Մատչելիության հղումներ

ԱՊՀ գագաթնաժողովի գլխավոր թեման ռուս-վրացական հարաբերություններն էին


Գարնան առաջին օրը այս տարի առաջին անգամ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Դա տեղի ունեցավ Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմա Աթիի մոտակայքում գտնվող Չիմբուլակ առողջարանում: Հայաստանի նախագահը առանձնազրույց է ունեցել նաեւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Մանրամասներ չեն հաղորդվում:

Թեեւ Թուրքմենստանի առաջնորդ Սապարմուրադ Նիյազովը շատ արագ հեռացավ գագաթնաժողովից, Ռոբերտ Քոչարյանը հասցրեց նրա հետ քննարկել Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարման հարցը: Ու նաեւ Թուրքմենբաշուն հրավիրեց Հայաստան: Այնպես որ այս տարի, ըստ երեւույթին, Թուրքմենիայի առաջնորդը կգա Երեւան:

Չիմբուլակ առողջարանում էին հավաքվել ԱՊՀ-ի բոլոր երկրների նախագահները, բացի Հեյդար Ալիեւից: Ադրբեջանի նախագահը երեկ ուշ երեկոյան միայն Ամերիկայից վերադարձավ Բաքու եւ օդանավակայանում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշակել են «սպեցիֆիկ առաջարկներ, որոնք չեն համընկնում Քի Ուեստի սկզբունքներին»:

Մինչդեռ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պնդում է, որ համանախագահների մոտեցումներում որեւէ փոփոխություն չկա:

Ղազախստանում տեղի ունեցած «առանց փողկապի» հանդիպումից հետո Պուտինն ու Շեւարդնաձեն լրագրողների առջեւ խոսեցին վերջին օրերի ամենահրատապ թեմայի՝ Վրաստանում ամերիկյան զինվորականների ներկայության մասին:

Էդուարդ Շեւարդնաձեն ասաց, որ գաղտնիք չկա՝ ամերիկացիները նախկինում օգնել են Վրաստանին սահմանապահ զորքերը կազմավորելու գործում, հիմա էլ հակաահաբեկչական ստորաբաժանում են նախապատրաստում: Իսկ Վլադիմիր Պուտինը կարծիք հայտնեց, որ դա ողբերգություն չէ, սակայն տարօրինակ է, որ Մոսկվան Վրաստանում ամերիկացիների ներկայության մասին հենց ամերիկացիներից է իմացել:

Այսօր «Իտերա» ընկերությունը հայտարարեց, որ պարտքի պատճառով դադարեցնում է գազի մատակարարումը Վրաստանին: Վրաստանի ֆինանսների նախարարությունը շուտափույտ միջոցներ է ձեռնարկում՝ մինչեւ երկուշաբթի անհրաժեշտ է 4 միլիոն դոլար հայթայթել, այլապես խողովակը վերջնականապես կփակվի:

Լարվածության լրացուցիչ աղբյուր են դառնալու վաղվա խորհրդարանական ընտրությունները Աբխազիայում: Վրաստանի խորհրդարանը դրանք արդեն անօրինական է հռչակել: Խոսակցություններ կան, որ նորընտիր խորհրդարանը կարող է հանրաքվե կազմակերպել Ռուսաստանին միանալու հարցով: Իսկ այսօր «Ինտերֆաքս»-ը հաղորդեց՝ Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբան նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով քննարկել Աբխազիան Ռուսաստանի Դաշնության ասոցիացված՝ այսինքն ընկերակցված անդամ դարձնելու հարցը:

Աբխազիայի մասին էին այսօր խոսում նաեւ Վրաստանի խորհրդարանում: Ավանդապաշտների առաջնորդ Ակակի Ասաթիանին ասաց՝ եթե ռուս պատգամավորները իրագործեն իրենց սպառնալիքը եւ երկուշաբթի օրը քննարկեն Աբխազիայի ճանաչման հարցը, մենք էլ կճանաչենք Չեչնիայի անկախությունը:

Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, սակայն, մի քիչ հանգստացրեց պատգամավորներին, հայտնելով, որ այսօր առավոտյան հեռախոսով խոսել է իր ռուս պաշտոնակից Գենադի Սելեզնյովի հետ, եւ վերջինս հավաստիացրել է, որ նման քննարկում Պետդումայում չի ծավալվելու:

Շեւարդնաձեի հետ այսօրվա հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իր հերթին Շեւարդնաձեն կարծիք հայտնեց, որ Աբխազիան պետք է հասկանա, որ երբեք անկախ պետություն կամ Ռուսաստանի Դաշնության ընկերակցված անդամ չի դառնա, որովհետեւ Ռուսաստանը դա չի ընդունի:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին նախագահի մամլո ծառայությունից, Երեւան կվերադառնա այսօր ուշ երեկոյան:


Ենթադրվում է, որ ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կկայանա Մոլդովայում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG