Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պերինայի հայտարարության շրջանակներում, թե քիուեսթյան բանակցությունները ոչ միայն չեն տապալվել, այլեւ 80%-ով կարգավորել են ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրները, եւ մնացած 20 տոկոսի մեջ էլ մտնում են երկրորդական, բայց՝ բարդ խնդիրներ, Առավոտ» թերթն այսօր տրամաբանում է. «Քանի որ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը դասվում է կարեւորագույնների շարքին, հետեւաբար, պետք է կարծել, որ այդ հարցում կողմերը համաձայնության եկել են։ Հետեւաբար, երբ Քոչարյանն ու Սարգսյանը հայտարարում են, թե Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի, դա մտնում է հիշյալ 80%-ի մեջ, եւ Ալիեւը այդ տեսակետը կիսում է։ Սակայն, իբր, դրա դիմաց մենք հարկադրված կլինենք զիջումների գնալ եւ վերադարձնել որոշ տարածքներ... Հենց տարածքների վերադարձն է, հավանաբար, դասվում երկրորդական, 20 տոկոսանոց հարցերի շարքին»։

«Մարդիկ, որոնք 98-ի պալատական հեղաշրջման համար պատրվակ էին դարձրել Ղարաբաղի հարցում նախորդ իշխանության «պարտվողական քաղաքականությունը», այժմ խոսում են հողերի վերադարձման հրամայականի մասին», - կապակցում է «Առավոտ»-ը, եզրափակելով. - «Պետք է ենթադրել, որ առաջին արձագանքը՝ դաշտային հրամանատարների զայրացկոտ հայտարարությունը, թե հողերի վերադարձի միտքն արդեն իսկ դավաճանություն է, միայն սկիզբն է։ Դա թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի համար բավական ծանր քաղաքական ժամանակներ է խոստանում, այն էլ՝ ընտրությունների շեմին։ Ելքը նորից մեկն է՝ հարցը ձգձգել գոնե մինչեւ ընտրությունները»։

Օրերս հայտարարությամբ հանդես եկած արցախյան պատերազմի մասնակից հրամանատարներին «Հայոց Աշխարհ» թերթը մի շարք հարցեր է ուղղել. «Ինչպե՞ս կարելի է վերջնագիր ներկայացնել խաղաղության գործընթացին մասնակից հայրենի իշխանավորներին՝ թքած ունենալով բանակցությունների տրամաբանության, միջազգային պրակտիկայում ընդունված խաղի կանոնների վրա: Հրամանատարներն, ի՞նչ է, անտեղյակ են, որ վերջիններս ի պաշտոնե պարտավոր են ծանրութեթեւ անել իրենց խոսքերը՝ հաշվի նստելով դիվանագիտության տարրական նորմերի հետ» եւ «Ո՞րն է խաղաղության գինը, եթե ազատագրված տարածքների մասնակի վերադարձը, որ ո'չ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ո'չ էլ լուսահոգի Վազգեն Սարգսյանը երբեւիցե կասկածի տակ չեն դրել, կտրականապես անընդունելի են համարում»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարներ Ալբերտ Բազեյանն ու Արամ Սարգսյանը երեկ իրենց կազմակերպության մեկամյակի առիթով հավաքում գնահատել են, թե Հայաստանում ոչ մի ոլորտում առաջընթաց չկա, նահանջներ են արձանագրվում եւ արտաքին քաղաքականության մեջ: Մասնավորապես, ղարաբաղյան հարցում էլ իշխանությունները վերադարձել են 97-ին ներկայացված առաջարկներին՝ «փուլայինի» փոքր-ինչ մոդիֆիկացված տարբերակին: Ինչպես փոխանցում է «Առավոտ»-ը, ելույթներում հաստատվել է, թե «Հանրապետություն»-ը կլինի այն «առանցքը, որը կփորձի համախմբել ընդդիմադիր դաշտը եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ընդդեմ Քոչարյանի»:

«Հայկական ժամանակ» թերթը սահմանում է, որ իր այս միջոցառմամբ «Հանրապետություն» կուսակցությունը հավաստեց. «Գարուն է գալիս, եւ սկսվում է քաղաքական բուռն գործունեության ու միջոցառումների շրջանը»:

«Ազգ» թերթում ներկայացնելով իրենց փաստարկները Ռոբերտ Քոչարյանի օգտին, ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը մասնավորապես նաեւ այսպիսի համեմատություններ է անում. ավելի լավ է իմ երկրի նախագահը «ժապավեն կտրողի» մականուն ունենա, քան այն, ինչ լսում էինք նախկինի մասին ոչ վաղ անցյալում: «Երկուսի համարձակության ցուցանիշը անհամեմատելի է, քանի որ նախկինին մի հատ «փշտ» արին, փախավ»:

«Ազգ»-ում այսօր բաժին է հասել եւ «իշխող» տիտղոսը կրող Հանրապետական կուսակցությանը: Մեկնաբանի ուրվագծմամբ, «մի կողմից ՀՀՇ-ն լիդերության է ձգտում աջ դաշտում, մյուս կողմից՝ ձախ ճամբարում նկատվող համախմբումները առողջ աջ քաղաքական ուժերին հնարավորություն չեն տալիս ինքնադրսեւորվելու եւ ընտրություններում լուրջ հավակնություններ ունենալու։ Դրա դեմ պայքարելու թերեւս միակ լուրջ միջոցը աջ քաղաքական ուժերի համախմբումը պետք է լիներ, որի գլխավոր հեղինակը, որպես իշխանական ուժ, հենց հանրապետականները պիտի լինեին»։ Բայց վերջիններս դեպի խորհրդարանական ընտրություններ այլ ուժերի հետ դաշինք կազմելու ցանկություն չունեն:

Ռամկավարների թերթում սա նկատելի բացասական վերաբերմունք է հարուցել, եւ մեկնաբանը ամփոփում է այսպես. «Անդրանիկ Մարգարյանը իր աթոռին այդքան էլ հարմար ու հանգիստ չի զգում։ Եթե մինչեւ ընտրություններ ընկած ժամանակահատվածում վարչապետը փոխվի, հանրապետականները կհայտարարեն, թե չեն պաշտպանելու Ռ. Քոչարյանի թեկնածությունը եւ չեն էլ պաշտպանի։ Եվ քանի որ աջ դաշտում առկա խոշոր ուժերը պաշտպանում են Ռ. Քոչարյանին, ապա այդ ժամանակ վերջիններիս հետ ՀՀԿ-ն մեկ միավորման մեջ պայքարել չէր կարող»։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում այսօր բանաձեւում է. «Վարչապետների փոփոխությունը ես շատ դրական երեւույթ եմ համարում այն դեպքում, երբ խնդիր կա անհապաղ զսպել քաղաքական ընթացիկ էմոցիաները: Ցավոք, ավելի հաճախ մեր իրականություն բախվում է պալատական էմոցիաները զսպել չցանկանալու եւ քաղաքական համբերություն պակասի իրողության հետ... Հենց վարչապետները սկսում են աշխատել՝ անմիջապես նրանց շուրջ սկիզբ է առնում ատելությունը: Վաղ թե ուշ՝ նաեւ նախագահի կողմից»: Ներկայումս, ըստ պարոն Բագրատյանի, Ռոբերտ Քոչարյանը վարչապետ փոխելու խնդիր չունի, քանզի «կա անփոփոխ կոնցեպտ, եւ կա կատարողը, որն իր պաշտոնավարության ընթացքում քաղաքական ու տնտեսական կոշտ սխալներ, համենայնդեպս, թույլ չի տվել»:

Պողոս Պողոսյանի եղբայրը շարունակում է միանշանակ վստահ մնալ, որ կատարվածը հատուկ դաժանությամբ տեղի ունեցած խմբակային սպանություն էր, եւ «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. «Քոչարյանը, որը տեսավ, թե ինչ դատավարություն կատարվեց, որը վնասում էր հիմնականում իրեն, արդեն պիտի միջմատի: Իսկ իր միջամտությունն ընդամենն այն պիտի լինի, որ թույլ չտա իրեն լավություն անողներին կեղծել դատական փաստերը»:

Սպանվածի եղբորը թվում է նաեւ, որ «արդեն վերաքննիչ դատարանում Դաշնակցությունը արդեն կխառնվի»: Համենայն դեպս նա դեռ սպասում է Դաշնակցության խոսքին: Իսկ ընդհանուր առմամբ վճռական է՝ գնալու մինչեւ վերջ, մինչեւ Եվրոդատարան:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG