Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի դասախոսների հետ երեկվա հանդիպման ժամանակ՝ խոսելով կադրային քաղաքականությունից, հայտարարեց. «Թայֆայությունը մեր ամենամեծ չարիքներից է»։ «Այդուհանդերձ», - գնահատում է «Առավոտ» թերթը, - «նա միանգամայն «թայֆայաբար» պաշտպանեց դղյակներ կառուցող իր կոռումպացված ստորադասներին եւ կոչ արեց զբաղվել միայն նախկին պաշտոնյաների դղյակներով»։

«Կաշառակեր ու դղյակներ կառուցող պաշտոնյաների մասին շատ կոնկրետ ու միակ համարձակ հարցին Ռ. Քոչարյանը ամենեւին էլ կոնկրետ չպատասխանեց», - շեշտում է «Առավոտ»-ի մեկնաբանը, ավելացնելով, որ նախագահի պատասխանը ընդամենը մղում է ենթադրելու, թե «սովետի ժամանակ ազգային անվտանգության ներկայիս նախարար Կառլոս Պետրոսյանը, փոխնախարար Գրիշա Հարությունյանը, ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը, մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանը կամ Պարույր Հայրիկյանը տրեստի չբացահայտված կառավարիչներ են եղել»։

«Դասախոսների տված հարցերից կարելի էր տպավորություն ստանալ, թե դահլիճում գտնվող բոլոր անձինք անխտիր ռամկավարներ են», - չբավարարված ի մի է բերում «Հայկական ժամանակ»-ը, ի վերջո ընդհանրացնելով. - «Ինչպիսին նախագահն է, այնպիսին համալսարանն է, այնպիսին դասախոսներն են»:

Իսկ ներքաղաքական կյանքին վերաբերող օրվա ամենակարեւոր հաղորդագրությունը, ըստ «Հայկական ժամանակ»-ի այն էր, որ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Օրդուեյի հետ: «Կարծիք կա, թե ամերիկացիները շոշափում են ներքաղաքական դաշտը եւ փորձում են գտնել մեկին, որը կարող է դառնալ Քոչարյանի իշխանության ժառանգորդ», - ակնարկում է թերթը:

«Առավոտ»-ի լրատվությամբ՝ «Հայաստանյան իշխանական ետնաբեմում համառ լուրեր են պտտվում Լեռնային Ղարաբաղում այս ապրիլին ԼՂՀ նախագահի արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին»: Նման խոսակցություններ կան նաեւ Ղարաբաղի իշխանական պատերի ներսում, եւ իրադարձությունների այդպիսի զարգացում տեսնելու հայաստանյան իշխանությունների ու ԼՂՀ նախագահ Ղուկասյանի ցանկությունները համընկել են: Ինչ վերաբերում է շարժառիթներին, «Առավոտ»-ում մեկնաբանված է, թե Ղուկասյանը չէր ուզի պատասխանատվության ստանձնել հակամարտության կարգավորման զիջողական տարբերակի համար:

Իսկ որ կարգավորման փաստաթղթի ստորագրումը մոտ ապագայում հնարավոր է, հիմնավորվում է այսպես. «Արեւմուտքին ավելի շատ պետք է այնպիսի նախագահ, որը կստորագրի կարգավորման փաստաթուղթը եւ կմնա նախագահ՝ կրելով դրա պատասխանատվությունը»: Ղուկասյանին հեռացնելու՝ Հայաստանի իշխանությունների շահագրգռությունն էլ պայմանավորվում է նրանով, որ Ղարաբաղում աճում է դժգոհությունը նրանից, նա ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտպանյալ, վերջիններիս վրա էլ մեծ ծանրություն է պատասխանատվություն կրել միաժամանակ թե' Հայաստանի, թե' Ղարաբաղի անմխիթար վիճակի համար:

«Հոկտեմբերի 27»-ի դատավարության մեկ տարվա ամփոփումները «Հայոց Աշխարհ» թերթում ընդհանուր առմամբ փոխանցում են թե' քաղաքական գործիչների, թե' փաստաբանների գնահատականը, որ արտառոց բաներ չգրացվեցին, ընթացքը համապատասխանում է օրենքի պահանջներին, իսկ վերջնական արժեվորումը հնարավոր կլինի միայն երկար ժամանակ հետո:

Կարեն Դեմիրճյանի շահերի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը «Առավոտ»-ում հատուկ առանձնացնում է. «Մահապատժի վերացման պահանջի մասին խոսակցությունները բավականին նկատելի ազդեցություն են ունենում «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարության վրա»:

«Իմ մտավախությունն այն է, որ այս ամենը հենց այն հնարավոր խոստումների շարանն է, որ տրվել է ամբաստանյալներին», - ասում է փաստաբանը։ - «Ես օրեցօր, վայրկյան առ վայրկյան զգում եմ, որ սրանց լկտիությունը ուղղակի կապված է մամուլում որոշ հրապարակումների հետ։ Այս քրեական գործի մեջքը մեկ անգամ կոտրվեց համաներում կիրառելով, երկրորդը մահապատիժն է։ Եվ եթե ընդունվի վերացման մասին օրենքը, ես կարծում եմ, որ քրեական գործը վերականգնելու եւ ճշմարտությունը բացահայտելու սպասելիքները վերջնականապես կխորտակվեն»։

Վերջին օրերին լայն քննարկման առարկա է դարձել Հայաստան - Իսրայել հարաբերությունների հարցը: «Երկկողմ հարաբերությունների ոլորտում կողմերը լուրջ խնդիրներ չունեն: Ուստի Հայաստանն ու Իսրայելը խուսափում են միմյանց անմիջական հակառակորդների հետ ռազմական բնագավառում համագործակցելուց», - նշում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Սակայն Հայաստանի եւ Իսրայելի նման պահվածքը նախատեսում է առնվազն չեզոք դիրքորոշումների որդեգրում նաեւ մյուս կարեւոր հարցերում, որոնց շարքում մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Այստեղ Իսրայելը ոչ միայն չեզոք դիրք չունի, այլեւ փաստորեն կրկնում է իրադարձությունների թուրքական վարկածը»:

Մեկնաբանի ձեւակերպմամբ՝ «գենոցիդային շովինիզմով... Իսրայելը ակնհայտորեն ցույց է տալիս իր մեծապետական նկրտումները եւ մեխանիկորեն հայտնվում ցեղասպանության ենթարկված մյուս ժողովուրդների, այդ թվում նաեւ հայերի ընդդիմախոսների շարքում: Նման պայմաններում միջպետական առումով առանձնապես լուրջ պրոբլեմներ չունեցող երկու երկրներն ու ժողովուրդները կարող են դառնալ (եթե արդեն չեն դարձել) սկզբունքային հակառակորդներ՝ միջազգային ատյաններում»:

«Ազգ» թերթում ներկայացվող հերթական արձագանքում ընդգծված է, որ «Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի վերջերս արած անընդունելի հայտարարությունը... անտեսելը մեզ էլ մեղսակից կդարձներ Հայոց ցեղասպանության նրա ժխտումներին եւ կխրախուսեր այլ պետությունների ներկայացուցիչներին վարվելու նույն ձեւով»: Այստեղ, ինչպես եւ «Գոլոս Արմենիի» թերթում դրվում է իսրայելցի դիվանագետին Հայաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու, դիվանագիտական այլ խիստ քայլեր ձեռնարկելու հարցը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG