ Ռոբերտի եւ Սերժի մատը խառն է այս գործի մեջ: Բայց կասկածներով առաջնորդվել չենք կարող»:
Հանդիպման ժամանակ կրկին շոշափվեցին իշխանափոխության, իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հարցերը: «Այսօր ամբողջ հանրապետությունն է դարձել աղետի գոտի, եւ երկրում պետք է կարգ ու կանոն հաստատվի», - ասաց Ալբերտ Բազեյանը:
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, Բազեյանը ասաց. «Օրվա իշխանությունը այնքան է կտրված հասարակությունից եւ այնքան չի վայելում ժողովրդի վստահությունը, որ հսկայածավալ կեղծիքների պետք է դիմի, որպեսզի կարողանա վերընտրվել»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը բացառեց «նման ծավալի ընտրակեղծիքների հնարավորությունը Հայաստանում»:
Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի