Մատչելիության հղումներ

«Գազի գնի բարձրացում Հայաստանում չի սպասվում», - վստահեցնում է «Հայռուսգազարդ»-ի տնօրենը


Հայաստանում բնական գազամատակարարման մենատեր «Հայռուսգազարդ» հայ-ռուսաստանյան համատեղ ձեռնարկության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը լրագրողներին երեքշաբթի վստահեցրեց, որ առաջիկայում գազի սակագնի փոփոխություն չի լինելու:

Սահմանի վրա Հայաստանը կշարունակի 1000 խորանարդ մետր գազը ստանալ 55 դոլարով, թեեւ վառելիք մատակարարող Ռուսաստանում մարտի 1-ից գազի սակագները բարձրանալու են 20 տոկոսով:

«Գազի գնի բարձրացում Հայաստանում չի սպասվում», - ասաց Կարեն Կարապետյանը:

«Հայռուսգազարդ»-ը այս տարի ծրագրել է վերականգնել եւս 22,5 հազար բաժանորդի գազամատակարարումը՝ դրանց թիվը հասցնելով շուրջ 135 հազարի։ Նոր բաժանորդների կեսը, ըստ նրա, կլինի մայրաքաղաքից, մյուս կեսը հավասարաչափ բաշխված է լինելու մարզերի միջեւ։

Երեւանի գազամատակարման վերականգնումը, Կարապետյանի խոսքերով, տնտեսապես շահավետ քայլ է, ու առանձնապես մեծ ներդումներ չի պահանջում: Կարծես թե, այլեւս խնդրահարույց չի դիտվում նաեւ բազմահարկ շենքերի գազաֆիկացումը:

Գործադիր տնօրենն ասաց, որ «Հայռուսգազարդ»-ի մասնագետներն այժմ ծրագիր են մշակում, որը նախատեսում է գազամատակարարման վերականգման գործընթացի մեջ նաեւ մասնավոր ներդնողների ներգրավում։ Հատկապես տեխնիկապես բարդ է մայրաքաղաքի կենտրոնի գազամատակարման վերականգնումը, ինչի հետ կապված տեխնիկական բարդությունների հաղթահարման ուղիներ են որոնում ներկայումս «Հայռուսգազարդ»-ի մասնագետները:

«Հայռուսգազարդ»-ը մեկ այլ նորամուծություն էլ է առաջարկում, թերեւս, սպառողի համար ոչ այնքան հաճելի՝ կապված հաշվիչների արժեքի փոխհատուցման նոր կարգի հետ: Մինչ այժմ, գազահաշվիչների դիմաց վճարած 40 հազար դրամը բաժանորդը ետ էր ստանում տեղադրումից անմիջապես հետո՝ սպառած գազի տեսքով, այսուհետ, այդ փոխհատուցումը կտրվի միայն մեկ տարի անց:

«Հայռուսգազարդ»ը համագործակցության է տրամադրված ոչ միայն բնակիչների, այլեւ գազ սպառող խոշոր արտադրական ձեռնարկությունների նկատմամբ, մասնավորապես, գազի դիմաց մեծ պարտքեր ունեցող «Նաիրիտ»-ի:

«Մենք շահագրգռված ենք, որ «Նաիրիտ»-ը աշխատի որպես խոշոր սպառող», - ասաց Կարեն Կարապետյանը, ավելացնելով. - «Որեւէ սպառողի պարտք «Հայռուսգազարդ»-ը երբեւիցե չի ներելու, չի զիջելու: Այլ խնդիր է, որպեսզի, հասկանալով մեր գործընկերոջ խնդիրները, մենք վերադարձի իրատեսական ծրագիր մշակենք»: Կարապետյանը հույս հայտնեց, որ պարտք ունեցող ձեռնակությունների հետ արդեն ընթացող քննարկումները դրական արդյունքների կհանգեցնեն:

Թեեւ «Հայռուսգազարդ»-ի տնօրենը գոհ է վաճառված գազի դիմաց գումարների հավաքագրումից, դրա հետ մեկտեղ դեմ չէ բարելավմանը: Ուստի նախատեսում է ներդնել, այսպես կոչված, հավատարմագրային կառավարման ինստիտուտը, երբ որեւէ մասնավոր ընկերություն կստանձնի վերջնական սպառողներին գազի վաճառքի գործը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG