Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Օրվա հասարակական պատրանքները «Առավոտ» թերթը ուրվագծել է այսպես. «Հայհոյում ենք մեր կառավարիչներին՝ այն ակնկալիքով, թե նրանցից հետո վերջապես կգան լավերը։ Եթե, իհարկե, այդ վատերը մեզ հնարավորություն տան ընտրելու էն լավերին, որոնք կլինեն ազնիվ, հայրենասեր, երկիրը կառավարելուն ունակ եւ ժողովրդավարության զարգացումը խթանող»:

Բայցեւ՝ «Լավերը շատ արագ են դառնում վատը եւ սկսում կառուցել շքեղ առանձնատներ... Թե' նախկինների, թե' ներկաների օրոք կաշառակերությունը ծաղկում է, արտագաղթը՝ նոր ծավալներ ստանում, պաշտոնյաները գողանում են, ժողովուրդն՝ աղքատանում... Այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեզ կզգանք ոչ թե այս երկրի քաղաքացիներ, այլ ոմանց ենթականեր, որոնց հետ ոչ ոք հաշվի չի նստում»։

Հինունոր մեծամեծների վայելքների էվոլյուցիայի շարքում «Առավոտ»-ը այսօր ներկայացնում է կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի եւ Երեւանի ներքին գործերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանի հարեւան առանձնատների խոսուն պատմությունը: Առաջինի շինարարությունը հիմա կանգնել է, երկրորդինը, որին ճակատագիրն ու պաշտոնը դեռեւս ժպտում են, արագ կառուցապատմամբ առաջ է ընթանում: «Գիզիրյանը սովետի օրոք, հաստատ, տրեստի կառավարիչ չի եղել», - նախագահ Քոչարյանին է ակնարկում թղթակիցը: - Նա ընդամենը սովորական մի ոստիկան է եղել, որ ճիշտ օգտագործելով իրավիճակը բոլորի օրոք կարողացել է կարիերա անել՝ առավելագույնս օգտվելով ամեն ինչից:

Հրապարակումների այս շարքի հեղինակը այսօր նաեւ ի մի է բերել, որ որեւէ գործնական արձագանք երկրի ղեկավարներից այդպես էլ չեղավ: Ավելին, ստացվում է շահեցին հենց այդ բացահայտված դղյակների տեր պաշտոնյաները, որ այս անպտուղ հրապարակումներից հետո «վաստակած» հանգստությամբ են վայելում իրենց ապարանքները:

Ազգային վիճակագրության ծառայությունը «երեկ հերթական նվերը մատուցեց իր ժողովրդին: Տնտեսական հարատեւ թռիչքը շարունակվում է», - այդ գերատեսչության ղեկավար Ստեփան Մնացականյանի ասուլիսին է դառնում «Հայկական ժամանակ»-ը՝ կանխատեսելով, որ «առաջիկա մի շաբաթը «պետականամետ» լրատվամիջոցները իրենց ողջ էներգիան կծախսեն այդ զեկույցի «ամենայուղոտ» մասերը հանրությանը ներկայացնելու համար»:

«Մեր բնակչությունը, անշուշտ, իր մաշկի վրա զգացել է, որ դեկտեմբերին իր եկամուտները մոտ կրկնակի անգամ ավելի են եղել, քան նոյեմբերին: Եթե չի զգացել, ապա թող նայի զեկույցի 10-րդ էջի 2-րդ տողը», - ներշնչման օրինակ է բերում «Հայկական ժամանակ»-ը:

Նույն թերթի հայացքով՝ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը գնալով ավելի ու ավելի անհասկանալի դրսեւորումներ է ստանում: Հերթական տարօրինակությունը երեկ դատարանի դահլիճում գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հայտարարությունն էր. «Դատավարությունը դառնում է դավադրություն իշխանությունը զավթելու նպատակով»: Թե որն է Հունանյանի այս հայտարարության նպատակը, մեկնաբանն առայժմ դժվարանում է հասկանալ, կարծում է, սակայն, որ այն ունի հստակ հասցեատեր, ում որոշակի մի բան է հուշվում:

Իսկ ահա «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի բանաձեւմամբ՝ «Ակներեւ է, որ Նաիրի Հունանյանը նման հայտարարություններով փորձում է հանդես գալ իբր նախագահի պաշտպանի դիրքերից, այդպիսով հանրության մոտ հեռուն գնացող ինչ-ինչ ենթադրություններ արմատավորելով»:

Հրապարակախոս, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. «Պետության եւ ժողովրդի ճակատագրի վրա անջնջելի հետք թողած Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը երբեք չէր կարող պատահել, որ նույն չափ ու կշռին ենթարկեին Եվրախորհրդի անդամ մնալ-չմնալու եւ ոմն Հունանյանի գնդակահարության հարցը»:

Ինչ վերաբերում է դատավարության հասարակական հնչեղությանը, Ալվարդ Պետրոսյանը նշում է. «Ոմանք թամաշա են ուզում, իսկ հասարակությունը պարբերաբար թամաշաների մեջ չի կարող լինել... Մեր երկրում մարդիկ բազում պրոբլեմներ ունեն եւ չեն կարող անվերջ թամաշայի մասնակից դառնալ, դուրս գալ փողոց: Հո խելագարների երկիր չե՞նք»:

Նրա գնահատմամբ՝ «Այն վիճակն էլ չի՝ որ դանակը ոսկորին է հասել: Մարդիկ, այնուամենայնիվ, ստվերային, ոչ ստվերային, ինչ-որ բան գտել են ապրելու»: Տիկին Պետրոսյանը նաեւ կոչով դիմում է մեր պաշտոնյաներին՝ դրսեւորելու բարեսիրություն, մեծահոգություն. «Չե՞նք կարող, չէ՞, այսպես շարունակել՝ մեր գենոֆոնդը դարձնել պալատներում հղացվող: Չէ՞ որ հայտնի է՝ հողից ու գյուղից է սերում մեր գենոֆոնդը»:

«Հայոց Աշխարհ»-ի տեսաբանն այսօր գծագրում է, թե նախկինները հիանալի հասկանում են, որ իշխանության գլուխ իրենց վերադարձը հնարավոր է միայն գալիք նախագահական ընտրություններում Ռուսաստան - Արեւմուտք սուր եւ բեւեռացված հակադրության արդյունքում: Ուստի այժմվանից քայլեր են ձեռնարկում այդպիսի մթնոլորտ ձեւավորելու ուղղությամբ, իրենց լրատվամիջոցներում գնալով ավելի գերիշխող են դարձնում հակառուսական տրամադրությունները, նպատակ հետապնդելով ավելի ընդունելի երեւալու Արեւմուտքի աչքում: Բայց, - իր կողմից սթափեցնում է տեսաբանը, - «սկզբունքորեն թե' Ռուսաստանի, թե' Միացյալ Նահանգների եւ թե' Եվրոպայի համար կարեւոր է մեկ բան. Անդրկովկասում պետք է լինել կանխատեսելի քաղաքականություն վարող վարչակարգեր: Հայաստանի գործող նախագահը... կարողացել է վաստակել այդպիսի հեղինակություն»:

Վերլուծության հեղինակը լավատես երանգով ամփոփել է, որ, ավելին, բնավ չի բացառվում, որ շուտով ԱՊՀ տարածքը Արեւմուտքի համաձայնությամբ հայտնվի Ռուսաստանի աշխարհաքաղաքական գերակայության դաշտում: Իսկ նման զարգացումների դեպքում Մոսկվան ինքնաբերաբար իր վրա կվերցնի նաեւ ազդեցության գոտիներում գնտվող երկրների վարչակարգերի միանձնյա վերահսկման խնդիրը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG